Հայկական Իրան

Հայկական Իրան

Երկու հարևան երկրի միջև վիզաների չեղարկման հետքերով

Հայաստանն ու Իրանը հրաժարվեցին մուտքի արտոնագրային ռեժիմից: Հայաստանը վաղուց արդեն սիրված ուղղություն է դարձել իրանցի զբոսաշրջիկների համար, սակայն հայերը շատ ավելի հազվադեպ են Իրան այցելում:

PanARMENIAN.Net - Երկու երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկման կապակցությամբ PanARMENIAN.Net ը ներկայացնում է Իրանի տարածքում գտնվող՝ ճանաչողական նշանակության հայկական պատմական բնակավայրերն ու պատմամշակութային մեծ արժեք ունեցող հուշարձանները։ Նախորդ մասում ներկայացվել են Իրանում հայկական եկեղեցական կառույցների մի շարք ուշագրավ օրինակներ։

Իրան այցելող հայ զբոսաշրջիկները, բացի արդեն գոյություն ունեցող ավանդական երթուղիներից, կարող են ընտրել նաև լրացուցիչ կամ այլընտրանքային և շատ հետաքրքիր նոր երթուղիներ, այցելել հայկական հետքը կրող մի շարք նոր վայրեր։

Սուրբ Թադեի վանք և Ծործորի եկեղեցի այցելելուց հետո կարելի է ուղևորվել նաև Մակու քաղաք, որը պատմական Վասպուրական նահանգի Արտազ գավառի կենտրոնն էր։ Մինչև ուշ միջնադար գրեթե զուտ հայաբնակ Մակուն նաև Եղիշե Չարենցի ծնողների հայրենի քաղաքն է։ Թեև բուն քաղաքում պահպանված հայկական հուշարձաններ այսօր չկան, սակայն Ամատունիների իշխանական կալվածքի հայաշունչ անցյալը արժի վերհիշել հենց Մակվում։

Մակվից մոտ 10 կմ հյուսիս՝ Իրան-Թուրքիա սահմանին մոտ, կարելի է այցելել նաև Բազարգան քաղաք, որտեղից հրաշալի և հայաստանցիների համար անսովոր մի տեսարան է բացվում դեպի Մեծ և Փոքր Մասիսները։ Մակվի շրջանում ուղևորվելիս արժե կանգ առնել նաև Զանգմար (Մակու) գետի ափին, որը ենթադրաբար Ավարայրի ճակատամարտից հայտնի Տղմուտ գետն է։

Մակվից կարելի է ուղևորվել դեպի պատմական Պարսկահայք նահանգի տարածքում գտնվող Սալմաստ՝ ճանապարհին այցելելով նաև միջնադարում նշանավոր Խոյ (Հեր)` նշանավոր միջնադարյան բժիշկ Մխիթար Հերացու հայրենի քաղաքը։

Սալմաստ քաղաքում և հարակից շրջանում հայկական առայսօր պահպանված բազմաթիվ հետքեր կան՝ եկեղեցիներ, հին բնակավայրերի ավերակներ, բերդեր, կամուրջներ և այլն։ Այստեղ նաև հանագույն ժամանակներից ապրող, սակայն այսօր արդեն շատ փոքրաթիվ տեղաբնիկ հայ բնակչություն կա։ Պատմական Զարեհավան բնակավայրի շուրջ կառուցված Սալմաստի մոտակայքում՝ Դիլմանի ճակատամարտում 1915 թ․ ապրիլին Անդրանիկը պարտության մատնեց դեպի Անդրկովկաս արշավող թուրքական գերազանցող ուժերին։

Դեռևս 20-րդ դարի սկզբին Սալմաստի գավառում շուրջ 75 հայկական բնակավայր ու մոտ երեք տասնյակ գործող եկեղեցի կային։ Ներկայում կանգուն են 13-րդ դարի սկզբի սբ․Գևորգ, Սբ Զորեն (15-րդ դ), Սբ Աստվածածին, Սբ Հակոբ (19-րդ դար) և ավելի քան տասը այլ եկեղեցիներ՝ կանգուն և կիսականգուն։

Սալմաստից 20 կմ դեպի հյուսիս-արևմուտք դեռևս նկատելի են 19-րդ դարի հայ ազգային-ազատագրական պայքարում մեծ դեր խաղացած Դերիկի վանքի ավերակները։ Հենց Դերիկի Սբ Աստվածածին վանքում են հանգրվանել դեպի Արևմտյան Հայաստան արշավող արևելահայ կամավորները, կռվել տեղի քրդական ուժերի դեմ։

Սալմաստի գավառի՝ նախկինում հայաբնակ Հաֆթվան գյուղում պետական խնամքի ներքո կանգուն է Սուրբ Գևորգ գործող եկեղեցին (1652 թ․), որտեղ պարբերաբար այցելում են հայ ուխտավորները։ 19-րդ դարի հեղինակները Հաֆթվանը ներկայացնում են որպես մի գյուղ, որն ունեցել է հոգևոր և մշակութային բարձր մակարդակ, մի քանի եկեղեցի, դպրոց, թատրոն և գրադարան։ Այժմ կանգուն է միայն Սբ Գևորգ եկեղեցին։

Սալմաստի գավառի՝ նախկինում հայաբնակ գյուղերից է նաև Փայաջուկը, որտեղ պահպանվել են նշանավոր վիպասան Րաֆֆու հայրենի տան ավերակները։ Տունն այժմ պարսպապատ է և ուխտատեղի է իրանահայերի համար։

Հայկական հուշարձանների մասամբ պահպանված հետքեր կան նաև Սալմաստի Մահլամ, Սառնա և այլ գյուղերում։ Նախքան 1946-47 թթ․ դեպի Խորհրդային Հայաստան ներգաղթի ալիքը, Հավթվանը, Փայաջուկը, Սավրան, Մահլամը և շրջակա մի քանի գյուղեր գրեթե բցառապես հայաբնակ էին, այժմ սակավաթիվ հայեր են բնակվում։

Ուրմիայի շրջանը ևս նախկինում զգալի չափով հայաբնակ է եղել։ Ներկայում, բացի Ուրմիա քաղաքից, հայ բնակչություն կա Գարդաբադ գյուղում։ Կանգուն է Գարդաբադի Սբ Գևորգ եկեղեցին (17-րդ դար)։

Իրանում ճամփորդելիս անհնար է չտեսնել Հայկական լեռնաշխարհի ամենամեծ՝ Ուրմիա (Կապուտան) լիճը։ Թեև վերջին տարիներին բնապահպանական լուրջ խնդիրների պատճառով լճի հայելու մակերեսը բավական փոքրացել է, սակայն Ուրմիա քաղաքի ուղղությամբ վերջին տարիներին լճի վրա կառուցված և մի ափը մյուսին միացնող պատնեշ-կամուրջով երթևեկելիս կարելի է հիանալ աղի լճի տեսարաններով, ինչպես նաև լողանալ Ուրմիա լճում։

Լիճն անցնելով՝ կարելի է այցելել Թավրիզ, որտեղ առայսօր հայկական բավական մեծ համայնք կա։ Թավրիզում, ի թիվս բազմաթիվ տեսարժան վայրերի, կարելի է տեսնել Ատրպատականի Հայոց ազգային առաջնորդարանը, Սբ Մարիամ Աստվածածին (1782 թ․), Սբ Սարգիս (1845թ․) եկեղեցիները։

Սամսոն Հովհաննիսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ

Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---