Արհեստական արգանդը` բնական հղիության այլընտրանք

Արհեստական արգանդը` բնական հղիության այլընտրանք

Գիտնականներն ուզում են մեծացնել մանկան ապրելու շանսը

Հղիության նվազագույն ժամկետը, երբ երեխան կենսունակ է համարվում մոր մարմնից դուրս, 20-22 շաբաթն է, երբ պտղի մարմնի քաշը մոտ 400 գ է:

PanARMENIAN.Net - Այդպիսի նորածինների խնամքն իրականացվում է կյուվեզի (հատուկ ինկուբատոր, որտեղ պահպանվում է օպտիմալ ջերմաստիճան և խոնավություն) պայմաններում, արհեստական շնչառության և բազում այլ թանկարժեք սարքերի օգնությամբ: Սակայն, նույնիսկ ամենաարդիական միջոցները թույլ չեն տալիս մի միջավայր ստեղծել, որը համարժեք կլինի մոր օրգանիզմում պտղի հասունացման պայմաններին: Ուստի հաջողվում է փրկել ոչ բոլոր մանուկներին, իսկ ապրողներից շատերը, որոնք ժամկետից շատ շուտ են ծնվել, հաճախ առողջական խնդիրներ են ունենում:

Արգանդը, որտեղ զարգանում է սաղմը և հասունանում է պտուղը, յուրօրինակ եռաշերտ մկանային «պարկ է», որտեղ համակարգված գործում են պերիմետրիումը (արտաքին շերտ), միոմետրիումը (միջանկյալ) և էնդոմետրիումը, որը ներսից է պատում արգանդը: Սաղմի զարգացման գործընթացը լավ է ուսումնասիրված. զիգոտը ներթափանցում է արգանդի մեջ, ձևավորվում է ընկերքը և ամնիոտիկ պարկը: Աճող սաղմի շուրջ հեղուկ է կուտակվում, որտեղ մշտապես շրջանառվում են հորմոններ, ընկերքի միջոցով մատակարարվում է արյուն, թթվածին ու սննդարար նյութեր: Փաստացի պտուղը զարգանում է յուրօրինակ «բարձրտեխնոլոգիական ակվարիումում»:

Սակայն վերարտադրել այդ «ակվարիումն» իր ամբողջ բնական կառուցվածքով, դինամիկայով և մոլեկուլյար կապերով, որոնք ապահովում են նրա գործունեությունը, չափազանց բարդ խնդիր է, առավել ևս մոր օրգանիզմի հետ կենսաքիմիական հաղորդակցությունների ամբողջական արհեստական վերարտադրումը:

Գաղափարը

Տեխնոլոգիաները տեղում չեն դոփում: Գիտնականները փորձում են բեկման հասնել այդ ուղղությամբ` ավելացնելու համար անհաս ծնված երեխաների ապրելու շանսերը: Սակայն, ղեկավարվելով վաղաժամ ծնված երեխաների փրկության առաջնային գաղափարով, գիտնականներն արդեն աշխատում են արհեստական արգանդի ստեղծման վրա, որտեղ հնարավոր կլինի աճեցնել սաղմն ամբողջ 9 ամսվա ընթացքում: Ըստ գիտնականների հայտարարությունների, դա հնարավոր կդառնա արդեն առաջիկա մի քանի տարում: Հանուն արդարության պետք է ասել, որ արհեստական ճանապարհով մարդու (այսպես կոչված հոմունկուլուսի) ստեղծման գաղափարը գրավել է գիտնականներին հնուց ի վեր: Այդ հեղափոխական գաղափարը բազում հակասական բարոյաէթիկական խնդիրներ է առաջ բերում: Այն հղի է մարդկային ամբողջ հասարակության խորքային փոփոխությունների ահեղ սպառնալիքով: Այդ հարցերը վաղ թե ուշ հարկ կլինի լուծել, քանի որ տեխնիկական առաջընթացն անհնար է կասեցնել:

Մոր և մանկան հարաբերությունները ձևավորվում են սաղմնավորման պահից: Հղի կնոջ օրգանիզմը լուրջ վերափոխման է ենթարկվում ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանական առումով: Փոխվում է նաև մոր կողքին գտնվող ապագա հոր աշխարհընկալումը: Հենց այդ ժամանակ է առաջանում սերը փոքրիկ մարդուկի հանդեպ, որը դեռ նոր է ծնվելու: 9-ամսյա սպասումը, հղիության դժվարությունները, ցավոտ ծննդաբերությունը բարձրացնում են երեխայի «արժեքը» ծնողների աչքերում: Արդյո՞ք մարդիկ նույն քնքշությամբ կվերաբերվեն իրենց զավակներին, որոնք կհայտնվեն գործնականում առանց իրենց մասնակցության: Եվ վերջապես, որքանո՞վ արհեստական ճանապարհով աճեցված երեխայի հոգեկերտվածքը կհամապատասխանի իր մարդկային նույնականացման պարամետրերին:

Տեխնոլոգիան

Տրամաբանական է ենթադրել, որ սկզբում արհեստական արգանդը կկիրառվի միայն ըստ բժշկական ցուցումների: Սակայն հետագայում կանանց մոտ կարող է ցանկություն առաջանալ երեխա լույս աշխարհ բերելու իրենց պարտականությունը մեքենայի վրա բարդել` ցանկանալով զերծ մնալ հղիության և ծննդաբերության հետ կապված դժվարություններից:

Արհեստական արգանդը պտղի հասունացման համար նախատեսված բարդ սարք է, որը լիարժեք փոխարինում է կենդանի էակի արգանդը: Մոր մարմնից դուրս սաղմի լիարժեք զարգացման համար պայմանների ստեղծումը թույլ կտար նպաստել առողջ երեխաների ծնվելուն:

Այդ ուղղությամբ առաջին զգալի հաջողությունը գրանցվել է 1997-ին, որի հեղինակն է Տոկիոյի համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի պրոֆեսոր Յոշիմորի Կուվաբարան, որը զբաղվում էր անհասության խնդրով: Այծերի վրա կատարված իր փորձերում նա սինթետիկ ամնիոտիկ հեղուկով պլաստիկ անոթի մեջ էր դնում 17-18-շաբաթական սաղմերը: Հեղուկը կոչված էր նմանակելու մոր օրգանիզմի բնական միջավայրը: Ի սկզբանե այդ բարդ դինամիկ միջավայրը բաղկացած էր ջրից ու էլեկտրոլիտներից, որի մեջ հետո ըստ սխեմայի ներարկում էին սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրածնային միացություններ, տարբեր հորմոններ և ֆերմենտներ, հակամիկրոբային նյութեր ու միզանյութ:

Էքսպերիմենտի ընթացքում արհեստական միջավայրում պտղի կյանքի տևողությունը եղավ 3 շաբաթ, սակայն հաջող ավարտին այն հասցնել այդպես էլ չստացվեց: Այնուամենայնիվ տարիների փորձից հետո ճապոնացիները կարողացան կատարելության հասցնել կյանքի ապահովման եղանակներն արհեստական արգանդում: Հայտնաբերվեցին պոլիմերներ, որոնք կարող են փոխարինել բնական հյուսվածքները, սակայն առայժմ ճապոնացիները գերադասում են չբարձրաձայնել դա` մտավախություն ունենալով, որ ցանկացած անզգույշ բառը կարող է հասնել մրցակիցներին:

Այսօր աշխարհում կենսատեխնոլոգիական լաբորատորիաներն իսկական մրցավազք են սկսել մարդու արհեստական աճեցման համար գործող տեխնոլոգիաների ստեղծման իրավունք ստանալու համար: Արհեստական արգանդի ստեղծման իրենց ծրագրերն ունեն ինչպես ամերիկացիները, այնպես էլ կորեացիներն ու եվրոպացիները:

Ամենահետաքրքիր նախագիծը մշակել են Քորնելի համալսարանի արհեստական բեղմնավորման և վերարտադրողական բժշկության կենտրոնի գիտնականները, որոնց հաջողվել է կանանցից վերցրած ցողունային բջիջներից կանացի արգանդի նման բան ստանալ: Կատարվել են նաև արհեստական բեղմնավորման փորձեր և, ինչպես հավաստիացրել է լրագրողներին հետազոտական խմբի ղեկավար դոկտոր Հան Չին Լիուն, սաղմերը բարեհաջող կերպով կպել են արհեստական արգանդների պատերին: Սակայն շուտով էքսպերիմենտները դադարեցվեցին մի շարք բարոյական և էթիկական նկատառումներով: Սակայն փաստը մնում է փաստ` աշխարհի տարբեր լաբորատորիաներում աշխատում են արհեստական արգանդի կատարելագործման վրա, իսկ դա նշանակում է, որ որակական բեկումը հետազոտություններում անխուսափելի է:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---