// IP Marketing video - START// IP Marketing video - END
Հույսը ծովից

Հույսը ծովից

Ինչպես դասավորվեց մուսալեռցիներին փրկած ռազմանավի ճակատագիրը

1915 թվականի սեպտեմբերի 5-ին ֆրանսիական Միջերկրական ծովի արևելյան մասում նավարկող ֆրանսիական 3-րդ տորմիղի «Գիշեն» մարտանավի անձնակազմը թուրքական ափերին նկատեց հսկայական սպիտակ դրոշներ: Դրոշներից մեկը կարմիր խաչով էր, մյուսը՝ «Քրիստոնյաները վտանգի մեջ են, փրկեք» անգլալեզու գրությամբ: Նավապետ Ժոզեֆ Բրիսոնը կարգադրեց մակույկներ իջեցնել և հետախուզել իրավիճակը: Ափից դեպի մակույկները լողորդներ նետվեցին, որոնց նավ բարձրացրին:

PanARMENIAN.Net - Պարզվեց, որ լողորդներն ափամերձ գյուղերի հայերն են: Նրանք Բրիսոնին անգլերեն լեզվով գրված նամակ փոխանցեցին՝ օգնություն աղերսելով: «Գիշենը» փրկության հիմնական հույսն էր Հայոց ցեղասպանության տարիներին հայկական դիմադրության ամենահամարձակ ու հաջողված դրվագներից մեկի՝ Մուսա լեռան 53-օրյա լեգենդար պաշտպանության մասնակիցների համար:

«Գիշենի» հայտնվելուց մոտ մեկ ամիս առաջ՝ 1915-ի օգոստոսի 2-ին հազարավոր հայեր Անթաքյայի շրջանից (այժմ Սիրիային սահմանակից Հաթայ գավառ) հրաժարվեցին ենթարկվել բռնագաղթի հրամանին: 4300 մարդ լեռը բարձրացավ և դիրքավորվեց այնտեղ՝ պատրաստվելով դիմադրության: Նրանցից միայն 500 էր մարտիկ, հայերն ունեին մոտ 200-250 հին որսորդական հրացան, 100-130 լավ հունական հրացան և մի քանի «մաուզեր»: Հաջող պաշտպանության մի քանի շաբաթվա ընթացքում մուսալեռցիները հյուծվել էին, սակայն չէին կորցնում հույսն ու մշակում էին փրկության տարբեր պլաններ: Հալեպ սուրհանդակ ուղարկվեց՝ ԱՄՆ հյուպատոսին ուղղված ուղերձով, սակայն նա չհասավ նպատակին: Սեպտեմբերի 2-ից սկսած 3 լողորդ մշտապես հերթապահում էր ափին՝ պատրաստ լինելով լողալով հասնել ացնող ցանկացած նավի:

Դիմադրության մասնակիցներից մեկի հրացանը (Մուսա լեռան պատմության թանգարանի ցուցանմուշներից)

«Գիշենը» ճիշտ ժամանակին հայտնվեց՝ հայերի զինամթերքն արդեն վերջանում էր: Լսելով լողորդներին՝ նավապետ Բրիսենը իր հիացմունքը հայտնեց դիմադրության մասնակիցներին և հեռագրեց նավատորմի նավապետ, ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեին: Վերջինս հայերին օգնելու խնդրագիր է ուղարկում վերին ատյաններին: Չսահմանափակվելով հեռագրով՝ Բրիսենը հրամայում է «Գիշենին» կրակ բացել ծովից թուրքական դիրքերի ուղղությամբ: Ֆրանսիական հարվածները ոչնչացնում են թուրքական զինանոցը Քեբուսիե գյուղի եկեղեցում և ստիպում են նահանջել նավակների ուղղությամբ կրակող թուրք զինվորներին: Բրիսենն արճիճ է տալիս հայերին փամփուշտներ ձուլելու համար և խոստանում է հրամանատարության պատասխանը փոխանցել 8 օրից: Որգևորված հայերը շարունակում են հաջողությամբ պաշտպանել իրենց դիրքերը թուրքերի գրոհներից:

Ադմիրալ դյու Ֆուրնեն այդպես էլ կոնկրետ պատասխան չի ստանում հայերին օգնելու վերաբերյալ իր խնդրանքին և որոշում է գործել՝ անձնական պատասխանտվություն ստանձնելով: Սեպտեմբերի 8-ին «Գիշենից» բացի Մուսա լեռան են մոտենում «Դեզեքս» և «Ժաննա Դ՛Արկ» մարտանավերը, ստուգվում են նահանջի բոլոր ուղիներն ու հայերի տարհանման հնարավորությունները, հստակեցնում տարհանման ենթակա մարդկանց քանակը:

Մուսալեռցիների տարհանումը

Սեպտեմբերի 11-ի երեկոյան որոշվեց սկսել տարհանումը, որը մեկնարկեց սեպտեմբերի 12-ին: Հայերին արգելվեց հագուստից բացի որևէ բան վերցնել: 3000 հայ, հիմնականում կանայք և երեխաներ, տեղավորվեցին «Ֆուդր», «դ'Էստրե», «Գիշեն», «Ծովակալ Շարնե», «Դեզեքս» նավերում: Սեպտեմբերի 13-ին տարհանումը շարունակվել է և ավարտվել է սեպտեմբերի 14-ին: Նավերը հայերին տեղափոխեցին եգիպտական Պորտ Սաիդ, ուր նրանք ժամանեցին սեպտեմբերի կեսին: Ըստ որոշ տվյալների, փրկվեց մոտ 4200 մարդ, մեկ այլ վարկածով՝ 4058 մարդ: «Գիշեն» նավի, որպես Մուսա լեռան ինքնապաշտպանության գլխավոր դերակատարներից մեկի անունը, գրվեց հայոց պատմության դասագրքերում՝ դառնալով փրկված հայերի փրկության խորհրդանիշը:

Ֆրանսիական նավի հետագա ճակատագիրը տխուր դասավորվեց: Հայերի համար նման ճակատագրական դերակատարություն ունեցած նավը համարվում էր անհաջողակ և խիստ քննադատության էր ենթարկվում: 1895-ի հոկտեմբերին Սեն Նազերում հիմնված և 1898-ին շահագործման հանձնված նավը Մուսա լեռան իրադարձություններից 2 տարի անց զինաթափվել է և օգտագործվել որպես ռազմական տրանսպորտ: Այդ որակով էլ «Գիշենը» օգտագործվել է հիմնականում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Որպես մարտանավ այն չէր կիրառվում, քանի որ սպառազինությունը բավարար չէր:

1916-ին նավը Սալոնիկ է տեղափոխել ռուսական էքսպեդիցիոն կորպուսը: 1919-ին մասնակցել է Անտանտայի ներխուժմանը Ռուսաստան Քաղաքացիական պատերազմի ժամանակ: Նավի հրամանատարն էր Ֆրանսիայի կոմունիստների ապագա առաջնորդ Շառլ Տիյոնը: Արդեն 1921-ին մարտանավը դուրս գրվեց և հանվեց շահագործումից:

Մուսա լեռան ինքնապաշտպանության հերոսական պատմության մանրամասն դրվագներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ուր մեկնել, եթե Green Card-ը մերժում են
Ադրբեջանի սպառազինության համալրումները վերջին ամիսներին
Լատինատառ գրառումը՝ ՌԴ-ում հայ վարորդներին գործից զրկելու պատճառ
Ով է «Պուտինի խոհարարն» ու ինչ է անում ռուսական ռազմակայանում
 Ուշադրության կենտրոնում
ՄԱԿ զեկույց. ՀՀ-ն զարգացման բարձր մակարդակով երկրների ցանկում է

ՄԱԿ զեկույց. ՀՀ-ն զարգացման բարձր մակարդակով երկրների ցանկում է Հայաստանը 0.755 ցուցանիշով զբաղեցնում է 83-րդ տեղը՝ կիսելով այն Թաիլանդի հետ

 Բաժնի այլ նյութերը
Նրանք ասացին «ոչ» Թուրքերն ու քրդերը, որոնք մերժեցին ցեղասպանությունը
Հայերն ու Կարմիր մոլորակը Մարսի ուսումասիրության մեջ մեծ ավանդ ունեցող մեր հայրենակիցները
«Քու հիշատակիդ մեջ» Մոնթեի և Սեդայի սիրո պատմությունը