«Այսքան թեժ դեռ չէր եղել»

«Այսքան թեժ դեռ չէր եղել»

ՀՀ-ի ու ՀԱՊԿ-ի առճակատումը նոր քարտուղարի հարցի շուրջ

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության» (ՀԱՊԿ) կանոնադրական հավաքները երբեք այսքան քննարկված չէին եղել անդամ երկների մամուլի, քաղաքական շրջանակների կողմից, որքան Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում նոյեմբերի 8-ին տեղի ունեցած գագաթնաժողովն էր: PanARMENIAN.Net ը ներկայացնում է գագաթնաժողովի կարևոր դրվագներն ու արդյունքները:

PanARMENIAN.Net - Նոր գլխավոր քարտուղարի նշանակման կծիկն ու ՀԱՊԿ կանոնադրական բացը

Անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ հավաքի շուրջ քննարկումները թեժացան Մարտի 1-ի գործով մեղադրյալ, կազմակերպության արդեն նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատորովի ազատումով: Պարզվում է ռազմական այս ճամբարի կանոնադրությունը որևէ կարգավորում չունի՝ ինչպես պետք է վարվել, երբ կազմակերպության նախագահող երկիրը վաղաժամ հետ է կանչում իր գլխավոր քարտուղարին, ինչի արդյունքում էլ սկիզբ առավ կուլիսային պայքարն ու տարատեսակ և հայեցողական մեկնաբանությունների այն կծիկը, որն անդամ երկրների ղեկավարներն առնվազն գագաթնաժողովի ընթացքում չկարողացան հանգուցալուծել:

Ինտրիգը կպահպանվի ևս մեկ ամիս

Ավելի քան երեք ժամ տևած թեժ քննարկումներից հետո այդպես էլ ընդհանուր հայտարարի չգալով, որոշվեց՝ կառույցի գլխավոր քարտուղարին կնշանակեն դեկտեմբերի 6-ին՝ ՌԴ-ի հյուսիսային մայրաքաղաքում: Գագաթնաժողովը հյուրընկալող Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ըստ մամուլի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կուլիսային պայմանավորվածություններից հետո, հայտարարեց, որ իր կարծիքով մինչև 2020 թվականը Հայաստանին պատկանող գլխավոր քարտուղարի պոստը վաղաժամ կփոխանցվի Բելառուսին, քանի որ երկիրն ըստ կանոնադրության հաջորդում է Հայաստանին: Մինչդեռ հայկական կողմն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է պահել պոստը:

«Իհարկե, Փաշինյանի՝ կուլիսային քաղաքականության մեջ համեստ փորձը, քիչ հավանական է դարձնում կառույցի մյուս անդամներին իր կողմը գրավելը, սակայն, այնուամենայնիվ ինտրիգից չի հաջողվել խուսափել. լուրեր են տարածվել, որ փոքր և հպարտ Հայաստանի դեմ Լուկաշենկոյի ձեռքերով խաղում է ամենակարող և չարամիտ Ադրբեջանը», - գրել է ռուսաստանյան «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»՝ հավելելով, որ պատահական չէ, որ Մինսկը ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել է Բաքվի բարձրագույն հրամանատարական դպրոցի շրջանավարտ, Ադրբեջանի ԶՈւ-ում մեծ կապեր ունեցող Ստանիսլավ Զասին:

Հարցի նկատմամբ անտարբեր են Տաջիկստանն ու Ղրղզստանը, իսկ ահա ռազմական դաշինքում վճռորոշ ձայն ունեցող ՌԴ-ն դեռևս ղեկավաների մակարդակով պաշտոնական դիրքորշում չի հայտնել: Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոլեգիալ սկզբունքով, և եթե որևէ մեկը վետո դնի՝ որոշումը չի կայացվի:

Ուշագրավ է նաև Լուկաշենկոյի անկեղծ դիտարկումը, որ աշխարհում քչերն են լուրջ վերաբերում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքացիությանը:

Ալիևին ուզում էր, ՀՀ-ն չթողեց

Ռուսաստանյան մամուլը գրեց, որ ՀԱՊԿ-ում քննարկվել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հյուրի կարգավիճակով Աստանայի գագաթնաժողովին հրավիրելու գաղափարը, որի հեղինակը Նազարբաևն էր. ըստ պարբերականի, այդ գաղափարը սատարել է Լուկաշենկոն:

Ըստ աղբյուրի, Ալիևը պատրաստ էր մեկնել Աստանա, սակայն հայկական կողմը չեղարկել է նրա այդ ծրագրերը՝ ըստ էության փակելով ՀԱՊԿ-ում Ադրբեջանի հավանական դիտորդ երկիր լինելու` դեռևս ամիսներ առաջ սկիզբ առած խոսակցությունները:

Ինչ է ասում կառույցի ԱԽ-ի ընդունած նոր հռչակագիրը

Փաստաթղթով ՀԱՊԿ անդամ պետությունները պայմանավորվել են մեծացնել միմյանց զենքի մատակարարման ծավալները, զարգացնել իրենց ռազմաարդյունաբերական համալիրները՝ մեծացնելով զինամթերքի, ռազմական և հատուկ տեխնիկայի մատակարարման ծավալները:

Հռչակագրով երկները հաստատել են Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի (ՄՓՀՀՈՊ) պահպանումը:

«Հաստատելով մեր հավատարմությունը հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքին՝ արտահայտում ենք մեր անհանգստությունը Միջին և հեռահար հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի շուրջ ծավալված իրավիճակի վերաբերյալ`կապված ԱՄՆ ներկայացուցիչների՝ դրանից դուրս գալու մտադրության մասին հայտարարությունների հետ: Կողմ ենք հանդես գալիս տվյալ պայմանագրի կենսունակության պահպանմանը»,-ասվում է փաստաթղթում:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին

Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---