Հոքինգից մինչև Ազնավուր

Հոքինգից մինչև Ազնավուր

Ում կորցրինք 2018-ին

2018-ը բավականին բարդ տարի էր թե՛ Հայաստանի, թե՛ ողջ աշխարհի համար: Այն նաև ծանր էր տարվա ընթացքում մահացած հայտնի մարդկանց մեծ քանակի պատճառով: 2018-ի ընթացքում մարդկությունը կորցրեց լեգենդար արվեստագետների, երգիչների, սպորտսմենների և գիտնականների:

PanARMENIAN.Net - Ամփոփելով 2018-ը՝ PanARMENIAN.Net -ը պատմում է այն հայտնիների մասին, որոնք հեռացան կյանքից այս տարի:

Տարին դեռ նոր էր սկսվել, երբ կյանքից հեռացավ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Մոսկվայի ակադեմիական թատրոնի առաջատար դերասան Միխայիլ Դերժավինը: Նա մահացավ հունվարի 10-ին, երկարատև ծանր հիվանդությունից հետո: Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ռոքսանա Բաբայանի ամուսինը 82 տարեկան էր:

Հունվարի 25-ին կյանքի 91-րդ տարում մահացավ 20-րդ դարի լավագույն խոհարար համարվող Պոլ Բոկյուզը: Հայտնի խոհարարին ճանաչում էին ողջ աշխարհում, նրան ընդունում էին տարբեր պետությունների ղեկավարները: Պոլ Բոքյուզի պատվին «Ոսկե Բոքյուզ» է կոչվում խոհարարական աշխարհի ամենահեղինակավոր մրցանակը, որն անվանում են նաև «խոհարարական օսկար»:

Հունվարի 28-ին կյանքից հեռացավ ռուսաստանաբնակ ռեժիսոր Մարիա Սահակյանը: Նա ընդամենը 37 տարեկան էր: Սահակյանը հայտնի էր որպես «Փարոսը» և «Էնտրոպիա» ֆիլմերի ռեժիսոր: Նա 5 երեխա ուներ:

Փետրվարի 13-ին մահացել է հայտնի բուլղարացի բարեգործ Դոբրե Դիմիտրով Դոբրևը կամ ուղղակի Դոբրի Պապիկը, ինչպես նրան անվանում էին համաքաղաքացիները: 103 տարեկան պապիկը հայտնի էր նրանով, որ տարիներ շարունակ գումար էր հավաքում քաղաքի փողոցներում և ուղղում էր այդ գումարը բուլղարական քրիստոնեական եկեղեցիների պահպանմանը, ինչպես նաև վճարում էր մանկատների կոմունալ վճարները:

Երկարատև հիվանդությունից հետո փետրվարի 28-ին մահացավ ռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը: Փետրվարի 27-ին լրացել է ռեժիսորի 81-ամյակը: Ալբերտ Մկրտչյանը հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի եղբայրն է։

Մարտի 10-ին կյանքից հեռացավ հայտնի ֆրանսիացի դիզայներ Յուբեր դե Ժիվանշին: Նրա մահը վրա է հասել քնի մեջ, դիզայները 91 տարեկան էր: 1952 թվականին Ժիվանշին հիմնել է Givenchy նորաձևության տունը:

Մարտի 12-ին Մոսկվայում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը: 82-ամյա Տաբակովին հոսպիտալացրել էին 2017 թվականի նոյեմբերին: Դերասանի մոտ արյան վարակ էր ախտորոշվել: Այն ժամանակ նրան վիրահատել էին: Տաբակովը նկարահանվել է հայտնի ֆիլմերում՝ «Պատերազմ և խաղաղություն», «Գարնան 17 ակնթարթ», «Տասներկու աթոռ», «Դ'Արտանյանն ու 3 հրացանակիրները», «Մոսկվան արցունքներին չի հավատում» և այլն:

Մարտի 14-ին 76 տարեկանում կյանքից հեռացավ հանրաճանաչ բրիտանացի ֆիզիկոս, տիեզերաբան, «Ժամանակի հակիրճ պատմությունը» գրքի հեղինակ Սթիվեն Հոքինգը: Հոքինգը տառապում էր հազվագյուտ հիվանդությամբ՝ մկանների ապաճման երկրորդային կարծրախտ, որը նրա մոտ ախտորոշվել էր 21 տարեկանում: Այս հիվանդությունը տասնամյակներ շարունակ ֆիզիկոս-թեորետիկին աստիճանաբար անդամալույծ էր դարձրել։ Դեռ 30 տարեկանից Հոքինգը, ում նաև «պարզության վարպետ» են անվանում, ամբողջովին պարալիզացված էր:

Ապրիլի 14-ին ԱՄՆ-ում մահացել է հայտնի կինոռեժիսոր Միլոշ Ֆորմանը: Նա 88 տարեկան էր: «Թռիչք կկվի բնի վրայով» և «Ամադեուս» ֆիլմերի համար «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում «Օսկարի» արժանացած չեխ ռեժիսորն ու սցենարիստը մահացել է կարճատև հիվանդությունից հետո:

Ապրիլի 20-ին 28 տարեկանում կյանքից հեռացել է շվեդ աշխարհահռչակ դիջեյ Թիմ Բերլինգը, որը հանդես էր գալիս Avicii կեղծանվամբ։ Դիջեյը մահացել է Օմանի մայրաքաղաք Մասկատում: Երաժիշտն ավարտել էր կարիերան սուր պանկրեատիտի պատճառով։ Avicii-ն հեղինակել է Wake Me Up, Hey Brother ու բազմաթիվ այլ հիթեր։

Հունիսի 17-ին Երեւանում երկարատև ծանր հիվանդությունից հետո 61 տարեկան հասակում մահացել է քաղաքագետ, Արցախյան շարժման ակունքներում կանգնած Իգոր Մուրադյանը: 1986-87թթ-ին Մուրադյանն ակտիվ աշխատել է Ղարաբաղյան հարցի արծարծման ուղղությամբ: Եղել է 1987-88թթ-ի առաջին հանրահավաքների կազմակերպիչներից մեկը, «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրներից:

Հուլիսի 2-ին մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, հայտնի երգչուհի Նադեժդա Սարգսյանը: 64 տարեկան երգչուհուն մահվան պատճառը երկարատև ծանր հիվանդությունն էր: Սարգսյանը տարիներ շարունակ պայքարում էր քաղցկեղի դեմ ու վերջին շրջանում հայտարարում էր, որ իրեն հաջողվել է հաղթահարել հիվանդությունը։ Նադեժդա Սարգսյանը քանդակագործ Դավիթ Բեջանյանի կինն է, երգչուհի Էմմիի մայրը։

Հուլիսի 13-ին 72 տարեկան հասակում կյանքից հեռացավ նկարչուհի, ազգագրագետ, Լուսիկ Ագուլեցի-Սամվելյանը: Ագուլեցու կտավները գտնվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։

Օգոստոսի 4-ին կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից, պետական եւ հասարակական գործիչ Սերգեյ Համբարձումյանը: Նա 97 տարեկան էր։ Համբարձումյանը մի շարք միջազգային ակադեմիաների անդամ էր, գիտության ոլորտում կատարած ահռելի աշխատանքի համար նաև մի շարք մեդալների էր արժանացել։

Օգոստոսի 16-ին կյանքից հեռացավ սուլի թագուհի Արետա Ֆրանկլինը: 76 տարեկան երգչուհին տառապում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։ Արետա Ֆրանկլինը վերջին անգամ բեմ էր բարձրացել 2017 թվականի նոյեմբերին։

Երկու օր անց՝ օգոստոսի 18-ին մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Քոֆի Անանը: Անանը զբաղեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը 1997-2006 թվականներին։ Նա 2001 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Օգոստոսի 26-ին մահացել է «Արարատ 73-ի» լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը: Նա 73 տարեկան էր: Աբրահամյանը 1966-1978 թվականներին Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, անցկացրել 276 խաղ։

Օգոստոսի 30-ին 80 տարեկան հասակում կյանքից հեռացավ ԽՍՀՄ և ռուսական էստրադայի հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնը: 80 տարեկան հասակում: Կոբզոնի մոտ առողջական խնդիրներ առաջ եկան ավելի քան 10 տարի առաջ: 2005-ին նրա մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, որից հետո նա մի քանի անգամ վիրահատվել է և մի քանի անգամ քիմիաթերապիայի ենթարկվել:

Սեպտեմբերի 7-ին մահացել է ամերիկացի հայտնի ռեփեր Մակ Միլլերը: 26 տարեկան երաժիշտը մահացած է հայտնաբերվել Սան Ֆերնանդոյի հովտի իր տանը: Մահվան պատճառը թմրանյութերի գերդոզավորումն էր:

Հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Լեգենդար երգչի մահը վրա է հասել քնած ժամանակ և պայմանավորված է եղել բնական պատճառներով: Ազնավուրն այդ պահին Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող իր տանն էր:

Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

Հոկտեմբերի 2-ին 79 տարեկանում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Ռոման Կարցևը: Մինչ այդ արտիստը երեք ամիս գտնվում էր հիվանդանոցում: Կարցևի ընկեր, հայտնի արտիստ Միխայիլ Ժվանեցկու խոսքով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն էր: Կարցևը հանդես է եկել «Շան սիրտը», «Վարպետը և Մարգարիտան», «Աստծո ժպիտը կամ զուտ օդեսայական պատմություն» և այլ ֆիլմերում:

Հոկտեմբերի 6-ին 85 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն: Միջազգային ճանաչումը Մոնսերատ Կաբալյեն ձեռք է բերել 1965 թվականին, երբ ելույթ է ունեցել Նյու Յորքում՝ «Կարնեգի-հոլում»՝ փոխարինելով վատառողջ Մեռլին Հորնին «Դոնիցետիի» օպերայում: 1992 թվականին հիվանդության պատճառով առաջացել են ձայնային խնդիրներ, և երգչուհին ժամանակավորապես դադարեցրել է իր ելույթները օպերայում՝ երգելով միայն համերգների ժամանակ: 2002 թվականին նա վերադարձել է օպերա:

Հոկտեմբերի 9-ին 47 տարեկանում սրտի կաթվածից մահացել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ «Միայնակ Գայլը»՝ Արայիկ Խանդոյանը: Նա կալանավորվել էր 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու, պատանդ պահելու և զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով: Միայն 2 տարի անց դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը և փոխել Խանդոյանի խափանման միջոց կալանքը: Խանդոյանը Արցախյան պատերազմի մասնակից էր, ազատամարտիկ, պարգևատրվել է Արցախի և ՀՀ «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության» պարգևով, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլ շքանշաններով, որոնցից հրաժարվել էր՝ ի նշան Հայաստանի նախկին իշխանությունների վարած քաղաքականության:

Հոկտեմբերի 17-ին 90 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը: Լուսանկարչի մահված պատճառ է դարձել սրտի կանգը: Գյուլերին հաճախ դիմում էին «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով: Լեգենդար լուսանկարիչը հարյուրավոր ցուցահանդեսներ է ունեցել ամբողջ աշխարհում, հրատարակել է բազմաթիվ գրքեր: Նա լուսանկարել է Ուինսթոն Չերչիլին, Մարիա Կալլասին, Ջոն Բերգերին, Բերնարդ Ռասսելին, Սալվադոր Դալիին, Պաբլո Պիկասոյին, Ինդիրա Գանդիին, Սերգեյ Փարաջանովին և այլոց:

Հոկտեմբերի 26-ին Մոսկվայում մահացել է հայտնի ռուս դերասան Նիկոլայ Կարաչենցովը: Դա տեղի է ունեցել նրա 74-րդ տարեդարձից մեկ օր առաջ: Ավելի վաղ Կարաչենցովը հոսպիտալացվել էր թոքերի բորբոքմամբ: Ըստ որոշ տեղեկությունների, պատճառը ոչ թե մրսածությունն է եղել, այլ քաղցկեղը: Նիկոլայ Կարաչենցովը նկարահանվել է մոտ 100 կինոնկարներում:

Նոյեմբերի 1-ին կյանքի 63-րդ տարում մահացել է ծանրորդ, Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Յուրի Վարդանյանը։ Յուրի Վարդանյանն աշխարհի 7-ակի ու Եվրոպայի հնգակի և Մոսկվայի օլիմպիական խաղերի չեմպիոն էր։ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը Վարդանյանը զբաղեցրել էր 2014-2017 թվականներին։

Նոյեմբերի 12-ին մահացել է ամերիկացի գրող Սթեն Լին, որը Սարդ մարդու, Հալքի և Իքս մարդկանց մասին հայտնի կոմիքսների հեղինակն է: 96-ամյա գրողը մահացել է Լոս Անջելեսի բուժկենտրոնում: Լին մի քանի տարի տառապում էր լուրջ հիվանդություններով, այդ թվում թոքաբորբ ուներ և տեսողության հետ կապված խնդիրներ:

Նոյեմբերի 26-ին 77 տարեկանում մահացել է հայտնի իտալացի ռեժիսոր Բերնարդո Բերտոլուչին: Բերտոլուչին նաև դրամատուրգ էր, սցենարիստ, պրոդյուսեր և բանաստեղծ: 1960-ական թվականներին նա համարվում էր Ժան Լյուկ Գոդարի և Պիեռ Պաոլո Պազոլինիի հետևորդը: 1972-ին Բերտոլուչին ստեղծել է «Վերջին տանգոն Փարիզում» մեծ աղմուկ հանած կինոնկարը, որտեղ նկարահանվել էին Մառլոն Բրանդոն և Մարիա Շնայդերը:

Նոյեմբերի 28-ին 78 տարեկանում մահացել է հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանը: 2001-ից 2010-ը թթ. նա եղել է ՀՀ նախագահների անձնական լուսանկարիչը: Շահբազյանը բազմիցս մասնակցել է միջազգային, միութենական ու հանրապետական ցուցահանդեսների, երեք անգամ ճանաչվել է ՏԱՍՍ-ի լավագույն լուսանկարիչ: Շահբազյանի՝ 1988-ի Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված լուսանկարը Reuters գործակալության կողմից արժանացել է «Տարվա լավագույն լուսանկար» մրցանակին:

Նոյեմբերի 30-ին 94 տարեկանում մահացել է ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը: Նա ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989 թվականից մինչև 1993 թվականը, 1981-1989 թվականներին եղել է ԱՄՆ փոխնախագահ: Բուշ ավագը Երկրորդ աշխարհամարտին մասնակցած վերջին ԱՄՆ նախագահն էր: Նրա որդին ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերն է։

Իսկ դեկտեմբերի 3-ին Մոսկվայում 81 տարեկանում մահացել է անվանի ռուս գրող, Երևանի պատվավոր քաղաքացի, «Հայաստանի դասերը. Ուղեգրություն» հայտնի գրքի հեղինակ Անդրեյ Բիտովը: Բիտովը ԽՍՀՄ գրողներից առաջինն էր, ով բացահայտ խոսեց Հայոց ցեղասպանության մասին և դատապարտեց այն:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---