Անկախություն, $50 մլրդ-ի ներդրում, հողի զիջում ու ոչ մի բանակ

Անկախություն, $50 մլրդ-ի ներդրում, հողի զիջում ու ոչ մի բանակ

Ինչ է առաջարկել Թրամփը պաղեստինցիներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի հաշտեցման ճանապարհային նոր քարտեզը, որը, ի թիվս այլ քայլերի, նախատեսում է տարածքային փոփոխություններ՝ հօգուտ Իսրայելի, և Պաղեստինի անկախության ճանաչում։

PanARMENIAN.Net - Մերձավոր Արևելքում կարգավորման ամբողջական 180-էջանոց պլանը, որը հաճախ անվանվում է «դարի գործարք», տեղադրվել է Սպիտակ տան կայքում և ներկայացնում է Թրամփի տեսակետը իսրայելա-պաղեստինյան հարցի կարգավորման գործընթացում:

Ըստ առաջարկի՝ պաղեստինյան կողմը կարող է օգտագործել իսրայելական 2 նավահանգստի ենթակառուցվածքները, զբոսաշրջային գոտի բացել Մեռյալ ծովի հյուսիսային մասում: Պաղեստինցիները չեն կարողանա բնակություն հաստատել Իսրայելում, ու ընտրության հնարավորություն կստանան՝ կամ տեղափոխվել պաղեստինյան պետության տարածք, կամ երրորդ երկիր: Միաժամանակ, Պաղեստինի ինքնավարությունը փաստացի կզրկվի Հորդանանի հետ ցամաքային կապից, իրավասու չի լինի բանակ ունենալ, վերահսկել իր օդային տարածքն ու սահմանային անցակետերը։ Գազայի հատվածի հետ ինքնավարության հիմնական հատվածը կապվելու է թունելով։

Հարցի խաղաղ կարգավորման համար ԱՄՆ նախագահն առաջարկում է Պաղեստինի իշխանություններին չաջակցել «Համաս» ծայրահեղական շարժմանը և հրաժարվել զինված պայքարից: Կարգավորման գործընթացին աջակցելու դիմաց Թրամփն առաջարկում է երկրում $50 մլրդ-ի ներդրում անել: Ըստ պլանի հեղինակների՝ այն կստեղծի նոր աշխատատեղեր և 2 անգամ կմեծացնի Պաղեստինի ՀՆԱ-ն:

Թվիթերյան իր էջում ԱՄՆ նախագահը տեղադրել է իր ծրագրով ենթադրվող գործարքի դեպքում տարածաշրջանի նոր քարտեզը։

«Այսպիսի տեսք կարող է ունենալ Պաղեստինի ապագա հանրապետությունը, որի մայրաքաղաքը կլինի Արևելյան Երուսաղեմի որոշ հատվածներում»,- գրել է ԱՄՆ նախագահը. հաղորդագրությունը տարածվել է նաև եբրայերեն և արաբերեն:

Թրամփի վարչակարզմի ներկայացրած պլանի համաձայն, Երուսաղեմը կշարունակի մնալ Իսրայելի մայրաքաղաքը: ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ խաղաղության պլանով առաջարկվում է երկու՝ իսրայելական և պաղեստինյան պետությունների գոյություն: Նա նշել է, որ Իսրայելը «մեծ քայլ է անում դեպի խաղաղություն»:

Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր, որ Մերձավոր Արևելքում Թրամփի խաղաղության պլանը, որն ավելի հայտնի է որպես «դարի գործարք», նախատեսում է 4 տարով սառեցնել պաղեստինյան տարածքներում իսրայելական շենքերի կառուցումը: Այդ ընթացքում, ըստ գործակալության, կողմերը կքննարկեն ամբողջական կարգավորման տարբերակներ, իսկ իսրայելական բնակավայրերը կմնան Իսրայելի հսկողության տակ:

Թրամփը նախազգուշացրել է, որ ամերիկյան պլանը Պաղեստինի բնակիչների համար կարող է սեփական պետությունն ունենալու վերջին շանսը լինել: Նա նշել է, որ պաղեստինցիները «ավելի լավ կյանքի են արժանի», իսկ ներկայացված պլանը Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ամենադետալիզացված առաջարկն է, որ երբևէ եղել է: ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նյեթանյահուն պատրաստ է օգտվել այս պլանից՝ կարգավորման համար:

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը մերժել է ԱՄՆ ղեկավարի առաջարկը՝ այն համարելով գործարք:

«Երուսաղեմը չի վաճառվում և ձեր գործարքը չի իրականանա: Մենք թույլ չենք տա անտեսել պաղեստինցի ժողովրդի պատմական իրավունքները»,- հայտարարել է Աբբասը:

«Համաս» խմբավորման ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին, իր հերթին, հայտարարել է, որ պլանը նույնիսկ չարժեր այն թանաքը, որը ծախսվել է դրա գրելու վրա: Նրա խոսքով՝ Թրամփն ու իր գործարքը պատմության գիրկը կանցնեն, իսկ Պաղեստինն ու Երուսաղեմը կմնան իրենց:

1947-ի ՄԱԿ-ի 181 բանաձևով պետություն ստեղծելու իրավունք ստացած պաղեստինցիներն ու հրեաները մինչ օրս պայքարում են իրենց իրավուքնների համար:

Պաղեստինը պետություն ստեղծելու մասին որոշումը կայացրել է 1988-ին, ավելի փոքր տարածքում, քան նախատեսվում էր ՄԱԿ-ի բանաձևով: Պաղեստինցիները համարում են, որ Իսրայելն օկուպացրել է իրենց երկրի տարածքը:

Խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու պաղեստինցիների և արաբական երկրների որոշումը հանգեցրել է տասնյակ հազարավոր զոհերի, տարածքային կորստի: 1948-ի մայիսի 14-ից լույս 15-ի գիշերը Թել Ավիվում միակողմանի հռչակվել էր անկախ Հրեական հանրապետություն՝ Իսրայել: Անկախության հռչակումից մի քանի ժամ անց Մերձավոր Արևելքում բռնկվել էր արաբա-իսրայելական (Պաղեստինյան) առաջին պատերազմը (1948-1949թթ): Նոր ձևավորված Իսրայել պետության տարածք էին մտել հարևան արաբական երկրների՝ Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի և Լիբանանի զորքերը: Իսրայելն այդ պատերազմում արևմտյան ուժերի աջակցությամբ հաղթանակ էր տարել: Պաղեստին պետությունն այդպես էլ չէր ձևավորվել:

Անահիտ Հակոբյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---