PANտիսթրես

PANտիսթրես

Կյանքն առանց կորոնավիրուսի

Վերջին շաբաթների լրահոսը հեղեղված է բացասական տեղեկատվությամբ. համաճարակի տարածում, մահեր, համաշխարհային խուճապ:

PanARMENIAN.Net - Իսկ վերջին շրջանում այդ ամենը զուգորդվում է տանը նստելու ու ամբողջ աշխարհից կտրված լինելու անհրաժեշտությամբ: Մարդիկ զրկված են հարազատների ու ընկերների հետ շփումից, շատերը՝ սիրելի աշխատանքով զբաղվելու հնարավորությունից, ժամանցից, սրճարաններում նստելու ու համեղ ընթրիք վայելելու բերկրանքից և այլ սովորական մանր հաճույքներից, որոնցից կազմված է կյանքը:

PanARMENIAN.Net ը որոշել է նվազեցնել ընթերցողների սթրեսն ու «հակաընկճախտային» լրահոս ապահովել բոլոր նրանց համար, ովքեր հոգնել են «կո»-ով սկսվող վերնագրերից ու դրա մասին վատ լուրերից: Մենք սկսում ենք PANտիսթրես լուրերի շարքը, որ դուք հնարավորություն ունենաք օրվա մեջ մի քանի ժամ ապրելու մի աշխարհում, որտեղ չկա «թագերի» հետ կապված ոչ մի բան: Եկե՛ք պատկերացնենք՝ ինչպիսին կլիներ կյանքն առանց.... դե, հասկացաք՝ ինչի:

Այսպիսով՝ հոլանդական «Այաքսի» նախկին ֆուտբոլիստ Աբդելհակ Նուրին գրեթե 3 տարի կոմայի մեջ մնալուց հետո արթնացել է: Այս մասին տեղեկացրել է ֆուտբոլիստի եղբայրը, ով նաև նշել է, որ Նուրին ապրում է հատուկ իր համար կառուցված տանը: Ֆուտբոլիստն արդեն կարողանում է արձագանքել իր հետ շփվողներին:

Երիտասարդ գործարար Ֆյոդոր Բելոմոևը Պետերբուրգից վաճառել է իր բիզնեսը՝ «Կոմիլֆո» քեյթերինգով զբաղվող ընկերությունը, և գումարն ուղղել տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար հատուկ սարքերի՝ ստեղնաշար, ձեռնոցի, պլանշետի ստեղծմանը:

via GIPHY

NASA-նցուցադրել է ապագայի էլեկտրաինքնաթիռը՝ X-57 Maxwell-ը: Դեռ հայտնի չէ, թե երբ դրա արտադրությունն իրականություն կդառնա:

Սթենֆորդի համալսարանի գիտնականները ստեղծել են էկզոկմախք, որն արագացնում է մարդու վազքը: Այն ամրացվում է սրունքներին: Փորձարկումը ցույց է տվել, որ բացի վազքի արագացումից, 15%-ով նվազում է դրա վրա ծախսված էներգիան:

Minecraft խաղում ստեղծել են Երկիր մոլորակը՝ իրականին համապատասխան չափով: Այժմ օգտատերերին կոչ են արել կառուցել իրենց քաղաքները: «Ստեղծված» Երկիր մոլորակը կարելի է տեսնել YouTube-ի հոլովակում, իսկ դրա հեղինակը պատմում է ստեղծման ընթացքի մասին:

Ամերիկացի գիտնականները փորձարկել են մարդու և մկների բջիջների մասնակի վերամշակման տեխնոլոգիան: 2-4 օրվա գործընթացի հետևանքով տարեց դոնորների բջիջներն իրենց կառուցվածքով մոտ են դարձել երիտասարդ դոնորների բջիջներին: Երիտասարդացումը մոտ 5 տարվա կտրվածքով է եղել:

Հունվարին ավստրալական անտառային հրդեհներից հետո առաջին անգամ կոալաները կվերադառնան «տուն»։ Չնայած երկրում կոալաների 3-4 միլիոնանոց պոպուլյացիայից միայն 300,000-ն են մնացել, Science for Wildlife կազմակերպությունը ջանքեր չի խնայում կենդանիներին բնություն վերադարձնելու համար։ Այրվածքներ ստացած ու հրդեհների պատճառով տեղահանված կոալաներին կգտնեն, կբուժեն ու բաց կթողնեն Նոր Հարավային Ուելս նահանգի ազգային պարկերից մեկում։ Ի դեպ, 4 մեծահասակ կոալա և մեկ ձագուկ արդեն իսկ վերադարձել են տուն։

Իսկ Հայաստանում շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է տուգանել այն վարորդներին, որոնք առանց կատալիտիկ չեզոքացուցիչների (катализатор) կամ անսարք չեզոքացման համակարգով մեքենաներ կվարեն: Ինչպես հայտնի է՝ ՀՀ-ում շատ վարորդներ հանում են իրենց «կատալիզատորները» և վաճառում դրանք՝ այդպիսով աղտոտելով շրջակա միջավայրը: Առաջարկվող տուգանքը քաղաքացիների համար՝ 300 հազար դրամ, պաշտոնատար անձանց՝ 500 հազար դրամ:

Intel ընկերության ինժիներներից մեկը ստեղծել է յուրահատուկ սարք՝ «Էլեկտրոնային քիթ», որը կարող է մինչև 10 տարբեր հոտ զգալ և տարբերել դրանք իրարից: Այն նույնիսկ կարողանում է զգալ և նույնականացնել իրեն ծանոթ հոտը բազում այլ հոտերով լցված սենյակում: Իհարկե, սարքը դեռ հեռու է մարդուց, որը կարողանում է մինչև 1 տրլն հոտ տարբերել, բայց հետաքրքիր հեռանկարներ է ստեղծում:

Աշխարհում անազատության մեջ գտնվող միակ շագանակագույն և սպիտակ պանդան բնական ճանապարհով զուգավորվել է մեկ այլ պանդայի հետ Չինաստանի բուծարաններից մեկում: Ըստ կենտրոնի աշխատակիցների՝ սա նաև գիտնականներին կարող է պատկերացում տալ պանդայի յուրօրինակ գունային համադրության մասին։ Իրականում, պանդաները շարունակում են մնալ վտանգված տեսակ․ կենդանիների ռեպրոդուկցիան շատ դանդաղ է լինում, քանի որ դրանք չափազանց ծույլ են։

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---