Աղետներ նկարողը

Աղետներ նկարողը

Տեսախցիկը դեպի տառապողն ու խոցելին ուղղելիս ուզում ես կարեկցանք դնել գործիդ մեջ

Իտալացի ֆոտոլրագրող Սերջո Ռամաձոտտին լուսաբանել է Էբոլայի բռնկումն Արևմտյան Աֆրիկայում, հետևել է Լիբիայի քաղաքացիական պատերազմին ամենալարված շրջանում, իսկ վերջին 13 տարվա ընթացքում պարբերաբար անդրադառնում է աֆղանական պատերազմին։ Արագորեն տարածվող նոր կորոնավիրուսը, սակայն, նրա համար հատկապես ցավալի է. Իտալիան՝ նրա հայրենիքը, այսօր աշխարհում համաճարակի էպիկենտրոներից մեկն է:

PanARMENIAN.Net - Covid-19-ի բռնկումից ի վեր Սերջոն աշխատում է Լոմբարդիայում՝ երկրում կորոնավիրուսից ամենաշատը տուժած շրջանում, որտեղ լուսանկարում է և վարակվածներին ու բուժվողներին, և բուժաշխատողներին, որոնք ամեն ինչ անում են հիվանդության տարածման դեմն առնելու համար:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում ֆոտոլրագրողն այսօրվա Իտալիան նկարագրեց որպես պատերազմական գոտի, որտեղ բոլոր ջանքերն ու ռեսուրսները մոբիլիզացվում են պանդեմիայի դեմ պայքարի շուրջ:

«Պայքարում ենք անտեսանելի թշնամու դեմ»,- ասաց նա։

Կորոնավիրուսի պանդեմիան՝ ասես պատերզամական գոտի

Երբ համաճարակը հասավ Իտալիա, իրավիճակն անհաղթահարելի էր թվում։ Ոչ ոք չէր սպասում այդ ծավալի հիվանդացություն այդքան կարճ ժամանակահատվածում, դեպքերը շատ արագ զարգացան, ու հիվանդանոցային համակարգը հանկարծակիի եկավ։ Հենց այդ պահից սկսած՝ բոլորը համախմբվեցին ընդհանուր գործի շուրջ։

Շատերի, ներառյալ՝ իմ կարծիքով, Իտալիան ներկա իրավիճակում պատերզամական գոտի է, որտեղ անհրաժեշտ է մոբիլիզացնել բոլոր միջոցներն ու ուժերը։ Տարբեր բուժհաստատություններում իրավիճակը խիստ տարբեր է։

Օրինակ՝ մի բան է Բերգամոյի Giovanni XXIII հիվանդանոցը, մեկ այլ՝ Ջենովայում կայանած MV Splendid զբոսանավը, որն այժմ որպես հիվանդանոց է ծառայում։

Ինչ ուզում է լինի՝ կարեկցանքն ամենակարևորն է

Իտալիաական Բերգամո քաղաքում ամենաշատ դեպքերն ու մահերն են գրանցվել։ Տեղի հիվանդանոցում մեծ թվով մարդիկ են հոսպիտալացված, ովքեր ինտենսիվ թերապիայի կարիք ունեն։ Այստեղ պալատներում ու ինտենսիվ թերապիայի բաժանմունքում արդեն տեղ չկա, ու այդ պատճառով որոշ հաստատված հիվանդների միջանցքներում են տեղավորում։ Բայց ինչ էլ լինի՝ կարեկցանքն ամենակարևորն է։

Հիվանդներին լուսանկարելիս փորձում եմ նրանց հնարավորինս անճանաչելի ֆիքսել, կամ հրապարակումից առաջ փակում եմ նրանց դեմքերը, եթե տեսնում եմ, որ հարազատները կարող են ճանաչել։ Հարցը միայն օրենքը չէ, հարցը նախևառաջ կարեկցանքն է։ Երբ տեսախցիկն ուղղում ես դեպի տառապողն ու խոցելին, ուզում ես կարեկցանք դնել գործիդ մեջ։

Իսկ Ջենովայի նավը լրիվ այլ պատմություն է։ Սա առաջին նավն էր, որը դարձրին «լողացող հիվանդանոց», ու դրանից հետո աշխարհի շատ երկրներ հետևեցին այս օրինակին։ Քանի որ նավախցերը փոքր են, շատ ծանր հիվանդներին չեն կարող այստեղ բերել։ Խցերում, օրինակ, հատուկ շնչառական սարքեր չեն տեղավորվում, բայց ընդհանուր առմամբ նավը հարմարեցրել ու հնարավորինս մոտեցրել են հիվանդանոցային պայմաններին, հատկապես՝ օդափոխության համակարգն են համապատասխանեցրել։ Պացիենտները, իհարկե, սիմպտոմներ ունեն, բայց նրանք բոլորը կարողանում են քայլել։

Կոնկրետ նավի պարագայում ամենահետաքրքիր պահը թերևս բուժանձնակազմն է, որովհետև նրանց հավաքել են քաղաքի տարբեր բուժհաստատություններից ու կենտրոններից, ու նրանցից ոչ մեկը մյուսի հետ չի աշխատել։ Իրականում շատ գեղեցիկ էր տեսնել, թե ինչպես երբևէ միասին չաշխատած մարդիկ համախմբվում են գաղափարի ու գործի շուրջ, և ջանք չեն խնայում կյանքեր փրկելու ու մարդկանց առողջացնելու համար։

Կյանքը վիրուսից առաջ ու հետո

Լուսանկարել եմ գրեթե ամբողջ ընթացքը՝ հոսպիտալացում, բուժում, անձնակազմի ու տարածքի ախտահանում, առայժմ մահվան ականատես չեմ եղել։

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում պացիենտները բարձր ճնշման թթվածնային դիմակներով են, հաճախ՝ հանգստացնող միջոցների ազդեցության տակ կամ անգիտակից։ Ու նույնիսկ եթե արթուն են, մեծ ջանքեր են գործադրում շնչելու համար, ուստի նրանց հետ խոսել հնարավոր չէ։

Բայց հիմա շփվում եմ բուժված ու դուրս գրվածների հետ, բազմաթիվ պատմություններ եմ հավաքել․ նրանք անցել են դժոխքի միջով ու հաղթահարել խեղդվելու սարսափելի զգացողությունը։ Գիտեք՝ մահվան դռանը հասնելն ու հետ գալը նոր իմաստ է տալիս կյանքին, ստիպում է ապագային այլ կերպ նայել։

Դասեր առաջնագծից՝ Էբոլայից մինչև Covid-19

2019-ի ապրիլին երեք շաբաթ անցկացրի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, որտեղ Էբոլայի բռնկումն էի լուսաբանում։ Այդ ժամանակից ի վեր լավ տեղեկացված եմ անվտանգության կանոններին, չնայած պարտադիր կրում եմ պաշտպանիչ հագուստ։ Երբ այդքան մոտիկից շփվում ես հիվանդների հետ, դառնում ես բժշկի պես։ Ու քանի որ նման առաջին փորձը չէ, բացարձակ վախեր չունեմ։ Գիտեք՝ ինչ-որ առումով կոնֆլիկտ ու պատերազմ լուսաբանելուց էլ բարդ է։ Սա անտեսանելի թշնամի է, պայքարում ես մի բանի դեմ, որը չգիտես՝ որ կողմից կգա։ Պատերազմի ժամանակ գոնե գիտես՝ կոնկրետ ով է հարձակվում և ում վրա։

Բացի այն, որ երկու համաճարակն իրարից խիստ տարբեր են, կա նաև իմ՝ իտալացի լինելու պահը։ Երբ Կոնգոյից վերադարձա Իտալիա, կարող էի թոթափել այդ ծանրությունը, մի փոքր թեթևանալ։ Այսօր այդ հնարավորությունը չունեմ՝ ամեն ինչ տեղի է ունենում, կարելի է ասել, տանս մեջ, ինչը, իհարկե, ավելի ծանր է։

Սերջո Ռամաձոտտին լուսաբանել է մեր օրերի ամենաբարդ կոնֆլիկտները՝ ներառյալ Իրաքում, Աֆղանստանում, Սոմալիում, Լիբիայում, Սուդանում, ինչպես նաև աշխարհի տարբեր ծայրերում մոլեգնող համաճարակները։ Տասնամյակների կարիերայի ընթացքում գրել ու հրատարակել է տասնյակ գրքեր, համահիմնադրել է Parallelozeroֆոտոգործակալությունը։։

Սրբուհի Մարտիրոսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---