Մարզասրահից ճիշտը (չ)կա, կամ ցտեսություն, տնային ֆիթնես

Մարզասրահից ճիշտը (չ)կա, կամ ցտեսություն, տնային ֆիթնես

Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք

Մարզասրահները բացվել են, և սպորտի էնտուզիաստներն առաջինը հենց այնտեղ են շտապում՝ մարզվելու, առողջանալու, թարմանալու։ Բայց ջրի շիշը վերցնելուց ու մարզակոշիկները հագնելուց առաջ, երևի, արժե մտածել՝ գուցե նախորդ ամիսների այլընտրանքն այդքան էլ վատը չէր։

PanARMENIAN.Net - Մարդիկ կանգնած են ընտրության առջև՝ գնալ մարզասրահ, շարունակել հավելվածներով մարզվել, թե շարունակել այդպես էլ չմարզվել։ Վերջիններին թողնում ենք հանգիստ ու անցնում առաջ։

Կարծիք կա, թե սահմանափակումների վերացումից հետո էլ ոմանք կարող են շարունակել օգտվել հեռավար մարզման ծրագրերից ու հավելվածներից՝ էլ չասած, որ «ժամանակ չունենալու» հարցը ևս հաճելիորեն լուծվում է։ PanARMENIAN.Net ը ներկայացնում է նման app-երից լավագույնները։

adidas Training և adidas Running

Աշխարհում մարզահագուստ արտադրող երկրորդ ամենախոշոր ընկերությունը մարտի վերջին հայտարարել էր, որ 3 ամիս շարունակ անվճար պրեմիում բաժանորդագրություն է տրամադրում իր երկու հավելվածից օգտվելու համար։ Սա նշանակում է, որ հավելվածի լավագույն վարժանքներն ու դասերը դեռ մեկ ամիս հասանելի կլինեն անվճար։ adidas-ի հարթակները հասանելի են 15 լեզվով 190-ից ավելի երկրում՝ ներառյալ Հայաստանում, և առաջարկում են մարզումներ ու սննդակարգի ուղեցույցեր։ Ի դեպ, Training հավելվածի տարեկան, կրկնում ենք՝ տարեկան պրեմիում անդամակցությունը $50 է (որը կարող է փոքր-ինչ տարբերվել՝ կախված լոկացիայից)։

Nike Training Club

90 օրվա կանոնն այստեղ էլ է գործում․ դեռ մեկ ամիս ունեք Nike-ի հավելվածից ավճար օգտվելու համար։ Ամենակարևորը՝ հարթակը հասանելի է Հայաստանում։ Ամերիկյան հայտնի բրենդի հավելվածը սովորաբար ամսական $14.99 արժե, բայց ոչ մինչև հունիսի վերջ։ Nike-ն իր պրեմիում անդամակցությունն անվճար է դարձրել, և հիմա 15-45 րոպե տևողությամբ ավելի քան 185 թրեյնինգ (յոգա, կարդիո և այլն) ինչպես նաև սննդի, քնի, վերականգնման ու առողջության մասին մի շարք ծրագրեր սպասում են բոլորիս։

Centr

Ինչպես գիտեք՝ Centr հավելվածը ավստրալացի դերասան Քրիս Հեմսվորթի նախագիծն է։ Առողջության և ֆիթնեսի այս անհատական ծրագիրը հնարավորություն է տալիս մարզվելու հենց Հեմսվորթի ու նրա հետ աշխատող և նրան մարզող ֆիթնես մասնագետների հետ, ինչպես նաև շփվել սննդի խորհրդատուների, խոհարարների, մեդիտացիայի ուսուցիչների, քնի խանգարման մասնագետների հետ: Անվճար մարզման հնարավորություն այլևս չկա, անդամակցությունն արժե տարեկան $120։ Մարզումների հետ նաև բաղադրատոմսեր են ընդգրկված՝ առողջ, համեղ ու սննդարար։

Seven

Այո, այս հավելվածի իմաստը 7 րոպեում մարզվելն է։ Էփփի հեղինակներն ասում են՝ յուրաքանչյուր մարզում մտածված է այնպես, որ հնարավորինս կարճ ժամկետում լավագույն արդյունքը ստանաք, ինչը նշանակում է, որ պրոցեսը հեշտ չէ, բայց դիմացեք, շուտով կավարտվի։ Ծառայության ամսական գինն է $9.99, տարեկան՝ $59.99․

30 Day Fitness Challenge

30-օրյա ֆիթնես մարտահրավերը բավականին պարզ ու աշխատող մոդել է։ Ուրեմն՝ ներբեռնում եք հավելվածը, պրոֆիլ բացում ու գրանցում, թե քանի հրում վարժություն (pushup) կարող եք անել, ինչքան երկար կարող եք վազել, որքան հաճախ եք մարզվում առհասարակ, և հավելվածը շաբաթական մարզումների պլան է կազմում։ Այստեղ, իհարկե, շոուն չի ավարտվում, քանի որ մեկ ամիս մարզվելուց ու արդյունքը տեսնելուց հետո ֆիթնես նպատակների հետևից գնալու էլ ավելի մեծ ցանկություն է առաջանում, ինչպես և մտածված էր։ Անվճար փորձաշրջանից հետո կարող եք ընտրել ամենահարմար տարբերակն ու շարունակել մարզվել։

Daily Yoga

Յոգայի հավելվածն առաջարկում է երկշաբաթյա ծրագիր՝ սկսնակների համար, իսկ առավել փորձառուների համար հարյուրավոր տարբերակներ կան։ Բացի յոգայի ասանաներից (դիրքեր)՝ կան նաև շնչառական վարժություններ ու կոնկրետ հրահանգներ՝ առավել լավ արդյունքի հասնելու համար։ Օրինակ, եթե ուզում եք հղկել յոգայի այս կամ այն դիրքը, դիցուք՝ շիրշասանան (արմունկների վրա, ոտքերն օդում, կամ headstand), հարթակում կգտնեք հատուկ ինստրուկցիաներ և ուղղորդումներ։ (Մասնագետներն ասում են՝ հատկապես բարդ վարժություններն ու դիրքերը պետք է ուսուցչի հսկողությամբ կատարել:) Ծառայության ամսական բաժանորդագրությունն արժե $10, տարեկան՝ $40։

Երբ մարզասրահից լավը չկա

Եթե, այնուամենայնիվ, որոշել եք գնալ մարզասրահ, էգոիստաբար համոզվեք, որ տվյալ հաստատությունը հետևում է անվտանգության բոլոր կանոններին, ընտրեք հնարավորինս քիչ զբաղված ժամեր և, առհասարակ, փորձեք գնահատել ձեր անձնական ռիսկերը։

Կարդացեք նաև՝ Զբոսնել մենակով, մի քանի հոգով․ Ինչպես կարանտինից հետո չընկնել ոչ պարանոյայի, ոչ անհոգության ջրերը

Սրբուհի Մարտիրոսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
 Ուշադրության կենտրոնում
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը

 Բաժնի այլ նյութերը
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
2016-ի 10 կարևորագույն սպորտային իրադարձությունը Օլիմպիական մեդալներն ու կամքի հաղթանակները
---