Մտնու՞մ են արդյոք հետխորհրդային տարածքների ազգային հակամարտությունները ՆԱՏՕ-ի պատասխանատվության գոտի

Կարելի է որքան ասես խորհրդակցություններ անցկացնել, բայց քանի դեռ ցանկացած հակամարտության գլխավոր կողմը չի մասնակցելու բանակցություններին, կարգավորումը դատապարտված է անհաջողության

Ցանկացած համաշխարհային կազմակերպություն, լինի դա ԵԱՀԿ-ն, ՆԱՏՕ-ն կամ ՄԱԿ-ը, ունի իր չգրված օրենքները և առավելությունները: Եվ դա բնական է, քանի որ դրանք ստեղծվել են դեռ «սառը պատերազմի» տարիներին և մինչև հիմա քիչ բան է փոխվել, հատկապես համաշխարհային կարգի սկզբունքներում` դրված 1945-ին Յալթայում և Պոտսդամում, ամրագրված 1975-ին Հելսինկիում: Այդ կազմակերպություններից նոր բան սպասելը գրեթե անհնար է, նույնիսկ հաշվի առնելով այն, որ Լիսաբոնում ՆԱՏՕ գագաթնաժողովում ընդունվել է առաջիկա 10 տարվա համար նոր ռազմավարական հայեցակարգ:

PanARMENIAN.Net - Դաշինքի նոր ռազմավարությունը կայանալու է միջազգային ահաբեկչության և զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարում: Դաշինքի` մինչև այժմ գործող ռազմավարական հայեցակարգն ընդունվել էր 1999-ին: Նոր հայեցակարգի նպատակներից է միջուկային զենքից ազատ աշխարհի ձգտումը, ինչպես դա պահանջել էր Գերմանիայի կառավարությունը, բայց միաժամանակ նշվում է, որ քանի դեռ աշխարհում գոյություն ունի ատոմային զենք, ՆԱՏՕ-ն հավատարիմ կմնա միջուկային ահաբեկման հայեցակարգին, ինչպես դա ստիպել է այնպիսի միջուկային գերտերություն, ինչպիսին Ֆրանսիան է: Փաստաթուղթը հաստատում է նաև կոլեկտիվ պաշտպանության սկզբունքը, որի համաձայն ՆԱՏՕ անդամ-երկրներից մեկի վրա հարձակումը դիտարկվում է որպես հարձակում ողջ Դաշինքի վրա:

Վերջին հաշվով, գրեթե ոչինչ չի փոխվել, թերևս Դաշինքը, չգիտես ինչու, որոշեց, որ հետխորհրդային տարածքում ազգային հակամարտությունները նույնպես մտնում են ՆԱՏՕ-ի պատասխանատվության գոտի: «Մենք կոչ ենք անում կողմերին խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունները` հանդես բերելով կառուցողականություն և քաղաքական կամք: Մենք կոչ ենք անում հարգանքով վերաբերվել ընթացող բանակցություններին և զերծ մնալ տարածաշրջանի կայունությունը և անվտանգությունը խախտող քայլերից: Մենք հավատարիմ ենք Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականության և անկախության աջակցությանը և շարունակելու ենք նպաստել տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ լուծմանը` հաշվի առնելով այս սկզբունքները»,- ասվում է հայտարարությունում: Միաժամանակ, ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ չի տեսնում Դաշինքի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Ոչ մի բանի չպարտավորեցնող հայտարարությունում կա մի անհասկանալի նրբություն` Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ: Հազիվ թե ՆԱՏՕ-ում գիտեն Շահումյանի, Գետաշենի և Արծվաշենի մասին: Ուղղակի գրել են` ելնելով «հավասարակշռված մոտեցումից»: Եվ դրանից էլ այդ և նման հայտարարությունների արժեքը հավասարվում է զրոյի: Իհարկե, նման փաստաթղթերն անհրաժեշտ են, բայց ամենից առաջ չկայացած և աշխարհում իրենց տեղը չգտած երկրների համար: Հակամարտության կողմերի վրա դրանք ոչ մի կերպ չեն գործում, և չեն էլ կարող գործել հռչակագրի` իրական իրավիճակին չհամապատասխանելու պատճառով:

Դրա լույսի ներքո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարվելը մասնակցելու Լիսաբոնում կայանալիք գագաթնաժողովին, կարելի է հասկանալ և նույնիսկ ողջունել: Իրոք, ինչո՞ւ գնալ, եթե ամեն ինչ պարզ է: Եվ այս պարագայում հայկական դիվանագիտության հաղթանակի կամ պարտության մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է. ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն կարող պայմաններ թելադրել Դաշինքին: Հանգամանքները նույն կերպ են դասավորվել նաև ԵԱՀԿ-ում: Ուղղակի ամեն անգամ, երբ խոսքը գնում է այս կամ այն պետության տարածքային ամբողջականության մասին, ակամա հիշում են բազմաչարչար Կոսովոն և Սերբիան: Դատելով ամեն ինչից` Կոսովայի «անկախության» հռչակմանը մասնակցած մարդիկ արդեն շատ լավ են պատկերացնում, թե ինչ ջին են բաց թողել շշից: Չէ՞ որ հերթում դեռ շատ մարզեր, գավառներ են կանգնած, որոնք ցանկանում են առանձնանալ: Օրինակի ետևից հեռու գնալ պետք չէ` շուտով կլինի Հարավային Սուդանի անկախության հանրահավաքը, և տերություններն արդեն կոչ են անում Սուդանի իշխանություններին «ադեկվատ արձագանքել հանրահավաքի արդյունքներին»: Այնպես որ ղարաբաղյան հակամարտության մասին շուտով խոսելու են որպես քաղաքակիրթ հակամարտության մասին` Սուդանի նախագահ Օմար Բաշիրի բարքերը հայտնի են բոլորին:

Կասկած չկա, որ Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովին ընդունվելու է հերթական հայտարարությունը, բայց արդեն հիմնված երեք սկզբունքների վրա: Փաստաթղթերի տարբերությունը միայն դրանում է: Կարելի է որքան ասես խորհրդատվություններ անցկացնել, բայց քանի դեռ հակամարտության գլխավոր կողմը չի մասնակցելու բանակցություններին, կարգավորումը դատապարտված է ձախողման: Եվ դա վերաբերվում է բոլոր հակամարտություններին:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի

Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի «Արտաքսման մասին օրենքի» փոխարեն կիրառվելու է «Տեղափոխման և վերաբնակեցման մասին օրենք» տերմինը

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---