WikiLeaks-ը կարող է ներսից կործանե՞լ Ադրբեջանը

Տեղեկատվության արտահոսքի որոշակի ընտրողականությունը ձեռնտու է ԱՄՆ-ին, որը ցանկանում է տեղը դնել որոշ հետխորհրդային երկրների առաջնորդների: Եվ Ալիևների-Փաշաևների ընտանիքն առաջինն է այդ ցուցակում

Շաբաթը սկսվեց ԱՄՆ Պետդեպարտամենտի դիվանագիտական նամակների հերթական չափաբաժնից` հրապարակված WikiLeaks կայքի կողմից: «Օրվա հերոս» դարձավ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան (Փաշաևա): Մենք մտածված ենք նշում նախագահի կնոջ ազգանունը` բոլոր այն կապերն ավելի լավ հասկանալու համար, առանց որոնց Ալիևների կլանն արդեն չի կարող գոյություն ունենալ:

PanARMENIAN.Net - Սակայն, սկզբից` նամակների բովանդակությունը: «Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան չափազանց շատ է տարվում պլաստիկ վիրահատություններով և կրում ճչացող զգեստներ: Տիկին Ալիևայի դեմքից դժվար է ընբռնել այս կամ այն արտահայտությունը: Առաջին տիկինը կրում է այնպիսի զգեստներ, որոնք հանդուգն են համարվում նույնիսկ Արևմուտքում` չխոսելով արդեն պահպանողական և մահմեդական Ադրբեջանի մասին: Ալիևան, ամենայն հավանականությամբ, իրազեկ չէ քաղաքական հարցերից, չնայած նրան, որ երկրի խորհրդարանի անդամ է»: Մեհրիբան Փաշաևան նաև Հեյդար Ալիևի հիմնադրամի ղեկավարն է, կազմակերպություն, որի մասին ամերիկյան դիվանագետները խոսում են որպես ոչ թափանցիկ կազմակերպության:

Մեհրիբան Փաշաևայի ընտանիքի մասին ավելի մանրամասն է խոսվում: Այսպես, նրա հորեղբայրն ԱՄՆ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Հաֆիզ Փաշաևն է, հայրը` Ավիացիոն ինստիտուտի ռեկտոր Արիֆ Փաշաևը, քույրը` Նարգիզ Փաշաևան, որը գլխավորում է ՄՊՀ մասնաճյուղը: Փաշաևների ընտանիքը վերահսկում է շինարարությունը, կապը, սպորտի և երիտասարդության նախարարությունը, առողջապահության և կրթության նախարարություններն ուղղակի այն պատճառով, որ այդ բնագավառները հետաքրքիր են առաջին տիկնոջը: Նրանց է պատկանում Բաքվում Գուգենհեյմի թանգարանի մասնաճյուղը բացելու գաղափարը: Ավելի ուշ Բաքվում բացվել է ժամանակակից արվեստի թանգարան: Հատկանշական է, որ պատկերասրահի կենտրոնում Մեհրիբան, Նարգիզ և Արիֆ Փաշաևների դիմանկարներն են: Փաշաևների սեփականությունը և կապիտալը կառավարվում է Pasha Holding-ի կողմից, որը ներառում է Pasha Bank, Pasha Insurance, Pasha construction և Pasha Travel: Ընտանիքին է պատկանում Lider TV հեռուստաընկերությունը: 2009-ի նոյեմբերին Pasha Holding-ը Բաքվում բացեց առաջին և միակ Bentley խանութը:

Ամերիկյան դիվանագետները նաև նշում են, որ Փաշաևների ընտանիքն ավելի լավ է ռուսերեն խոսում, քան ադրբեջաներեն, ինչը զարմանալի չէ. Բաքվում բոլոր հարուստ մարդկանց երեխաները սովորել են ռուսական դպրոցներում, այնուհետև` Մոսկվայում: Անկախ և ընդդիմադիր փորձագետների կարծիքով Ադրբեջանի իրավիճակը հիշեցնում է միջնադարյան ֆեոդալականություն: Ընդ որում, առաջատար ընտանիքները պայմանավորվում են, թե ինչպես կիսեն շահույթը, բիզնեսի ոլորտները` միմյանց չխանգարելու համար: Երկրի տնտեսությունն իր աճող նավթային և գազային եկամուտներով հսկայական հնարավորություններ և հարստություն է ստեղծում մարդկանց ոչ մեծ խմբի համար, որոնք իրենց համարում են Ադրբեջանի վերնախավը:

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ հրապարակումներից հետո Բաքվում սկսեցին հերքել այն ամենն, ինչ իբր ասվել էր ամերիկյան դիվանագետների կողմից, ինչը ոչ մի դեպքում պետք չէր անել` հատկապես կապված WikiLeaks հրապարակումների հետ: Չէ որ ստացվում է, որ հերքումները դառնում են այն բանի ապացույցը, որ ոչ բոլոր հեռագրերն են կեղծ: Նույն իրավիճակն է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսի և Իլհամ Ալիևի զրույցի «մանրամասների» հետ կապված: Շատ հնարավոր է, որ տեղեկատվության արտահոսքի որոշակի ընտրողականությունը ձեռնտու է ԱՄՆ-ին, որը ցանկանում է տեղը դնել որոշ հետխորհրդային երկրների առաջնորդների: Եվ Ալիևների-Փաշաևների ընտանիքն առաջինն է այդ ցուցակում: Հնարավոր է` հենց այդ գործողություններով ԱՄՆ-ն ցանկանում է չեզոքացնել կլանը և կանխել պատերազմը Ղարաբաղում: Բանն ամերիկյան մարդասիրության մեջ չէ, ամեն ինչ կառուցվում է հաշվարկների վրա. Օբամայի վարչակազմին Հարավային Կովկասում նոր պատերազմ բոլորովին պետք չէ:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---