Դինքի սպանությունից 10 տարի է անցել. Հետաքննությունը դեռ չի ավարտվել

Դինքի սպանությունից 10 տարի է անցել. Հետաքննությունը դեռ չի ավարտվել

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին լրանում է Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցը:

2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Դինքի սպանության գործի հետաքննությունը շարունակվում է մինչ օրս: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնում:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում:

2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը:

2015-ին պարզվել է, որ Դինքի սպանության համար 22 տարի 10 ամիս ազատազրկման դատապարտված Օգյուն Սամասթը սպանության օրը 3 անգամ զանգահարել է հեռախոսային խցիկներից, որոնք սպանությունից հետո տեղափոխել են:

Իսկ հեռախոսազանգերի գրանցումները ոստիկանության գլխավոր վարչության հետախուզական բաժանմուքի պետ Ռամազան Աքյուրեքը 2011-ին ոչնչացրել էր, ինչի հետևանքով կորել էին նաև 2007-ի հեռախոսազանգերի արձանագրությունները:

Հեռախոսազրույցների և տեսախցիկների արձանագրությունների ուսումնասիրությունից նաև պարզ է դարձել, որ սպանության օրը Սամասթին 6 ոստիկան է հետևել: Նրանք դեպքի վայրում են եղել սպանությունից առաջ և հետո՝ գաղտնի հետևելով Սամասթին: Պարզվել է, որ ոստիկաններից մեկը Ստամբուլի նահանգային ժանդարմերիայի ենթասպա է:

Բացի այդ, 2015-ին Դինքի սպանության գործով մեղադրական նոր եզրակացությունն ուղարկվել է դատարան։

Փաստաթղթում նշվում է, որ Դինքի սպանության ամեն մանրուքի մասին պատկան մարմինները տեղյակ են եղել, սակայն կանխելու համար ոչինչ չեն արել: Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ պետական ծառայողներից շատերի պարտականությունն է եղել կանխել հանցագործությունը, պարտավոր են եղել պաշտպանել Դինքի անձը, սակայն աջակցել են հանցավոր զինյալ խմբավորմանը և անգամ գաղտնի զեկույցներ ու փաստաթղթեր են ոչնչացրել։

2016-ին Հրանտ Դինքի սպանության առթիվ թուրք պետպաշտոնյաների դեմ հարուցված քրգործի շրջանակում հերթական նոր փաստեր են ի հայտ եկել:

«Ակոս»-ի թղթակից Ույգար Գյուլթեքինի հոդվածի համաձայն՝ Դինքի սպանությունից ընդամենը 3 ամիս առաջ Ստամբուլի բոլոր անվտանգության միավորներին գրավոր հրանհանգ է ուղարկվել, որով նախատեսվում էր նաև «Ակոս»-ի ներկայացուցիչների անվտանգության ապահովումը:

Նշյալ գրությանը կից ուղարկված դպրոցների, եկեղեցիների, հիվանդանոցներ և այլ հայկական հաստատությունների ցուցակում ներառված է եղել նաև հայկական «Ակոս» թերթը: Չնայած այս ամենին՝ «Ակոս» թերթի համար որևէ անվտանգության միջոցառում չի ձեռնարկվել և գրությունից ընդամենը երեք ամիս անց թերթի գլխավոր խմբագիրը սպանվել է հենց խմբագրատան մուտքի մոտ:

2016-ին նաև մեղադրանք է առաջադրվել 26 պետական ծառայողի, այդ թվում անվտանգության գլխավոր վարչության հետախուզական բաժնի նախկին պետ Ռամազան Աքյուրեքին, Ստամբուլի հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերին և անվտանգության գլխավոր վարչության նախկին հետախուզության նախկին պետ Էնգին Դինչին:

Նրանք մեղադրվել են «զինված խումբ ստեղծելու և ղեկավարելու», «զինված ահաբեկչական խմբի անդամ լինելու», «պաշտոնական դիրքը չարաշահելու», «պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, ոչնչացնելու կամ թաքցնելու», «ծրագրած սպանության», «անփութությամբ սպանությանը նպաստելու դիտավորության» հոդվածների հատկանիշներով:

Կարդացեք նաև՝ «Հրանտ Դինքի սպանության մութ կողմերը և Ամերիկայի ենիչերիները». Հանցագործը գիրք է գրել

Կարդացեք նաև՝ Դինքին սպանողի հետ լուսանկարված սպաներն աշխատանքից ազատվել են գյուլենական լինելու պատճառով

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---