// IP Marketing video - START// IP Marketing video - END
Արևային էներգիայի անցնելու համար մեկ ընտանիքից մոտ $1500 կպահանջվի

Հայկ Հարությունյան.

Արևային էներգիայի անցնելու համար մեկ ընտանիքից մոտ $1500 կպահանջվի

PanARMENIAN.Net - Ի՞նչ ուղղություններով է զարգանում ՀՀ էներգետիկ դաշտը: Արդյո՞ք փակվելու է ատոմակայանը: Որքա՞ն կարժենա սովորական բնակարանն արևային էներգիայով ապահովելը: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ PanARMENIAN.Net-ը զրուցել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի հետ:
Շատ է խոսվում ատոմակայանի կարևորության ու նոր էներգաբլոկի կառուցման անհրաժեշտության մասին, բայց զուգահեռ կառուցվում են ՋԷԿ-եր, փորձ է արվում դրա համար արաբական երկրներից ներդրողներ գրավելու: Ո՞ւր է ուղղվելու նոր ՋԷԿ-երի գեներացրած էներգիան, և արդյոք սա նշանակում է, որ կառավարությունը պատրաստվում է ԱԷԿ-ի փակմանը:
Երևանի նոր ՋԷԿ-ը գալիս է փոխարինելու Հրազդանի հին ՋԷԿ-ին: Հետագա էներգաբալանսից է կախված՝ դրա արտադրած էներգիայի որ մասը կգնա ներքին սպառման, որ մասը՝ արտաքին: Մեր կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ էներգետիկան ունի 4 հենասյուն՝ վերականգնվող էներգետիկայի զարգացում, էներգախնայողության ոլորտի բարելավում ու զարգացում, տարածաշրջանային ինտեգրացում ու էներգակիրների մատակարարման ուղիների դիվերսիֆիկացում և ատոմային էներգետիկայի զարգացում: Էներգետիկ քաղաքականությունը հիմնված է այս 4 հենասյան վրա, ու ատոմային էներգետիկան սրանցից մեկն է: Մենք փորձում ենք 4 ուղղությունն էլ հավասարաչափ զարգացնել:

Արևային և քամու էներգիայի մասնաբաժինն ընդհանուր էներգետիկայի արտադրության ոլորտում 1%-ից էլ քիչ է: Ունե՞ք արդյոք ծրագիր կամ կարող եք կանխատեսումները ներկայացնել, թե որքան է կազմելու դրանց մասնաբաժինը 5-10 տարի անց:
Ընդհանուր եթե խոսենք այլընտրանքային էներգետիկայի մասնաբաժնից, այն էներգաարտադրության ոլորտում 35%-ից ավելի է, քանի որ հիդրոէներգետիկան էլ է համարվում այլընտրանքային: Արևայինի զարգացումը նոր ենք սկսել, և մի քանի տարի անց հստակ տվյալներ կունենանք: Հիմա մի քանի խոշոր ծրագիր ունենք, որ պատրաստվում ենք իրականացնել: Կանխատեսումներ ունենք, իհարկե, բայց ամեն ինչ կախված է սակագներից ու ոլորտների զարգացումից: Նոր տեխնոլոգիաներ են հայտնվում, սակագինը փոխվում է, ըստ դրա՝ կանխատեսումներն ու ծրագրերն էլ են փոխվում: Մինչև 2025 թիվը նախատեսում ենք, որ ընդհանուր էներգաարտադրության ոլորտում 50%-ից ավելին կկազմի այլընտրանքայինը՝ ներառյալ հիդրոէներգետիկան:

Կառավարությունն ու հատկապես՝ վարչապետը, կոչ են անում օգտվել արևային էներգիայից: Կարող եք արդյոք ներկայացնել՝ որքան գումար է անհրաժեշտ սովորական բնակարանն արևային էներգիայով ապահովելու համար: Որքան ժամանակ անց մարդիկ կզգան «օգուտը»:
Մի քիչ դժվար է նման հաշվարկ ներկայացնելը: Միջին վիճակագրական ընտանիքի համար տարեկան սպառումը կազմում է մոտ 2400 կՎտ: Դրա համար անհրաժեշտ են մոտ 1.5 կՎտ դրվածքային հզորությամբ արևային վահանակներ, որոնք կարտադրեն այդքան ծավալի էլէներգիա: Դրա միջին արժեքը հիմա շուկայում մոտ $1500 է: Եթե արևային էներգիայի անցնելու նպատակ կա, պետք է դիմել համապատասխան ընկերություններին, որոնք կգան, կչափագրեն, կնայեն պայմանները՝ հարավային կողմ կա, թե՝ ոչ, տանիքում հնարավոր է տեղադրել, թե՝ ոչ: Ամեն տան, ընտանիքի համար անհատական մոտեցում, հաշվարկ է անհրաժեշտ:

Շատ է խոսվում արաբական երկրներից էներգետիկայի ոլորտ ներդրումներ ներգրավելու մասին: Ուր են ուղղվում այդ ներդրումները, կա՞ն արդյոք կոնկրետ ծրագրեր, թե՝ ոչ:
Կան հստակ ծրագրեր՝ կապված արևային, քամու էներգիայի ոլորտների հետ: Նույն ներդրողները հետաքրքրված են նաև գյուղատնտեսության ոլորտում ներդրումների հնարավորությամբ: Ծրագրերը շատ են, հետաքրքրվածությունը՝ մեծ ու ընդգրկուն:

Իսկ ինչով է պայմանավորված արաբական երկրների՝ ՀՀ-ում ներդրումներ կատարելու հարցում հետաքրքրությունը:
Մի շարք գործոններ կան՝ և ներդրողների նկատմամբ նոր կառավարության վարած քաղաքականությամբ վստահություն ենք ներշնչում, և նախագահի կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, տնտեսական ֆորումը: Մի բան կարող եմ ասել, որ իրենց համար ՀՀ-ն բոլոր կետերով համապատասխանում է ներդրումներ կատարելու համար լավ երկրի համար առաջադրվող չափանիշներին՝ քաղաքական կայունություն, տնտեսական աճ, չիրացված հսկայական պոտենցիալ, Էմիրությունների հետ լավ քաղաքական հարաբերություններ: ՀՀ-ն ամեն առումով իրենց համար համարվում է ներդրումների համար լավ ուղղություն:

Վերջերս Վրաստանը հայտարարեց, որ գազը գնելու է միայն Ադրբեջանից: Արդյո՞ք սա նշանակում է, որ գազի տարանցման ծրագիրն Իրանից ՀՀ տարածքով դեպի Վրաստան չեղարկվում է:
Միանշանակ ոչ: Ճիշտն ասած, Վրաստանի այդ հայտարարությանն անգամ ծանոթ չեմ, սակայն ես գիտեմ, որ կա վրացական ընկերություն, որն իրանական կողմի հետ գազի գնման պայմանագիր ունի: Հիմա մենք իրակական կողմի հետ տարանցման հետ կապված տարբեր հարցերի շուրջ ենք բանակցում, որովհետև դա պետք է լինի փոխշահավետ պայմաններով: Փակագծերն առանց շատ բացելու կարող եմ ասել, որ մենք իրանական կողմի հետ զուգահեռ բանակցում ենք նաև իրենց տարածքով գազի տարանցման հնարավորության շուրջ: Խոսքն Իրանի տարածքով թուրքմենական գազի ՀՀ ներմուծման մասին է: Մոտեցումը պետք է լինի ավելի ընդգրկուն: Բանակցությունները դեռ ընթանում են: Ոչինչ չի բացառվում:

Այսինքն, Վրաստանը, անկախ իր հայտարարությունից, չի՞ հրաժարվել գազի տարանցման շուրջ ՀՀ-ի և Իրանի հետ բանակցություններից: Հնարավո՞ր է, որ այս հայտարարությունը ավելի շատ քաղաքական բնույթ է կրել, ոչ թե՝ տնտեսական:
Սա արդեն իրենցից է պետք ճշտել:

«Ռուսգիդրոյի» բաժնետոմսերի հնարավոր վաճառքի մասին ի՞նչ կասեք: Ասում են՝ ռուսական ընկերությունները կորցնում են հետաքրքրությունը մեր տարածաշրջանի հանդեպ:
Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը բավականին լավ կառույց է՝ համակարգային լուրջ նշանակություն ունեցող: Վստահ եմ, որ ներդրումային հետաքրքրությունն այդ կառույցի հետ կապված քիչ չի լինի: Թե ինչու է ռուսական ընկերությունն ուզում դա օտարել, հավանաբար իրենց պատճառներն ունեն, բայց որ հաստատ «անտեր» չի մնա, դա պարզ է:

Փոխնախարարի հետ զրուցել ենք նաև էներգետիկ շուկայի ազատականացման մասին: Հայկ Հարությունյանի պնդմամբ, դրա արդյունքում ՀԷՑ-ը կկորցնի էլեկտրաէներգիայի մատակարարման մենաշնորհն ու կստեղծվի պատասխանատվությունների համակարգ, որպեսզի մատակարարման շուրջ ձեռք բերված պարտավորությունները պահպանվեն:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net