Ջավախահայ դպրոցականներին թույլ չեն տվել մասնակցել Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին

Ջավախահայ դպրոցականներին թույլ չեն տվել մասնակցել Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին

PanARMENIAN.Net - ԶԼՄ-ները, որոնք լուսաբանում են իրավիճակը հայաբնակ Ջավախքում, բավականին հաճախ են անդրադառնում տարածաշրջանի «հայկական» դպրոցների թեմային, ասվում է Ջավախահայերի ազգային խորհրդի մամլո կենտրոնի հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Այս առնչությամբ հատկանշական է ապրիլի 24-ին Ախալցխայում տեղի ունեցած միջադեպը: Նախօրեին բոլոր հայկական դպրոցների տնօրեններին կանչել են Ախալցխայի Ռեսուրս-կենտրոն և խորհուրդ տվել չմասնակցել սգո միջոցառումներին:

Ապրիլի 24-ին Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված պատարագից հետո սգո երթը ուղղվեց դեպի Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: Երթի մասնակիցներն անցնում էին հայկական դպրոցի մոտով, որի բակում հավաքված աշակերտները հակաթուրքական կարգախոսներ էին վանկարկում: Դպրոցի դարպասներն անմիջապես փակվեցին և երեխաներին դուրս չթողեցին: Ուսուցիչներն իրենց վրա վերցրեցին ոստիկանական պարտավորությունները, իսկ դպրոցականները դուրս ցատկելով 4-հարկանի շենքի ստորին հարկերի պատուհաններից, խումբ-խումբ հավաքվում էին խաչքարի մոտ արդեն սգո միջոցառման ավարտին:

Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված ոչ մի միջոցառում դպրոցում չէր կազմակերպվել, այն դեպքում երբ բոլոր պետական հիշատակի օրերը այդ նույն դպրոցում մեծ շուքով են նշվում: Ուսուցչական կազմից ու դպրոցի տնօրինությունից շատ բան է կախված, առավել ևս, որ ուսումնական հաստատության կանոնները դա թույլ են տալիս: Սակայն նրանք այլ ճանապարհ ընտրեցին, այդպիսով անուղղելի վնաս հասցնելով մատաղ սերնդի հոգեբանությանը և սերմանելով կույր հնազանդության ու ստրկամտության սերմերը:

Ստեղծված վիճակում իշխանությունների, ինչպես նաև դպրոցի տնօրինության գործողությունները վերին աստիճանի անբարոյական են: Վրաստանի իշխանությունները խախտել են Ջավախքի բնիկ ժողովրդի ազգային ինքնության արտահայտմանը միջամտելու սահմանները, ինչը չի կարող և չի մնա անհետևանք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---