Ռումինիայում տեղի են ունեցել Առաջին հանրապետությանը նվիրված հանդիսավոր միջոցառումներ

Ռումինիայում տեղի են ունեցել Առաջին հանրապետությանը նվիրված հանդիսավոր միջոցառումներ

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին Ռումինիայում Հայաստանի դեսպանության և Ռումինիայի Հայոց միության համատեղ կազմակերպմամբ Բուխարեստում տեղի ունեցան Հանրապետության տոնին նվիրված հանդիսություններ: Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում Սարդարապատի հերոսամարտի ոգեկոչումից հետո Հայոց միության մշակութային կենտրոնում բացվեց ցուցադրություն: Հայոց պետականության վերականգնման, այդ իրադարձությունների հետ ռումինահայոց առնչությունների, 1991թ. դեկտեմբերի 11-ին Ռումինիայի կողմից Հայաստանի անկախության ճանաչման մասին ելույթներով հանդես եկան դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև Եպս. Հակոբյանը և Ռումինիայի Հայոց միության նախագահ սենատոր Վարուժան Ոսկանյանը: Օրվա հիմնական բանախոս, ճանաչված գրող և լրագրող Վարդան Առաքելյանը արխիվային հետազոտությունների հիման վրա մանրամասներ ներկայացրեց 1920թ. Ռումինիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Հայաստանի Գլխավոր/ Պատվավոր հյուպատոսության գործունեության վերաբերյալ: Այնուհետև Հանրապետության տոնին նվիրված ժողովրդային հանդես տեղի ունեցավ Բուխարեստի Հանուլ Մանուկ համալիրում: Նշանավոր այդ իջևանատունը 1809թ. կառուցել է ժամանակին Բալկաններում մեծահարուստ և ազդեցիկ մարդկանցից մեկը` Մանուկբեյ Միրզայանը:

«Եթե մենք լավ ճանաչենք մեր պատմությունը և մեր արժեքները, ապա հպարտանալու իրավունք կունենանք` համոզվելով, թե ինչ տոկուն և օժտված ժողովուրդ ենք, ինչ վիթխարի ներդրում ենք ունեցել համաշխարհային քաղաքակրթության մեջ` Կովկասից մինչև Կապադովկիա, Պոնտոսից մինչև Միջերկրական, Միջագետքից մինչև Բալկաններ: Այս գիտակցումը կամրապնդի և կհարստացնի մեր հայկական ինքնությունը` մեր անձին տալով հավելյալ մի արժեք, որն այսօրվա մրցակցության պայմաններում հանրային թե անձնական հաջողության երաշխիք է:

Պատմությունն այնպես է արել, որ մեր ժողովրդի առջև դրել է շատ մեծ խնդիրներ, այնպիսիք, որոնց հաղթահարումը յուրաքանչյուրիս կյանքը դարձնում է յուրատեսակ առաքելություն: Իմ կարծիքով, դա և պարտականություն է, և բախտ. դրանով մեր հայկական կյանքի իմաստը խորանում է, մեզ գործելու լրացուցիչ լիցք հաղորդում»,- ռումինահայերին ուղղված իր խոսքում ասաց դեսպան Համլետ Գասպարյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---