Ազգային ժողովում թեժ քննարկումներ ծավալվեցին Սևանա լճից հավելյալ 150 մլն խմ ջրառ կատարելու հարցի շուրջ![]() 22 հունիսի 2012 - 20:21 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստարջանի աշխատանքը: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նախորդ օրը քննարկված «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Պատգամավորները շարունակեցին նախորդ օրը ընդհատված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ մտքերի փոխանակությունը: Քննարկվող հարցի վերաբերյալ «Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը ներկայացրեց Մհեր Շահգելդյանը: Պատգամավորը նկատեց, որ ներկայացված փաթեթում ամրագրված արտոնագրային վճարների համակարգը հնարավորություն կտա մանր և միջին բիզնեսով զբաղվողգործարարներին կանխատեսելի և ճկուն դարձնել իրենց գործունեությունը: Բացի այդ, սահմանամերձ համայնքներում կստեղծվեն նոր աշխատատեղեր: Նա տեղեկացրեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու ներկայացված օրինագծերի փաթեթին: Քննարկման ավարտից հետո փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ քննարկեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Հաշվի առնելով խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողների կողմից գործունեության դադարեցման դեպքում պետական բյուջեի եկամուտների նվազեցման ռիսկը և նպատակ ունենալով խրախուսել գործունեություն իրականացնողներին` շարունակելու իրենց գործունեությունը` կառավարությունն առաջարկում է պետական տուրքի չափը մինչև 2013 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար որոշել տարեկան պետական տուրքի գումարի մեկ տասներկուերորդի և 2012 թվականի ընթացքում հերթական պետական տուրքի վճարման ամսվանից մինչև 2013 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում ներառված ոչ ամբողջական ամիսների թվի արտադրյալով: Օրինագծի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր Ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ փաթեթով առաջարկվում է թույլատրել այս տարվա ընթացքում Սևանա լճից կատարելու հավելյալ 150 մլն խորանարդ մետր ջրառ` ոռոգելու համար հանրապետության շուրջ 40 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ: Անդրանիկ Անդրեասյանը նկատեց, որ տարեսկզբին կանխատեսվել էր ջրառատ տարի, սակայն սպասումները չեն իրականացել: Ի պատասխան պատգամավորների հարցադրումների հիմնական զեկուցողը նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում այն տեսակետները, թե ջրառը Սևանա լճից կատարվելու է հարակից օբյեկտների և առանձնատների փրկության համար: Նա տեղեկացրեց, որ նախատեսվող 150 մլն խմ ջրառը լճի մակարդակը կնվազեցնի ընդամենը 10-12 սմ-ով, ինչն այս դեպքում էական նշանակություն չի կարող ունենալ: Սևանա լճից լրացուցիչ 150 մլն խորանարդ մետր ջուր բացթողնելու կառավարության նախաձեռնությունը որոշ պատագամավորների քննադատությանն արժանացավ: Պատգամավորների մի մասն էլ հասկանալի և պարտադրված քայլ համարեց սակավաջրության պայմաններում գյուղատնտեսական նպատակներով լրացուցիչ ջուր հատկացնելու ոորոշումը: Կառավարության առաջարկի ընդդիմախոսները հարցադրումների, այնուհետև ելույթների մեջ մտահոգություն հայտնեցին Սևանա լճիմակարդակը կրկին ցածրացնելու հնարավոր վտանգի մասին` նշելով, որ այն բարձրացվել էր մեծ ջանքերի ու ֆինանսական ռեսուրսների հաշվին: Պատգամավորների գնահատմամբ` ջրի բացթողումն այս ծավալով բացասաբար կանդրադառնա լճի էկոհամակարգի վրա: Այս մասին, ըստ ելույթ ունեցողների, ահազանգել են նաև բնապահպանական հասարակական կազմակերպություններ: Նախաձեռնությունը պաշտպանողները կարծում են, որ լրացուցիչ ջուր բաց թողնելու արդյունքում կկարողանան ոռոգել 40 հազար հեկտար տարածությամբ հողեր` հիմնականում Արարատյան դաշտավայրում: Կառավարության ներկայացուցիչ Անդրանիկ Անդրեասյանը, պատգամավորների հարցադրումներին ի պատասխան, կրկին փաստեց, որՍևանը ազգային արժեք է, սակայն դժվար իրավիճակներում, ինչպիսին այս տարի սպասվող սակավաջուր ամառն է, պետք է նաև ծառայի ժողովրդին, հատկապես որ Սևանի մակարդակի բարձրացման առաջանցիկ տեմպերը տալիս են նման հնարավորություն: Նա տեղեկացրեց, որ վերջին 10 տարիներին լճի մակարդակը բարձրացել է 4 մետրով, ծրագրված համադրելի ցուցանիշը 2,5 մետր է: Անդրանիկ Անդրեասյանը նաև նշեց, որ ոռոգման և ընդհանրապես ջրամատակարարման հիմնախնդիրը լուծելու համար նախատեսել են տարբեր ներդրումային ծրագրեր և հիմնականում ուշադրություն են դարձնելու ներտնային բաշխիչ ցանցերի վերականգնման վրա` ջրի կորուստները նվազագույնի հասցնելու համար: Նաև գումարներ են նախատեսվել ջրամբարների կառուցման ու վերանորոգման համար: ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանը ներկայացրեց փաթեթի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը և նշեց, որ քննարկումների արդյունքում էսահմանվել մինչև 320 խորանարդ մետր սահմանգիծը` ավելի քիչ ջուր բաց թողնելու հնարավորություն ստեղծելով: Հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն հայտնեց հարցը քննարկել հասարակական կազմակերպությունների հետ` հաշվի առնելով վերջիններիս մեծ ուշադրությունը, նաև` լսումների ձևաչափով: Քննարկվող հարցի վերաբերյալ պատգամավորների ելույթներից հետո տեսակետներ ներկայացրին խորհրդարանի քաղաքական ուժերը: «Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց Ռուբիկ Հակոբյանը: Պատգամավորը կոչ արեց ներկաներին դեմ քվեարկել օրինագծերի փաթեթին և անհապաղ զբաղվել Սևանի հարցով: Ներկայացնելով ՀԱԿ խմբակցության բացասական տեսակետը` Հրանտ Բագրատյանը նույնպես կոչ արեց դեմ քվեարկել: Հրանտ Բագրատյանի կարծիքով` ջրօգտագործման ոլորտում անհրաժեշտ է կատարել բարեփոխումներ: ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ Վարդան Այվազյանը: Նա տեղեկացրեց, որ մինչև 2002թ. գրանցվել է Սևանի ջրի մակարդակի իջեցում, իսկ 2002-2012 թվականներին` 412 սմ բարձրացում: Վարդան Այվազյանն անհրաժեշտ համարեց ոռոգման նպատակով Սևանա լճից ջրի հավելյալ բացթողումը: Նա տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն քվեարկելու է հօգուտ օրինագծերի փաթեթի: ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Սամվել Բալասանյանը: Պատգամավորը կարծում է, որ ջրամբարները ճիշտ օգտագործելու արդյունքում կխնայվեն Հայաստանի ջրային ռեսուրսները: Նա առաջարկեց քննարկվող հարցը մանրակրկիտ ուսումնասիրելու համար ստեղծել ենթահանձնաժողով, կազմակերպել խորհրդարանական լսումներ: Սամվել Բալասանյանը նշեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու օրինագծերի փաթեթին: Եզրափակիչ ելույթում Անդրանիկ Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովին շահագրգիռ և բովանդակալից քննարկումների համար և հորդորեց հավանություն տալ օրինագծերի փաթեթին: Քննարկվող հարցի ավարտից հետո անցկացվեցին քվեարկություններ: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքինախագիծը և «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց 2012 թվականի մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը: Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ ըստ համաձայնագրի` Ասիական զարգացման բանկը հանրապետության ավելի քան 100 բնակավայրերում ջրամատակարարման բաշխիչ ցանցեր կառուցելու և վերականգնելու նպատակով կտրամադրի 40 մլն դոլար: Վարկային այս միջոցները կուղղվեն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքի համայնքներին: Ոլորտի պատասխանատուի տեղեկացմամբ` նախատեսված համայնքներում միջինը 3 ժամով կավելանա ջրամատակարման ծավալը, նաև` վարակազերծման արդյունքում կբարելավվի ջրի որակը: Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ վարկի տրամադրման ժամկետը 32 տարի է. ծրագիրը ենթադրվում է ավարտել մինչև 2017 թվականի ապրիլի 30-ը: Քննարկվող հարցի վերաբերյալ իրենց դրական եզրակացությունները ներկայացրին գլխադասային հանձնաժողովների` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Վահան Բաբայանը` տեղեկացնելով, որ թեև իրենց խմբակցությունը դեմ է արտաքին պարտքի կուտակմանը, բայց հաշվի առնելով ջրամատակարարման ոլորտում կուտակված հիմնախնդիրները` խմբակցությունը որոշել է կողմ քվեարկել վարկային համաձայնագրին: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց և քվեարկությամբ ընդունեց նստաշրջանի օրակարգում ընդգրկված օրինագծերը և վավերացրեց «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |