Ի՞նչ պատահեց միջազգային հանրությանը` ի դեմս ՄԱԿ-ի: Այն հանկարծ «նկատեց» Ադրբեջանի իրական դեմքը

Ի՞նչ պատահեց միջազգային հանրությանը` ի դեմս ՄԱԿ-ի: Այն հանկարծ «նկատեց» Ադրբեջանի իրական դեմքը

PanARMENIAN.Net - Երկուշաբթի փոքր հրաշք կատարվեց. աշխարհը հանկարծ «նկատեց» սպառազինության այն հսկայական քանակը, որը գնում և արտադրում է Ադրբեջանը: Ավելի մանրամասն. նախօրեին տարածվեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի «Սովորական սպառազինության հանդեպ հսկողությունը տարածաշրջանային և մերձտարածաշրջանային մակարդակներում» զեկույցը, որում ընդգրկվել է Հայաստանի դիրքորոշումը Ադրբեջանի կողմից ԵՍԶՈՒՊ խախտման առնչությամբ: Զեկույցում հաղորդվում է, որ 2012թ. հունվարի 1-ի դրությամբ Բաքուն ԵՍԶՈՒՊ սահմանափակումները խախտել է միանգամից երեք կարգերում: Այդպես, մարտական տանկերի պահուստները կազմում են 381 միավոր, մինչդեռ թույլատրելի սահմանը կազմում է 220, հրետանին` 516 միավոր (թույլատրելի սահմանը` 285): Անցյալ տարի Ադրբեջանը նաև 47 միավորով ավելցրել է հրետանային կայանքները, 106 միավորով` մարտական զրահամեքենաների թիվը` 220 սահմանի դեպքում հասցնելով դրանք 287-ի, իսկ հարվածային ուղղաթիռների թիվը երեքից հասցրել է հինգի:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցում նշվում է, որ Բաքվի ռազմական բյուջեի նման ավելացումը և նրա ագրեսից հակահայկական հռետորությունը սրում է լարվածությունը Հարավային Կովկասում և խոչընդոտում ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացին:

Ի՞նչ պատահեց հանկարծ միջազգային հանրությանը` ի դեմս ՄԱԿ-ի:

Ադրբեջանն արդեն առաջին տարին չէ, որ ակտիվորեն զինվում է` բացարձակապես չկոծկելով դա: Զենքը երկիրը գնում է անհավանական քանակներով արտասահմանից, ընդ որում, ինչպես բազմիցս հիշատակվել է, նաև ղարաբաղյան հակամարտության միջնորդ երկրներից: Ոչ պակաս զենք է արտադրվում նաև ինքնին Ադրբեջանում:

Արժե խոստովանել, որ միջազգային հանրության աչքերը հանկարծակի չբացվեցին, այդ միտումը դիտվում է վերջին շաբաթների ընթացքում: Հունիսի վերջին ԱՄՆ Պետքարտուղարությունը բացառեց Ադրբեջանը ամերիկյան ռազմատեխնիկա գնելու իրավունք ունեցող երկրների ցուցակից:

Դրան հաջորդեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը Արցախում գտնվող օդանավակայանի, մասնավորապես, այն մասին, որ իրենք քաղաքացիական օդանավերի հանդեպ ուժի չկիրառման երաշխիքներ են ստացել: «Կողմերը վստահեցրել են համանախագահներին, որ հերքում են ցանկացած սպառնալիք կամ ուժի կիրառում քաղաքացիական օդանավերի հանդեպ և դիվանագիտական քայլեր են իրականացնելու` ձեռնպահ մնալով հարցի քաղաքականացումից»,- ասվում է միջնորդների հայտարարության մեջ:

Ավելի ուշ հրապարակվեց ԵԱՀԿ ՄԽ ևս մեկ հայտարարություն Արցախում նախագահական ընտրությունների մասին, որտեղ նրանք նշեցին, որ հասկանում են «Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից նման ընթացակարգերի միջոցով բնակչության կյանքի ժողովրդավարական կարգերի «դե-ֆակտո» կազմակերպման անհրաժեշտությունը»:

Այդ վերջին երկու հայտարարությունները վրդովեցին Բաքվին, որը միջնորդներին մեղադրեց «կեղծավորության և կեղտոտ քաղաքականություն վարելու» մեջ:

Ուրեմն ի՞նչ է կատարվում:

Արդյո՞ք Ադրբեջանը կորցրեց իր նավթային նշանակությունը միջազգային հանրության համար, հանուն որի այդ հանրությունը կարող էր անգամ զոհաբերել իր սկզբունքները: Միգուցե, շարունակվող «արաբական գարնան» արդյունքում տերությունների համար նոր, ավելի շահավետ եկամտի աղբյուրնե՞ր են բացվել: Կամ էլ միջնորդներն ու տերությունները վերջապես հոգնե՞լ են իրենց հանդեպ Ադրբեջանի` անպատժելիությամբ սնուցվող բռի վերաբերմունքից. Բաքուն առանց ամաչելու արհամարում է ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու, ռազմական ճարտասանությանը և հայկական կողմի հանդեպ սադրանքներին վերջ տալու կոչերը:

Կամ էլ, որ ամենաանհավանականն է, այդ հանրությունը որոշել է, այնուամենայնիվ, հետևել խղճի թելադրանքին և արդարացի լուծո՞ւմ տալ խնդրին:

Առայժմ այդ հարցերը պատասխան չունեն: Իսկ միջազգային հանրությունը սովորաբար այնքան անկայուն է:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
Partner news
 Ուշագրավ
Այնուհետև Մարտակերտ շրջկենտրոնում երկրի ղեկավարն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն
Ադրբեջանական ազգային պլատֆորմը (ԱԱՊ) դիմում է հղել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովին ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ
Ուսումնարանի շրջանավարտները ազատ կտիրապետեն ռուսերենին ու անգլերենին, ինչպես նաև ադրբեջաներենին
Համանախագահները այցը կսկսեն Բաքվից, նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մայիսի 23-ին կժամանեն Երևան
Partner news