Արցախի ՊԲ-ն փառազրկել է ադրբեջանական հեքիաթը «խիստ կարևոր բարձունքը գրավելու» մասին և խորհուրդ տվել Բաքվին չդառնալ ստի գերի

Արցախի ՊԲ-ն փառազրկել է  ադրբեջանական հեքիաթը «խիստ կարևոր բարձունքը գրավելու» մասին և խորհուրդ տվել Բաքվին չդառնալ ստի գերի

PanARMENIAN.Net - Օրերս ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հյուսված հերթական հեքիաթն առ այն, թե իբր այդ երկրի պաշտպանության նախարար Ս. Աբիևի անմիջական ղեկավարությամբ մշակված ռազմագործողության արդյունքում հուլիսի 27-ին Մռով սարի ուղղությամբ գրավել են ռազմավարական նշանակության մի բարձունք, իսկ այստեղ եղած հայ զինվորներից շատերը իբր կամավոր գերի են հանձնվել իրենց, ոչ այլ ինչ է, քան հիվանդ երևակայության արգասիք: Այդ մասին ասվում է Արցախի Պաշտպանության բանկի հայտարարությունում:

«Ավելին, նշված տեղեկատվության բովանդակությունից կարելի է եզրահանգել, որ ինչպես տվյալ հեղինակը, այնպես էլ այդ տեղեկությունը տրամադրած Ադրբեջանի պաշտպանության նախարարության «գաղտնի աղբյուրը» ոչ միայն չունեն տարրական ռազմավարական ու մարտավարական մտածողություն, այլև զուրկ են գոնե աշխարհագրական դիրքը պատկերացնելու ունակությունից: Զավեշտալի է, երբ հոդվածագիրը, հղում անելով այսպես կոչված տվյալ «ռազմագործողությանը» մասնակից սպաներից մեկի վկայությանը, նշում է, թե «գրավված» բարձունքից լավ երևում են «Աղդարան» (Մարտակերտը) և «Քելբաջարը» (Քարվաճառը) և այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում խորքում:

Չնայած անշնորհակալ գործ է նման անլուրջ ապատեղեկատվությանն անդրադառնալը, այդուհանդերձ, հաշվի առնելով տարածված հաղորդագրության հանդեպ հասարակության դրսևորած հետաքրքրությունը, ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը հայտնում է հետևյալը. – իրականում, նախ` ադրբեջանական կողմը բարձունք է զբաղեցրել ոչ թե իր նախկին դիրքի առաջնամասում, այլև թիկունքում: Երկրորդ` այսպես կոչված «ռազմագործողության» արդյունքում նույն այդ «գրավված» դիրքում ադրբեջանական բանակը ոչ թե, ինչպես իրենք են հաղորդում, կորուստներ է պատճառել հայկական զինուժին, այլև հակառակը, միայն հուլիսի 29-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հենց իրենք են տվել 1 զոհ և 2 վիրավոր: Երրորդ` «գրավված» բարձունքից ոչ միայն հնարավոր չէ տեսնել Մարտակերտը կամ Քարվաճառը, այլև այն բացի ադրբեջանական քարոզչության կողմից հորինված և սեփական ժողովրդին արհեստականորեն ոգևորելու դատարկախոսություն լինելուց, որևէ կոնկրետ ռազմավարական կամ մարտավարական նշանակություն չունի:

Վերոնշյալն ամփոփելով նկատենք, որ ինչպես միշտ, այս անգամ ևս ադրբեջանական քարոզչությունը, փորձելով իրեն հատուկ ոճով ցանկալին ներկայացնել իրականի փոխարեն, տակավին հայտնվել է իր համար արդեն սովորական դարձած խղճուկ վիճակում: Մի իրողություն, որից դուրս գալու համար հարևան, բայց ոչ բարյացկամ երկրի պետական ու ոչ պետական քարոզչամիջոցներին անհրաժեշտ է ապավինել ոչ թե դատարկ երևակայությանը, այլև դեպքերի իրական զարգացմանը: Հակառակ դեպքում կարծեցյալ օպերացիաների մշակ գեներալ Աբիևի զինվորները «գրավված» բարձունքներից հնարավոր է տեսնեն ոչ թե Մարտակերտն ու Քարվաճառը, այլև իրենց գերագույն գլխավոր հրամանատարի նստավայր Բաքուն»,- ասվում է հայտարարությունում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---