Գագիկ Ղալաչյան. Հայաստանը մտադիր է բարձրացնել Հունգարիայի և Ադրբեջանի անօրինական գործողությունների հարցը13 սեպտեմբերի 2012 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Հունգարիան դեռ շատ անելիքներ ունի, որպեսզի արդարացնի հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին, որն ավելի ուշ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով ներում էր ստացել: Այդ մասին հայտարարել է Հունաստանում և Կիպրոսում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը: Նրա խոսքով, Հունգարիան պետք է ներողություն խնդրի համաշխարհային հանրությունից և Հայաստանից ու համապատասխան քայլեր ձեռնարկի Ադրբեջանից ստացված ապտակի առնչությամբ: Հակառակ դեպքում «մենք կառաջարկենք դիտարկել այդ քայլը որպես կանխամտածված գործողություն` ուղղված Հայաստանի դեմ», հաղորդում է Cyprus mail-ը: «Մենք կարծում ենք, որ Սաֆարովին ազատ արձակելով Ադրբեջանը վերջնականապես կորցրեց համաշխարհային հանրության աչքերում հուսալի գործընկեր երևալու շանսերը: Մենք հուսով ենք, որ համաշխարհային հանրությունը վերջապես վերջ կդնի «կեղծ արդարության» իր քաղաքականությանը և աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է հայ դիվանագետը, հավելելով, որ միջազգային հանրությունը, այդ թվում ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ը, ԵՄ-ը, ԵԽ-ը, ՀԱՊԿ-ը, ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան և մի շարք այլ երկրներ դատապարտել են Ադրբեջանին և իրենց աջակցությունը հայտնել Հայաստանին: «Բայց դա գործընթացի սկիզբն է: Հայաստանն օրինական հիմունքներով մտադիր է բարձրացնել այդ հարցը «իրավասու մարմիններում»,- ասել է Գագիկ Ղալաչյանը: 2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Օգոստոսի 31-ին Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում շնորհվեց: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Ըստ որոշ աղբյուրների, Սաֆարովի արտահնձնումն իրականացվել է Ադրբեջանի կողմից Հունգարիային տրամադրվելիք 2-3 եվրոյի դիմաց: Հունգարական կողմը հերքում է այս հայտարարությունները: Կուսակցության նիստի ժամանակ Օրբանը հայտարարել է, որ կուսակցության գործընկերները և խորհրդականները բազմիցս նախազգուշացրել են նրան նման քայլի վտանգավորության մասին, բայց հունգարացի վարչապետը դիտարկել է այդ որոշումը որպես ժեստ ադրբեջանցիների կողմը` Հունգարիայի բյուջեի համար նոր վարկատուներ ապահովելու համար: Օրբանը խոստովանել է, որ իմացել է հնարավոր հետևանքների մասին, բայց ակնկալել է, որ Սաֆարովին ներում կշնորհվի մի քանի ամիս անց «առողջական պատճառներով»: Հունգարիայի ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության առաջնորդ Աթիլա Մեշտերհազին իր երկրի վարչապետին անվանել է «բարոյապես սնանկ» և կոչ արել հրաժարական տալ: Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |