Փաստացի, Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը հայտնվում է ամերիկյան պատժամիջոցների շրջանակում

Փաստացի, Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը հայտնվում է ամերիկյան պատժամիջոցների շրջանակում

PanARMENIAN.Net - Բաքվում ԱՄՆ դեսպանատունն իր վերաբերմունքն է արտահայտել Արաքս սահամանամերձ գետի վրա ՀԷԿ-ի կառուցման հայ-իրանական նախագծի վերաբերյալ: «Մենք հետևում ենք պատժամիջոցների շրջանակում հայտնվող գործունեության վերաբերյալ բոլոր հաղորդագրություններին և պատրաստ ենք աշխատելու կողմերի հետ` էական մտավախություններ ի հայտ գալու և դրանց ազդեցության դեպքում», հայտարարել է ամերիկյան դեսպանատունը, հաղորդում է 1news.az-ը:

Նոյեմբերի 8-ին Հայաստանի Սյունիքի մարզում տեղի է ունեցել հայ-իրանական Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը: Արարողությանը մասնակցել է նախագահ Սարգսյանը և հայ-իրանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաջիդ Նամջուն:

Հայաստանն ու Իրանը ՀԷԿ-ի շինարարության մասին համաձայնագիրը ստորագրել են 2007թ., այն վավերացվել է ՀՀ և Իրանի խորհրդարաններում 2008-ին: 2011թ. դեկտեմբերի 23-ին Հայաստանի ու Իրանի նախագահները հանձնարարել են երկու երկրների նախարարներին ձեռնամուխ լինել նախագծի գործնական իրականացմանը 2012թ.:

Հայաստանն ու Իրանը սահմանային Արաքս գետի վրա կկառուցեն Հարավային Կովկասի երկու ամենահզոր ՀԷԿ-երը՝ հայկական կողմից այն կլինի Մեղրիում, իսկ Իրանի կողմից՝ Կարաչիլարում: Շինարարությունը զուգահեռ կընթանա, ինչը թույլ կտա օպտիմալացնել ծախսերը 10-15 տոկոսով:

Կայաններից յուրաքանչյուրը տարեկան կտա 793 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Մեղրիի ՀԷԿ-ի հաշվարկային հզորությունը կկազմի 130ՄՎտ: Շինարարությունը կտևի 5 տարի, այն գնահատվում է 323 մլն դլոար, որը կներդնի Իրանական ներդրումային ընկերությունը:

Շինարարության ավարտից հետո օբյեկտը 15 տարի կշահագործի իրանական Farat-Sepasat ընկերությունը: Արտադրված էլեկտրաէներգիան կառաքվի Իրան, որի հաշվին կմարվի իրանական կողմի ներդրված գումարը: 15 տարի շահագործվելուց հետո ՀԷԿ-ը կդառնա Հայաստանի սեփականությունը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---