Ադրբեջանը փորձում է իր այլասերված տրամաբանությունը տարածել մյուսների վրա

Ադրբեջանը փորձում է իր այլասերված տրամաբանությունը տարածել մյուսների վրա

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների ոլորտի բազմաթիվ միջազգային կազմակերպություններ ահազանգեցին Ադրբեջանում այլատյացության, ռասիզմի, անհանդուրժողականության և մարդու իրավունքների ոտնահարման սահմռկեցուցիչ դեպքերի մասին, ահազանգում են հայերի դեմ ատելության քաղաքականության վերաբերյալ, հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 19-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում:

Ըստ նախարարի, Ադրբեջանը ոչ միայն անտեսում է միջազգային հանրության սպասելիքները, այլ նաև անընդմեջ նոր քայլեր է ձեռնարկում` հակադրվելով քաղաքակիրթ աշխարհի արժեքներին: Վերջին նման դեպքը Ադրբեջանի կառավարության կողմից մարդասպան Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումն է, որը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ծրագրի ժամանակ կացնահարել էր քնած հայ սպային վերջինիս՝ պարզապես հայ լինելու պատճառով: Ադրբեջանի ղեկավարությունը նրան դարձրեց ազգային հպարտության խորհրդանիշ և երիտասարդության համար հետևելու օրինակ: Աշխարհի արձագանքը միաձայն էր և շատ հստակ` քննադատելով Բաքվի արարքը, որը լրջորեն վնաս հասցրեց Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին և վտանգեց տարածաշրջանային փխրուն անվտանգությունն ու կայունությունը:

«Ադրբեջանը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար՝ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ ուժ գործադրելու իր մշտական սպառնալիքներով, որոնք զուգորդվում են այդ երկրի ղեկավարության ամենօրյա ռազմատենչ հայտարարություններով` մերժելով երեք համանախագահ երկրների առաջարկները` զինադադարի ռեժիմի ամրապնդման, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, հրադադարի շարունակական խախտումներով՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև շփման գծում, այլև սադրանքներ կազմակերպելով Հայաստանի հետ սահմանին, հայկական պատմական ու մշակութային արժեքների հանդեպ անդադար բարբարոսություններ իրականացնելով:

Ադրբեջանական իշխանությունները հայտնի են սեփական երկրում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումներով, և այժմ փորձում են այն տարածել այլոց վրա։ Նրանց մոտեցումը հետևյալն է. եթե մի պետություն ճանաչված չէ, ապա այնտեղ ապրող մարդիկ պետք է զրկված լինեն մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից։ Ըստ այդ տրամաբանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը չպետք է իրականացնի ազատ տեղաշարժվելու իր իրավունքը, չպետք է ստանա բուժօգնություն, կրթություն, չպետք է խմելու ջուր օգտագործի և նույնիսկ չպետք է ծնունդ պարգևի»,-ասել է Նալբանդյանը Դուբլինում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---