Բեռլինում մեկնարկել է գյուղատնտեսության նախարարների 5-րդ համաշխարհային համաժողովը

Բեռլինում մեկնարկել է գյուղատնտեսության նախարարների 5-րդ համաշխարհային համաժողովը

PanARMENIAN.Net - Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում այսօր մեկնարկեց «Վերահսկվող ներդրումներն ագրոպարենային ոլորտում որպես հիմնական գործոն պարենի ապահովության և գյուղատնտեսության զարգացման համար» խորագրով անցկացվող գյուղատնտեսության նախարարների 5-րդ համաշխարհային համաժողովը, որին մասնակցում են 81 պետությունների գյուղատնտեսության նախարարները: Համաժողովին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

Համաժողովը բացել է Գերմանիայի Դաշնության Պարենի, գյուղատնտեսության և սպառողների շահերի պաշտպանության ֆեդերալ նախարար, Գերմանիայի Բունդեսթագի անդամ Իլզե Այգները, որն իր խոսքում մասնավորապես նշել է. «ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գնահատումներով 2050 թվականին աշխարհի 9 մլրդ բնակչության սննդապահովության համար զարգացող երկրների գյուղատնտեսության մեջ տարեկան կպահանջվեն շուրջ 83 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումներ։ Այս նպատակներին հասնելու համար մեծ ջանքեր են պահանջվում գյուղատնտեսական արտադրության ծավալները, ֆերմերների եկամուտները բարձրացնելու, պետական և մասնավոր ներդրումներն ավելացնելու, ինչպես նաև ռիսկերի կառավարման և ֆինանսավորման նոր ու գործուն մեխանիզմներ մշակելու ուղղությամբ»։

Համաժողովի մասնակից նախարարներն ընդունել են համապատասխան կոմյունիկե և դիմել աշխարհի պետություններին ու երկրներին՝ գյուղատնտեսության առջև ծագած մարտահրավերները մեղմելու ուղղությամբ առավելագույն մասնակցություն ցուցաբերելու կոչով։

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ունեցել է նաև մի շարք երկկողմ հանդիպումներ: ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է Բեռլինում գտնվող Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի հետ: Հանդիպման ընթացքում Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆեդորովը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հրավիրել է Ռուսաստանի Դաշնություն` քննարկելու գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության հարցեր: ՀՀ գյուղատնտեսության նախարարի Ռուսաստան այցը նախատեսվում է ս.թ.-ի ապրիլ ամիսին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է նաև Լատվիայի, Էստոնիայի և Նիդեռլանդների Թագավորության գյուղատնտեսության նախարարաների, ինչպես նաև` Բելոռուսիայի Հանրապետության գյուղատնտեսության փախնախարարի հետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---