Չիր արտադրողները հույս չունեն, որ պետությունն իրենց կօգնի

Չիր արտադրողները հույս չունեն, որ պետությունն իրենց կօգնի

PanARMENIAN.Net - Հին հռոմեացիները ծիրանն անվանում էին հայկական խնձոր: Դարերի ընթացքում Հայաստանում ձևավորվել են ծրանի և այլ մրգերի չրերի պատրաստաման ավանդույթներ: Ծիրանի առավել հայտնի տեսակներից է «Սաթենին»: Գյուղացիների պատրաստված չիրն էկոլոգիապես մաքուր է, քանի որ, որպես կանոն, պարարտանյութ չի օգտագործվում: Իսկ հայկական բրենդն առաջ մղելու համար պետական աջակցություն է հարկավոր:

«Սաթենի» անվանումով սպառողական կոոպերատիվ է գործում, որը 36 անդամ ունի, նրա նախագահն է Երվանդաշատ գյուղի ասոցիացիայի ղեկավար Արկադի Խաչիկյանը: Կոոպերատիվը գործում է արդեն 2 տարի և չիր է արտադրում: Արտադրության մեջ ներգրավված են երկու գյուղերի՝ Բագարանի ու Երվանդաշատի բնակիչները, այսինքն բնակչության 80 տոկոսը: Արտադրվում է ոչ միայն ծիրանի չիր, այլ նաև սալորաչիր, դեղձի, տանձի, կեռասի չրեր: Արտադրանքը հիմնականում իրացվում է ներքին շուկայում, սակայն Ասոցիացիան ձգտում է գտնել իրացման նոր շուկաներ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Արկադի Խաչիկյանն ասել է, որ անցած տարի նրանք եղել են Լեհաստանում, որտեղ քննարկել են համագործակցության հեռանկարները գործընկերների հետ, որոշակի հետաքրքրություն կա նաև ռուսական շուկայում և Եվրոպայի երկրներում, մասնավորապես, Ֆրանսիայում:

Սակայն չիր արտադրողները որոշակի խոչընդոտների են հանդիպում: Առաջին հերթին, դա արտադրանքի փոքր ծավալն է, որակը միատեսակ չէ, ոչ այնքան բարվոք են սանիտարահիգիենիկ պայմանները, քանի որ գյուղացիների մեծ մասը չորացնում է միրգը բաց երկնքի տակ, ինչպես նաև բացակայում է պատշաճ փաթեթավորումը:

Բարձրորակ արտադրանքի համար պահանջվում են լուրջ ներդրումներ: Արտադրողը միայնակ չի կարող նման գումարներ հայթայթել, աջակցություն չկա պետության կողմից ի դեմս գյուղնախարարության, ինչպես դա ընդունված է աշխարհի շատ երկրներում: «Մենք արդեն 14 տարի է գործում ենք այդ ոլորտում և այդ ընթացքում ոչ մի աջակցություն իշխանություններից չենք ստացել»,-ասել է Խաչիկյանը՝ հավելելով, որ միայն որոշ միջազգային կազմակերպություններ են որոշ օժանդակություն ցուցաբերում արտադրողներին:

Եվրոպայում և աշխարհում այսօր որոշակի չափանիշներ գոյություն ունեն, որոնք Հայաստանում դեռ չեն ներմուծվել:

Համաշխարհային շուկայի պահանջներից մեկն է որակյալ և անվնաս փաթեթավորումը: Այն կարող է վակուումային լինել կամ գազի միջավայրում, նախապատվելի է, իհարկե, վերջինը, սակայն նման տեխնոլոգիա հանրապետությունում դեռ չկա:

Որոշ արտադրողներ չորանոցներ են տեղադրել: Արևային չորանոցները թույլ են տալիս պահպանել բոլոր վիտամինները, այնպես որ արդյունքում ստանում ենք հայկական ծիրանի ու արևի խտացում: Արևային 10-մետրանոց չորանոցի միջին գինը 3-4 հազար դոլար է, իսկ կոնվեկտիվայինը, որը տեղավորում է 350-400 կգ միրգ, 6-7 հազար դոլար: Գյուղացին չի կարող նման միջոցներ ներդնել, քանի որ վստահ չէ, որ կկարողանա իրացնել արտադրանքը:

Այնուամենայնիվ պահանջարկ տեղական շուկայում կա, հատկապես, առաջնակարգ խանութների կողմից, ինչը ևս վկայում է արտադրանքի բարձր որակի մասին: 2012թ. Բագարանն ու Երվանդաշատը արտաադրել են շուրջ 60 տոննա չիր, որի մի մասը բարձրորակ է, մի մասը՝ ոչ, քանի որ բացակայում են անհրաժեշտ չորանոցները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---