Վարդագույն քաղցր բամբակ ու քեռիիս մուգ սև մորուքը. Արցախյան պատերազմից հետո

Վարդագույն քաղցր բամբակ ու քեռիիս մուգ սև մորուքը. Արցախյան պատերազմից հետո

PanARMENIAN.Net - Վարդագույն քաղցր բամբակ ու քեռիիս մուգ սև մորուքը: Արցախյան շարժումը երկու տարեկան հասակիցս մնացած մի քանի հիշողություններից մեկն է: Էդ տարիքից շատ բան չեմ հիշում: Մեր տունը փողոցին մոտ էր: Գյուղում միայն մի ավտոբուս կար, որ մեր գյուղից քեռիենց գյուղ էր գնում: Տարիներ հետո, երբ այդ դեղին ավտոբուսը կանգնում էր տան մոտ, ինձ թվում էր, որ քեռիս կիջնի` զինվորի շորերով: Հեռվից կտեսնեմ նրա մուգ սև մորուքն ու ձեռքի վարդագույն քաղցր բամբակը: Բայց պատերազմն ավարտվել էր, քեռիս էլ, որ այն ժամանակ կամավոր կռվում էր, արդեն երկու տարի է, ինչ վերցրել էր ընտանինքն ու տեղափոխվել Ռուսաստան: Երբ մեծացա, միշտ նույն բանն էի հարցնում ինքս ինձ` ինչու՞ քեռիս, որ էդքան սիրում էր Հայստանը, որ անգամ մի թիզ հող չէր զիջի թշնամուն, գնաց երկրից… Էդ հարցի պատասխանը հիմա եմ հասկանում` ընտանիքը սոված թողնել չէր կարող:

Այսօր Արցախում կռված շատ տղաների ընտանիքներ ապրում են ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում: Երկու տարի առաջ ծանոթացա Արծրուն Միքայելյանի կնոջ և դստեր հետ: Արծրունը զոհվել է պատերազմում: Ընտանիքն այսօր անգամ տուն չունի: Սենյակը, որ հեռուստացուցի տուփի չափ փոքր էր, Արծրունի կնոջ քրոջն էր: Ապրում էին, մինչև մի հնար լինի: Արծրունի դուստրը առողջական լուրջ խնդիրներ ուներ…

Երեկ կարդում էի տարբեր պաշտոնյաների հայտարարութունները Արցախյան շարժման 25-րդ տարեդարձի մասին: Սովորական ճառեր… իսկ իրականում այդ Շարժման ու դրանից հետո էլ պատերազմում հաղթած, Արցախն ազատագրած տղաների նկատմամբ պետության ուշադրությունը, մեղմ ասած, քիչ է: Այդ շարժումն էլ, պատերազմն էլ ու մյուս բոլոր իրադարձությունները մարդիկ են… պետք չէ մոռանալ նրանց…

Մարի Թարյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---