ԿԳՆ-ն հանրակրթության ոլորտում խրախուսում է հեղինակային, նորարարական ու ստեղծագործական մոտեցումները

ԿԳՆ-ն հանրակրթության ոլորտում խրախուսում է հեղինակային, նորարարական ու ստեղծագործական մոտեցումները

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որտեղ նրան ներկայացվել են կրթօջախում իրականացվող մեդիակրթության շրջանակում մեկնարկած նոր հեղինակային նախագծերը: Նախարարը մասնակցել է մեդիակրթության բաց դասին, որի ընթացքում կրթահամալիրի սովորողները ներկայացրել են իրենց անհատական ստեղծագործությունները: Նախարարը, անդրադառնալով նախաձեռնությանը, նշել է, որ ՀՀ ԿԳՆ-ն հանրակրթության ոլորտում խրախուսում է հեղինակային, այլընտրանքային-փորձարարական, նորարարական ու ստեղծագործական մոտեցումները:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կուտակվել է այլընտրանքային կրթական ծրագրի իրականացման մեծ փորձ: Նախարարության կողմից այդ փորձի ուսումնասիրություն է նախաձեռնվել, որից հետո այն հատվածաբար կամ ամբողջական կարող է տարածվել նաև այլ դպրոցներում: Կան ուղղություններ, որոնց արդյունքները գովելի են և այդ մոտեցումները կարող են տարածվել հանրապետության այլ դպրոցներում»,-նշել է Արմեն Աշոտյանը և հավելել, որ ԿԳՆ-ում կստեղծվի մասնագիտական խումբ, որը, հաշվի առնելով առաջատար դպրոցների փորձը, հանդես կգան հանրակրթության ոլորտի զարգացման օրակարգով, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Նախարարի խոսքով՝ նորարարական մոտեցումնեըը թույլ են տալիս ոչ միայն մեդիա կրթություն ապահովել, այլև նպաստել, որ սովորողը ձևավորվի որպես ազատ քաղաքացի՝ դառնալով ոչ միայն տեղեկատվական ռեսուրսների սպառող, այլև ստեղծող և տարածող: Նախարարն ընդգծել է, որ ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս, որ ՀՀ դպրոցներում իրականացվեն նաև այլընտրանքային, հեղինակային և միջազգային կրթական ծրագրեր, սակայն ոչ բոլոր դպրոցներն են համարձակություն դրսևորում հանդես գալու համապատասխան նախաձեռնությամբ: «Արդեն երեք տարի է, որ դպրոցներն ունեն ազատություն՝ ապահովելով դպրոցական ծրագրի պարտադիր բաղադրիչը, ներդնել նոր ծրագրեր, սակայն խիզախություն դրսևորելու համարձակություն ոչ բոլորն են ցուցաբերում և հիմնականում սահմանափակվում են կրթական բաղադրիչի պետական նվազագույն պահանջով»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ «Շախմատ» առարկայի դասավանդումը հեղինակային կրթական ծրագրի հաջողված փորձ է, որը կարելի է ներկայացնել միջազգային ասպարեզում:

ՀՀ ԿԳ նախարարը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ծանոթացել է կրթական գործընթացին, ներկա է գտնվել նաև քանի այլ դասերի և տեղեկացել կրթօջախում նախատեսվող ուսումնական նախագծերի մասին: Նախարարի այցն ավարտվել է կրթահամալիրի Տ. Հայրապետյանի անվան գրադարանում կազմակերպված բրիֆինգով, որի ընթացքում Ա. Աշոտյանը պատասխանել է լրագրող-աշակերտների հարցերին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---