ԱԳ նախարար. Եթե Բաքուն դեմ է ստատուս քվոյի պահպանմանը, ուրեմն պետք է ընդուներ եռանախագահների առաջարկները![]() 22 մայիսի 2013 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին` Միացյալ Թագավորություն այցելության շրջանակներում, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես եկավ Օքսֆորդի համալսարանում, որին ներկա էին հեղինակավոր կրթօջախի դասախոսներ, ուսանողներ, փորձագետներ ու վերլուծաբաններ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:Նախարար Նալբանդյանն իր ելույթում և հարցերին պատասխաններում ներկայացրեց հայ-բրիտանական հարաբերությունները, Միացյալ Թագավորություն իր այցելության նպատակներն ու արդյունքները, Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, հետխորհրդային տարածքում ընթացող ինտեգրացիոն գործընթացները, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները: Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին՝ Էդվարդ Նալբանդյանն մասնավորապես ասաց. «Հայաստանը ողջունել է կարգավորման բոլոր տարիներին արված միջնորդների հայտարարությունները և պատրաստակամություն հայտնել հասնելու հիմնախնդրի կարգավորմանը` այդ հայտարարություններում տեղ գտած՝ ըստ եռանախագահների, մեկ ամբողջություն կազմող առաջարկների հիման վրա: Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը մինչ օրս երբեք չի ընդունել կարգավորման հիմնարար սկզբունքներն ու տարրերը որպես մեկ ամբողջություն: Առաջարկություններն ընդունելու փոխարեն Բաքուն պարզունակ փորձեր է կատարում հղում անել միայն վերոհիշյալ հայտարարություններում տեղ գտած ստատուս-քվոյի անընդունելիության մասին ձևակերպմանը։ Եթե Ադրբեջանն իսկապես դեմ է ստատուս- քվոյի պահպանմանը, ուրեմն վաղուց պետք է ընդուներ եռանախագահների կողմից արված առաջարկությունները: Բաքուն մերժել է Մինսկի խմբի համանախագահների առաջարկած կարգավորման սկզբունքների բոլոր տարբերակները, մասնավորապես ներկայացված վերջին՝ Կազանի գագաթաժողովում (2011թ. հունիս), ինչպես նաև Սոչիի (2011թ. մարտ), Աստրախանի (2011թ. հոկտեմբեր), Սանկտ-Պետերբուրգի (2010թ. հունիս) հանդիպումներում և այլն: Ադրբեջանական կողմը ձևացնում է թե իբր ընդունել է 2009թ. դեկտեմբերին առաջարկված տարբերակը, այն կոչելով միակ «թարմացվածե տարբերակ։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ մյուս տարբերակները հնացած տարբերակներ են։ Բայց պետք է հիշատակել, որ անգամ 2009թ. տարբերակի վերաբերյալ Ադրբեջանը ուներ մի շարք վերապահումներ և փոփոխություններ, ինչպես դա եղել է այլ բոլոր տարբերակների պարագայում։ Բաքուն մերժել է ոչ միայն կարգավորման սկզբունքների առաջարկները, այլ նաև Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված և միջազգային հանրության լիակատար աջակցությունը վայելող վստահության ամրապնդման միջոցները՝ մասնավորապես զինադադարի ամրապնդում, շփման գծից դիպուկահարների դուրս բերում, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում: Ադրբեջանը հրաժարվում է ընդունել ոչ միայն առաջարկված վստահության ամրապնդման միջոցները, այլ նաև պարբերաբար սադրանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին, որոնք սրում են իրավիճակը և նոր մարդկային կորուստների են հանգեցնում: Չնայած կողմերին արվող համանախագահների շարունակական կոչերին` խաղաղության և ոչ պատերազմի պատրաստել իրենց երկրների բնակչությանը, Ադրբեջանի իշխանությունները պետական ամենաբարձր մակարդակով շարունակում են սպառազինությունների մրցավազքը, պատերազմի սպառնալիքները, ռազմատենչ հայտարարությունները և ատելություն սերմանող այլատյացության հռետորաբանությունը, սադրիչ գործողությունները: Ամենացինիկ սադրանքը, որը տեղի ունեցավ անցյալ տարվա օգոստոսին, ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին, Հունգարիայից էքստրադիցիայից հետո, պաշտոնական Բաքվի կողմից ազատ արձակելն ու հերոսացնելն էր: Բոլորովին վերջերս Ադրբեջանը պետական մակարդակով հալածանքների ենթարկեց ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին այն պատճառով, որ նա իր վեպում անդրադարձել էր Ադրբեջանում հայերի հանդեպ իրագործված կոտորածներին: Այլիսլիի գրքերն հրապարակային այրեցին։ Պարգև խոստացվեց նրա ականջը կտրողին: Գրողը ստիպված եղավ ապաստան փնտրել Ադրբեջանի սահմաններից դուրս: Չնայած Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական քաղաքականությանը, Հայաստանը՝ միջազգային հանրության հետ համատեղ, շարունակելու է ջանքերը ուղղված Ղարաբաղի հիմնախնդրի` բացառապես խաղաղ կարգավորմանըե:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |