Մարդը բանդերոլ չէ. Ինչպե՞ս կարելի է նրան սխալմամբ այլ երկիր ուղարկել

Մարդը բանդերոլ չէ. Ինչպե՞ս կարելի է նրան սխալմամբ այլ երկիր ուղարկել

PanARMENIAN.Net - Երեկոյան ԶԼՄ-ներում ու սոցիալական կայքերում տեղեկություն տարածվեց, որ 22-ամյա ՀՀ քաղաքացի Ասատուր Խաչատրյանին սխալմամբ Կիևից Բաքու են ուղարկել, թեև պետք է Երևան ուղարկեին: Խաչատրյանի մոր խոսքով՝ նա հուլիսի 22-ին որդուն ուղարկել էր Կիև՝ բարեկամների մոտ, բայց փաստաթղթերում սխալի պատճառով օդանավակայանից դուրս գալ նրան չի հաջողվել: Ուկրաինա նրան չեն թողել, ու, բնականաբար, նա ստիպված էր Հայաստան վերադառնալ: Բայց Կիևի օդանավակայանի աշխատակիցները Երևան ուղարկելու փոխարեն Ասատուր Խաչատրյանին սխալմամբ Բաքու են ուղարկել, ինչի մասին ավելի ուշ տեղեկացրել են նաև ծնողներին:

Այսօր ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տեղադրվել, թե «МАУ» ավիաընկերության Բաքու-Կիև 602 չվերթով երիտասարդը վերադարձել է Ուկրաինա:

Ի դեպ, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «Ադրբեջանական ավիագծեր» ՓԲԸ-ից ու Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունից հայտնել են, որ «իրենք Ա.Խաչատրյանի մասին որևէ տեղեկություն չունեն»:

Անհասկանալի է՝ ինչպե՞ս կարելի է մարդուն բոլորովին այլ երկիր ուղարկել: Անփութությո՞ւն, խնդիրներ աշխարհագրության հե՞տ: Ինչպե՞ս ստացվեց, որ ադրբեջանական սահմանային ծառայությունը «չնկատեց» Բաքու ժամանած հային, այն դեպքում, երբ եղել են դեպքեր՝ անգամ հայկական սահմանը հատելու կնիքը օտարերկրացիների անձնագրում տեսնելիս նրանց արգելել են մուտք գործել իրենց երկիր: Դե իսկ «յան»-ով ավարտվող ազգանունի մասին, որի հանդեպ նրանք միշտ չափազանց զգայուն են եղել, առհասարակ արժի լռել: Ու վերջապես՝ ինչպե՞ս կարող է բավականին մեծ մարդը «չնկատել», որ իրեն Բաքու են ուղարկում, կամ չնայել տոմսում նշված երկիրը, չհասկանալ, որ Կիև-Երևան ինքնաթիռում դժվար թե ադրբեջանցիներ լինեին, ոչ մի անգամ չկարդալ կամ չլսել որևէ տեղեկություն չվերթի մասին: Հիշո՞ւմ եք «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը. «Ինչպե՞ս թե ուղարկել են: Ինչ է՝ բանդերո՞լ ես, ծանրո՞ց թե ճամպրուկ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---