Արցախի ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի ԱԳՆ-ին. Ողջունում և խրախուսում են օտարերկրյա քաղաքացիների այցերն Արցախ

Արցախի ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի ԱԳՆ-ին. Ողջունում և խրախուսում են օտարերկրյա քաղաքացիների այցերն Արցախ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) իշխանությունները բազմիցս իրենց խորը անհանգստությունն են արտահայտել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության էությունը խեղաթյուրելու և միջազգային հանրությունն ապակողմնորոշելու Ադրբեջանի ստահոդ արշավի կապակցությամբ: Այս արշավը տարեցտարի ընդարձակվում է՝ ներկայացնելով կեղծիքների, սադրանքների և ռևանշիստական սպառնալիքների ավելի կատարելագործված մեթոդներ: Այս մասին նշված է Ադրբեջանի ԱԳՆ հրապարակած «սև ցուցակի» մասին ԼՂՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ, որը PanARMENIAN.Net ին է փոխանցում Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նման քարոզարշավի ամենավերջին օրինակներից են Միավորված ազգերի կազմակերպությունում 2013 թ. հուլիսի 26-ի A/67/943-S/2013/442 նամակի տարածումը, որով կոչ է արվում ՄԱԿ-ի անդամ պետություններին զերծ պահել իրենց քաղաքացիներին «առանց Ադրբեջանի կառավարության նախնական համաձայնության» ԼՂՀ այցելելուց, ինչպես նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից ԼՂՀ այցելելու համար անցանկալի անձ հռչակված մարդկանց ցուցակի հրապարակումը: 41 երկրից 335 հոգուց բաղկացած այս ցուցակն ընդգրկում է խորհրդարանների անդամների, հայտնի հասարակական գործիչների, մշակույթի և արվեստի ներկայացուցիչների, լրագրողների, ուսանողների և զբոսաշրջիկների:

Այս կապակցությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն անհրաժեշտ է համարում հայտարարել հետևյալը. ԼՂՀ-ն անկախ պետություն է՝ իր բնակչությամբ, որը ոչ մի պարագայում չի կարող զրկվել մարդու հիմնարար իրավունքներն իրականացնելու հնարավորությունից, ինչպես դա ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի երկրորդ հոդվածում, որում նշված է, որ «որևէ տարբերակում չպետք է դրվի` ելնելով անհատի երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար կամ որևէ այլ սահմանափակումով պետական կազմավորում»:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստեղծել է իր պետությունն իրականացնելով իր ինքնորոշման անքաքտելի իրավունքը՝ համապատասխան միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և Խորհրդային Միության գործող Սահմանադրության և օրենսդրության շրջանակներում: Իր ստեղծման առաջին իսկ օրից, ի տարբերություն Ադրբեջանի, ԼՂՀ-ն բռնել է իր քաղաքացիների բոլոր իրավունքներն ու ազատություններն ապահովող ժողովրդավարական պետություն կառուցելու ուղին: ԼՂՀ ղեկավարությունը մտադիր է շարունակել հանրապետության և նրա ժողովրդավարական ինստիտուտների համապարփակ զարգացման քաղաքականությունը և բազմիցս պատրաստակամություն է հայտնել՝ հաստատել փոխշահավետ համագործակցություն բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

Ի սկզբանե Ադրբեջանը մերժել է Լեռնային Ղարաբաղի հետ քաղաքակիրթ երկխոսության որևէ հնարավորություն և դիմել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության ուժային լուծման քաղաքականությանը՝ իրականացնելով էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի հայաբնակ տարածքներում և սանձազերծելով լայնածավալ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ:

Չնայած ընթացող բանակցային գործընթացին և հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր ստանձնած պարտավորություններին, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ընտրովի մեկնաբանել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, դրանով իսկ սաստկացնելով լարվածությունն ու անվստահությունը, ինչպես նաև անտեսելով առկա իրողությունները: Տարված լինելով ատելության և թշնամանքի լեզվով՝ Ադրբեջանը ևս մեկ քայլ կատարեց սխալ ուղղությամբ և սպառնում է պատժամիջոցներ կիրառել ԼՂՀ այցելող երրորդ երկրների քաղաքացիների նկատմամբ: Ադրբեջանի նման քաղաքականությունն ամբողջությամբ տեղավորվում է մարդու իրավունքների իր ներքին չափանիշների տրամաբանության մեջ, որն այն ձգտում է պարտադրել օտարերկրյա քաղաքացիներին:

Այդ չափազանց անպատասխանատու քայլերը խափանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հակամարտության խաղաղ կարգավորման համար կարևորություն ունեցող վստահության մթնոլորտ ստեղծելու ցանկացած փորձ: Այն նաև խոչընդոտում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության համապարփակ և տևական լուծում գտնելուն:

Մինչդեռ հարկ է նշել, որ չնայած ադրբեջանական կողմի հարուցած արհեստական խոչընդոտների, ԼՂՀ այցելող զբոսաշրջիկների քանակը կայուն կերպով աճում է. նրա անկախ պատմության ողջ ընթացքում տասնյակ հազարավոր օտարերկրյա քաղաքացիներ արդեն այցելել են ԼՂՀ, ինչը վկայում է ԼՂՀ ազատատենչ ժողովրդի կողմից ձևավորված անվտանգ և ապահով մթնոլորտի և մեր հարազատ երկրի հարուստ մշակութային և պատմական ժառանգության նկատմամբ միջազգային հանրության աճող հետաքրքրության մասին: Կարևոր է նշել, որ հանցագործությունների մակարդակը ԼՂՀ-ում ամենացածրներից մեկն է Եվրոպայում և այստեղ օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ ոչ մի լուրջ պատահար երբևիցե չի գրանցվել:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարարությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին հրաժարվել օտարերկրյա քաղաքացիների այցերը Լեռնային Ղարաբաղ խոչընդոտելու անարդյունավետ փորձերից և այդպիսի անհիմն և սադրիչ գործողությունների վրա ապարդյուն ծախսվող էներգիան և միջոցներն ուղղել հակամարտության կողմերի միջև առկա կարևոր խնդիրների կարգավորմանը, դրանով իսկ նպաստելով խաղաղության և կայունության հաստատմանը Հարավային Կովկասի անկայուն տարածաշրջանում:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարարությունը ողջունում և խրախուսում է օտարերկրյա քաղաքացիների՝ թե՛ պաշտոնյաների, և թե՛ զբոսաշրջիկների այցերը ԼՂՀ: Նման այցելությունները և մարդկանց միջև շփումները ոչ միայն ընդհանուր առմամբ նպաստում են վստահության և համագործակցության մթնոլորտի ձևավորմանը տարածաշրջանում, բայց և անհրաժեշտ են, որպեսզի համաշխարհային հանրությունը կարողանա ստանալ ճշգրիտ և անաչառ տեղեկատվություն ԼՂՀ մասին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---