ՄԽ ամերիկացի համանախագահն Արցախում. Երջանիկ եմ, որ կարողացա այցելել ձեր գեղեցիկ երկիրը

ՄԽ ամերիկացի համանախագահն Արցախում. Երջանիկ եմ, որ կարողացա այցելել ձեր գեղեցիկ երկիրը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ ուղևորվել էր Արցախ: Արդեն այսօր նա հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի ու մի շարք այլ պաշտոնյաների հետ: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր, կարևորվել է նաև Մինսկի խմբի շրջանակում հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Նախագահ Սահակյանը նշել է, որ հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունն է՝ հավելելով, որ գնալով այն ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Այս համատեքստում Բակո Սահակյանը կոչ է արել համանախագահին հատուկ ուշադրություն դարձնել տվյալ հարցին:

«Իրոք երջանիկ եմ, որ կարողացա այցելել ձեր գեղեցիկ երկիրը»,- մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո հայտարարել է Ջեյմս Ուորլիքը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ուորլիքը ևս մեկ անգամ կրկնել է ավելի վաղ Հայաստանում ու Բաքվում հնչեցրած տեսակետը, թե հիմնական առաքելությունը խաղաղության հասնելն է:

«Եթե մենք իրոք կարողանանք հասնել վերջնական խաղաղության, բնական է, որ պիտի զարգացնենք փոխադարձ վստահությունը բոլոր այն մարդկանց միջև, ովքեր ապրում են այստեղ»,- հայտարարել է ամերիկացի միջնորդն ու շտապել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկմանն Ասկերանի ուղղությամբ: Դիտարկմանը նա մասնակցել է ղարաբաղյան կողմից:

Առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահը երեկ Հայաստանում էր երկրի ղեկավարության հետ ծանոթանալու նպատակով։ Նա հանդիպել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Հանդիպումներին կողմերն անդրադարձել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակին և բանակցությունների հեռանկարին: Ամերիկացի դիվանագետը նշել էր, որ ԱՄՆ-ն շարունակելու է անել հնարավորը՝ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու համար։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը քննարկվել էին նաև հակամարտող կողմերի ուժերի շփման գծում տիրող իրավիճակին առնչվող հարցեր, կարևորվել հրադադարի ռեժիմի պահպանման, շփման գծում լարվածության թուլացման, հակամարտող կողմերի միջև փոխադարձ վստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը:

Հայաստան ժամանելուց առաջ՝ գտնվելով Բաքվում, Ուորլիքը հայտարարել էր, որ ժամանակն է՝ Մինսկի խումբը, համանախագահները, Հայաստանը, Ադրբեջանն ու մյուս երկրներն աշխատեն միասին ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու համար, ինչը խաղաղություն կբերի տարածաշրջան։

Ամերիկացի համանախագահը հավելել էր, որ պատրաստվում է «աշխատանքը կատարել ռեալիզմի ու պրագմատիզմի հիման վրա, որ երկու կողմերն էլ կարողանան խնդրի լուծում գտնել»։ Սա Ուորլիքի որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի առաջին այցն է։ Այդ պաշտոնում նա նշանակվել է նախորդ ամիս։

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

ԵԱՀԿ Մինսկի խումբ

Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---