World Politics Review. Օբամայի վարչակազմը պետք է սերտացնի ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջանքերը![]() 25 հոկտեմբերի 2013 - 17:50 AMT PanARMENIAN.Net - World Politics Review օնլայն հանդեսում հրապարակվել է ավագ խմբագրի, Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռիչարդ Վայցի «Մանաս» ռազմակայանի վերաբերյալ որոշումը խորացնում է Եվրասիայից ԱՄՆ-ի հեռանալու վերաբերյալ մտավախությունները», վերնագրով հոդվածը, հայտնում է «Ինոսմին»: Իր հոդվածում փորձագետն անդրադառնում է նաև Վաշինգտոնի քաղաքականությանը Հարավային Կովկասում: «Անցած շաբաթ Պենտագոնը հայտարարեց, որ մինչև հաջորդ տարվա հուլիս բոլոր ամերիկյան զորքերը կհեռանան Ղրղզստանի «Մանաս» ավիաբազայից: Դա կարևոր անցումային կետ է ԱՄՆ և կոալիցիոն զորքերի համար, որոնք Աֆղանստան են մեկնում կամ հակառակ ուղղությամբ օդային տրանսպորտով, սակայն, շուտով այդ դերը կստանձնի Ռումինիայում տեղակայված ռազմակայանը»,-հիշեցրել է փորձագետը: Ըստ Վայցի, այս որոշումը կարող է Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում տպավորություն ստեղծել, որ ԱՄՆ-ն հեռանում է այդ տարածաշրջաններից: Մասնակիորեն դա այդպես է, սակայն ԱՄՆ-ն պետք է միջոց գտնի հակազդելու այդ միտմանը: Ըստ Վայցի, նախկին խորհրդային հանրապետություններն անտարբեր չեն ԱՄՆ զինվորականների հեռանալու հարցում Եվրասիայից: «Ներկա գտնվելով Կենտրոնական Ասիայում՝ ԱՄՆ-ն նպաստում էր տարածաշրջանում Ռուսաստանի ու Չինաստանի համատարած ազդեցության թուլացմանը, որն առաջացել է վերջին 20 տարում: Հարավային Կովկասը գտնում է, որ Վաշինգտոնը հակակշիռ է ստեղծում ՌԴ և Իրանի ազդեցությանը, որոնք համագործակցում են տարբեր ոլորտներում ի վնաս այլ երկրների շահերի: «Մանասից» հեռանալու որոշումը կխորացնի այն տպավորությունը, որ ԱՄՆ-ն չի ցանկանում հզոր ռազմական ներկայությունը պահապնել Եվրասիայում՝ Աֆղանստանում ու Իրաքում պատերազմների ավարտից հետո»,-ասել է նա: Արևմտամետ ուժերը Հարավային Կովկասում, ըստ փորձագետի, մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ն չի պաշտպանի նրանց հզոր ռուսական ճնշումից, իսկ Իրանի հետ Արևմուտքի հաշտեցման դեպքում նաև իրանական վրեժից՝ Թեհրանի դեմ պատժամիջոցներին սատարելու համար: «Հայաստանը, որն ավելի ռուսամետ քաղաքականություն է վարում, քան Ադրբեջանն ու Վրաստանը, նույնպես ցանկանում է, որ ԱՄՆ-ն հզոր ներկայություն ունենա տարածաշրջանում՝ Մոսկվայի ու Թեհրանի վրա ազդելու ավելի շատ լծակներ ունենալու համար: ԱՄՆ-ն կարող է նվազագույն կորուստներով ազատվել այդ մտահոգությունից՝ ակտիվացնելով իր ջանքերը Հարավային Կովկասում այսպես կոչված սառեցված հակամարտությունների կարգավորման գործում: Մասնավորապես, Օբամայի վարչակազմը պետք է ջանքեր գործադրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, ինչը թույլ կտա կանխել անուղղակի վնասը ԱՄՆ շահերին անվտանգության ու էներգետիկայի ոլորտներում, որոնք անպայման կառաջանան Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմի դեպքում»,-ասել է նա: «Սակայն, ընդհանուր առմամբ ամերիկացիների համար հեշտ չի լինի հանգստացնել բարեկամներին տարածաշրջանում: Հարավային Կովկասը ՆՏԱՕ-ին ավելի սերտորեն ինտեգրելու փորձերն անցել են իրենց գագաթնակետը: Իսկ Կենտրոնական Ասիան մարդու իրավունքների խախտման ու թերի պետական կառավարման պատճառով պակաս գրավիչ գործընկեր է: Մնում է հուսալ, որ Վաշինգտոնը չի կրկնի իր սխալները և լիովին չի անտեսի այդ տարածաշրջանները մինչ անհետաձգելի ու սուր խնդիրների առաջացումը»,-գտնում է Վայցը: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |