Ռուսաստանը չի կարող խզել հարաբերությունները ոչ Երևանի, ոչ Բաքվի հետ, ուստի կոչ է անում՝ եկեք համերաշխ ապրենք

Ռուսաստանը չի կարող խզել հարաբերությունները ոչ Երևանի, ոչ Բաքվի հետ, ուստի կոչ է անում՝ եկեք համերաշխ ապրենք

PanARMENIAN.Net - «Ոչ ոք չի առաջարկել Ադրբեջանին անդամակցել Մաքսային միությանը: Որքան գիտեմ, խոսքը չգիտես ինչու Թուրքիայի ու Հնդկաստանի մասին էր…Ինձ բոլոր այդ առաջարկները միանգամայն ֆանտաստիկ են թվում՝ փիար քայլեր, չգիտես թե ում համար: Մաքսային միությունը դեռ չի կայացել, դեռ ցույց չի տվել արդյունավետ է արդյոք, իսկ արդեն խոսվում է «մինչև Հնդկաստան ընդլայնվելու մասին»: …Անլուրջ է այս ամենը»,-հայտարարել է ռուս խմբագիր, «Էխո Մոսկվի» և «Ազատություն» ռադիոկայանների աշխատակից Լեոնիդ Ռադզիլովսկին ադրբեջանական Haqqin.az-ին տված հարցազրույցում:

Պատասխանելով այն հարցին, թե կկարողանա արդյոք Ռուսաստանը հանգուցալուծել Ղարաբաղի հարցը Ադրբեջանի օգտին, եթե Իլհամ Ալիևը համաձայնվի անդամակցել Մաքսային միությանը՝ Ռադզիլովսկին ասել է. «ՌԴ-ն, ինչպես Պուտինի, այնպես էլ ցանկացած այլ նախագահի օրեք, չի կարող և ակտիվ մասնակցություն չի ունենա ղարաբաղյան կարգավորմանը: Տարածքային վեճերը միակ վեճերն են, որ չեն լուծվում փոխզիջմամբ: Այստեղ ամեն ինչ պարզ է՝ հողը կամ ձերն է, կամ մերն է: Փոխզիջումն անիրական է: Համապատասխանաբար, Ռուսաստանը չի կարող ինչ-որ մեկի կողմից լինել այս հարցում»,-ասել է ռուս խմբագիրը:

Ըստ նրա, Ռուսաստանը չի կարող խզել հարաբերությունները ոչ Երևանի, ոչ Բաքվի հետ, ուստի ՌԴ ԱԳՆ-ն միայն մեկ գիծ կարող է որդեգրել, շարունակելով կոչ անել կողմերին՝ «եկեք համերաշխ ապրենք»:

Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը հաստատվել է Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին են եղել նաև Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահները:

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, հոկտեմբերի 24-ին ներկայացվել են և հաստատվել են նաև Եվրասիական ինտեգրման գործընթացին Հայաստանի մասնակցության մասին դիմումն ու Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիրը:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

Photo: www.russia.ru
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---