ԱՄՆ Պետքարտուղարություն. Դավութօղլուի այցն Երևան կարող է հիմք դառնալ դրական տեղաշարժի համար

ԱՄՆ Պետքարտուղարություն. Դավութօղլուի այցն Երևան կարող է հիմք դառնալ դրական տեղաշարժի համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի մասնակցությունն Երևանում աշխատանքը սկսող Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին, կարող է հող ստեղծել տարածաշրջանի երկրների նախագահների երկխոսության համար: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ասվում է, որ Դավութօղլուի այցն Երևան կարող է հիմք դառնալ դրական տեղաշարժի համար Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններում:

Թուրքիայի ԱԳ նախարարն այսօր Երևանում կմասնակցի ՍԾՏՀ նիստին:

Ավելի վաղ թուրքական Hürriyet Daily News-ը հայտարարել էր, որ պաշտոնական Անկարան մեծ ակնկալիքներ չունի այդ այցից՝ նշելով, որ դեռ կան շանսեր շարունակելու հայ-թուրքական երկխոսությունը:

«Այցը ջրբաժան կդառնա, քանի որ դա կլինի Դավութօղլուի առաջին այցն Երևան չորս տարի առաջ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի ձախողումից հետո: Աղբյուրը Թուրքիայի ԱԳՆ-ում հայտնել է, որ մինչ օրս պարզ չէ, ադյոք տեղի կունենա Դավութօղլուի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի երկկողմ հանդիպումը ՍԾՏՀ նիստի հետնաբեմում թե ոչ»,- գրում է պարբերականը:

«Չենք մեկնում այնտեղ կոնկրետ առաջարկով»,- ասել է բարձրաստիճան թուրք դիվանագետը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ների վրա, առ այն, որ Թուրքիան կարող է առաջարկ ներկայացնել հայկական կողմին սահմանի բացման դիմաց: «Բացի այդ, նման առաջարկը կլիներ վաղաժամ ու սխալ: Այնուամենայնիվ, եթե երկկողմ հանդիպում լինի, կբացատրենք մեր տեսլականը տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ, այդ թվում նաև մեր երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Հետո արդեն կարող են ինչ-որ քայլեր հաջորդել»,- հավելել է նա:

Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է նաև, որ Դավութօղլուն մտադիր չէ այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր: «Նախարարը մեկնում է Երևան ՍԾՏՀ շրջանակում: Հուշարձան այցելելը նրա ծրագրի մեջ չի մտնում»,- ասել են ԱԳՆ-ում: Ինչպես twitter-ի իր էջում գրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր չէ հանդիպել Թուրքիայի արտգործնախարարի հետ:

Մինչդեռ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը խորհուրդ է տվել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին մասնակցելու նպատակով Երևան այցելելուց առաջ Թուրքիայի արտգործնախարարը տարածաշրջանում հնարավոր դրական զարգացումներին միայն վնաս հասցնող, սադրիչ հայտարարությունների փոխարեն ճիշտ կանի օգտագործի պատեհ առիթը և Երևանում այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր` լռությամբ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին»,-ասել է փոխնախարարը: Ըստ Շավարշ Քոչարյանի, Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը` առանց որևէ նախապայմանի վավերացնելով և կյանքի կոչելով 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները:

«Եթե Թուրքիան ձգտում է էլ ավելի արագացնել տարածաշրջանի երկրների միջև քաղաքակիրթ հարաբերությունների հաստատման գործընթացը, ապա նա պետք է ճանաչի Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և բացի իր կողմից փակված հայ-թուրքական սահմանը»,- ասել է Քոչարյանը:

2009 թ. ապրիլին Երևանում ՍԾՏՀ գագաթաժողովին Թուրքիան ներկայացնում էր ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը: Անկարան խզել է դիվանագիտական հարաբերություններն Երևանի հետ ղարաբաղյան հակամարտության պատճառով և 1993 թ. փակել է հայ-թուրքական սահմանը:

 Ուշագրավ
Միլոնովը տեղին է համարում կարեկցանքի նման արտահայտումը եղբայրական ժողովրդի հանդեպ որպես «հիշեցում և զգուշացում երիտասարդ սերնդին
Ըստ ԵԱՀԿ ԽՎ ղեկավարի, վերջին իրադարձություններն Ուկրաինայում ցույց տվեցին հակամարտությունների կարգավորման անհրաժեշտությունը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի հաղորդագրությունը հրադադարի ռեժիմի խախտման մասին
Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ քրեական գործի հետաքննությունն ավարտված է և ուղարկվել է դատախազություն