ԱՄՆ Պետքարտուղարությունն արձագանքել է ադրբեջանական դիվերսիաներին բռնությունից խուսափելու հորդորով

ԱՄՆ Պետքարտուղարությունն արձագանքել է ադրբեջանական դիվերսիաներին բռնությունից խուսափելու հորդորով

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին խուսափել բռնությունից ու շարունակել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Այդ մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Մարի Հարֆը: Մեկնաբանելով լրագրողի հարցը շփման գծում վերջին միջադեպերի վերաբերյալ՝ նա նշել է, որ տեղյակ չէ կատարվածի մանրամասներին: «Մենք հորդորում ենք կողմերին փորձել զերծ մնալ բռնությունից ու աշխատել խաղաղ միջոցներով»,-ասել է Հարֆը, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:

Իր հերթին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ կառավարությանը ռազմական աջակցություն չցուցաբերել Ադրբեջանին: «Ադրբեջանի վերջին հարձակումը շփման գծում ևս մեկ անգամ հաստատում է, որ Կովկասում պատերազմ վերսկսելու Բաքվի ձգտումների հանդեպ համաշխարհային հանրության անտարբերության դիմաց հարկ է լինում վճարել մարդկային կյանքերով»,-հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ անդրադառնալով հունվարի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիաներին շփման գծում, որի հետևանքով զոհվեց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, հայտնում է Panorama.am-ը:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Արդեն մի քանի օր է ադրբեջանական կողմն ակտիվորեն գնդակոծում է հայկական դիրքերը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում:

Հունվարի 22-ից՝ լույս 23-ի ամբողջ գիշերվա ընթացքում հակառակորդն անկանոն ու հաճախակի կրակի տակ է պահել հայ-ադրբեջանական սահմանը, PanARMENIAN.Net ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նաև հաստատեց երեկոյան տարածվող տեղեկությունները, որ Տավուշի գյուղերի ուղղությամբ ևս կրակել են։ Նա հավելեց նաև, որ հայկական կողմից զոհեր ու վիրավորներ չկան: «Իրենք լավ կրակել են, մենք էլ պատասխանել ենք՝ ոնց պետք էր»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ հրադադարը գիշերվա ընթացքում խախտվել է մոտ 300 անգամ:

Հունվարի 22-ին, մամուլի ասուլիսում նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրին նշել էր, որ Ադրբեջանն արհամարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ խաղաղության մասին կոչերը՝ ձևացնելով, թե վերջիններս այլ կարծիք ունեն, ու որ նրանց հայտարարություններն իրեն չեն վերաբերվում: Նախարարը նաև համոզված է, որ Ադրբեջանի ղեկավարությունն ամեն ինչ հասկանում է, բայց փորձում է իր ժողովրդի համար պատրանքնենր ստեղծել:

Նալբանդյանը նշել էր նաև, որ հարցով բանակցությունները շարունակվում են: Արդեն այսօրէ՝ հունվարի 23-ին, նա կմեկնի Փարիզ, որտեղ կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, իսկ արդեն հաջորդ օրը՝ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարին։ Անդրադառնալով վերջին օրերին շփման գծում ադրբեջանցիների սադրանքներին, ԱԳՆ ղեկավարը նշել էր, որ դրանք միտված են բանակցային գործընթացում հավելյալ խոչընդոտների ստեղծմանը: Այդ հարցը քննարկվել էր նաև Եվրախորհրդի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ հանդիպմանը. «Բանակցությունները պետք է շարունակել՝ այլ տարբերակ չկա», - ասել էր ԱԳ նախարարը:

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---