Հակառակորդի կրակոցից ևս մեկ զինվոր ենք կորցրել

Հակառակորդի կրակոցից ևս մեկ զինվոր ենք կորցրել

PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994-ի ծնված Կարեն Գագիկի Գալստյանը: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Վերջին օրերին թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Ըստ ԼՂՀ ՊԲ տվյալների, հունվարի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարը խախտվել է մոտ 1500 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվելով ավելի քան 14 000 կրակոց: Հունվարի 23-ից լույս 24-ի գիշերն ինտենսիվ կրակել են նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի ու Չինարիի ուղղությամբ:

Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի 16-ամյա դուստրը` Լիանան, վիրավորվել է Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից, աղջկան տեղափոխել են Բերդի հոսպիտալ, որտեղ վիրահատել են, վիճակը կայուն է:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 24-ին մամուլի ասուլիսում ասել էր, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանի հետ պատերազմի հավանականությունը խիստ ցածր է գնահատում, չնայած, ինչպես «վտանգ միշտ էլ կա»: Ապա հավելել, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը պայմանավորված է սահամաններում ու շփման գծում որոշակի իրադարձություններով, ինչպես նաև քաղաքական բանակացային հանդիպումներով, սակայն իրադրությունը վերահսկելի է: Նախարարը նշել էր նաև, որ քանի դեռ խաղաղության պայմանագիրը կնքված չէ` կրակոցներ լինելու են, պետք է պատրաստ լինենք, դրանց համարժեք պատասխան է տրվելու:

Հունվարի 24-ին Հայաստանի սոցապ նախարարություն այցելությանը նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել էր վերջին օրերին հակառակորդի կողմից հրադադարի խախտումներին: Նա նշել էր, որ չի կարող բացառել, որ ռազմական գործողություններ չեն լինի, «որովհետև մեր երկրում առնվազն երկու մարդ՝ նախագահն ու պաշտպանության նախարարը երևի պետք է համարեն, որ հենց վաղը կարող են ռազմական գործողություններ սկսվել, չնայած տեսանելի ապագայում նման բան չի տեսնում: Նա նշել էր նաև, որ եթե պարտադրեն, ստիպված ենք լինելու կռվել:

Հունվարի 24-ին Փարիզում հանդիպել էին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Էլմար Մամեդյարովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը, Ջեյմս Ուորլիքն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախ առանձնազրույց էին ունեցել ԵԱՀԿ ՄԽ համախագահների հետ, ապա բանակցությունները շարունակել ընդլայնված ձևաչափով` արտգործնախարարների, համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ։

Հիմնվելով 2013-ի նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, որոնց շարունակությունը դեկտեմբերի 5-ին Կիևում ԱԳ նախարարների հանդիպումն էր` քննարկվել էին խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել հաջորդ ամսվա առաջին կեսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` տարածաշրջան այցելելու վերաբերյալ:

ԸՍՏ ԼՂՀ ՊԲ հաշվարկների, հունվարի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում լարվածությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հասել էր գագաթնակետին: Շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1500 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14 000 կրակոց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---