Դինքի բարեկամների խումբ. Լրագրողի սպանության գործով դատավարությունը քաղաքական է

Դինքի բարեկամների խումբ. Լրագրողի սպանության գործով դատավարությունը քաղաքական է

PanARMENIAN.Net - Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի վերանայումը շարունակվում է: Ըստ ակտիվիստների ու Դինքի բարեկամների, իրենք դեմ կլինեն, որ դատական լսումները վերածվեն «հաշվեհարդարի պետության ներսում», գրում է Hurriyet Daily News-ը:

«Ելնելով նրանից, որ դատավարությունը ոչ թե իրավաբանական է, այլ քաղաքական, դատը չպետք է զոհաբերվի պետությանը»,-ասել է «Դինքի բարեկամների խմբի» մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ երկրորդ գործընթացը պետք է այնպես անցկացվի, որ գոհացնի հանրությանը: Խմբի անդամներն են սպանված լրագրողի հարազատները, գործընկերները: Նորանշանակ դատախազ Մուրատ Ինամը վերսկսեց Դինքի գործով դատավարությունն այս շաբաթ:

Հրանտ Դինքի սպանության գործով նոր դատախազ է նշանակվել Մուրատ Ինամը, որը փոխարինեց Մուամմեր Աքաշին, որին հեռացրեցին պաշտոնից 2014 թվականի հունվարին: Ինամն արդեն ստացել է գործի բոլոր նյութերը: Աքաշը հեռացվեց պաշտոնից, քանի որ մտադիր էր ընդլայնել կոռուպցիայի համար մեղադրվող պաշտոնյաների ցուցակը և քանի որ, ինքն էր արտոնել «Մեծ կաշառքի» գործով ձերբակալությունները:

Դատարանի առջև կրկին կկանգնեն 18 կասկածյալներ, որոնցից Էրհան Թունջելն ու Էրսին Յոլչուն արդարացվեցին առաջին նիստում:

«Դինքի սպանությունից 7 տարի է անցել ու ոչինչ չի փոխվել: Մենք շատ լավ գիտենք, որ կատարվածը որոշակի պետական քաղաքականության շարունակությունն է: Դա «խորքային», կամ «զուգահեռ» պետություն չէ: Դա մեր պետությունն է իր առավել վառ դրսևորմամբ»,-ասել է կազմակերպության մամուլի քարտուղարը Ստամբուլում դատական նիստից առաջ՝ հավելելով, որ պետությունը մեղսակից է Դինքի սպանությանը բոլոր մակարդակներում:

Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---