Ազերիները նեղացել են Լատվիայից աշխարհագրության դասագրքում ԼՂՀ-ն հիշատակելու համար

Ազերիները նեղացել են Լատվիայից աշխարհագրության դասագրքում ԼՂՀ-ն հիշատակելու համար

PanARMENIAN.Net - Լատվիայում Ադրբեջանի դեսպանությունը նոտա է հղել «Աշխարհի նոր աշխարհագրություն» դասագրքի կապակցությամբ, որտեղ «կոպիտ սխալ է» թույլ տված Ադրբեջանի գոյություն չունեցող «տարածքային ամբողջականության» հարցում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի դեսպանատան աշխատակից Հերայ Մուրադովը, հայտնում է Vesti.az-ը՝ APA գործակալության վրա հղումով:

Մուրադովը նշել է, որ փետրվարի 19-ին Լատվիայում ՎՈւԱՄ անդամ երկրների դեսպանությունների ներկայացուցիչների հանդիպումն էր: Բացի այդ, դեսպան Էլման Զեյնալովը Լատվիայի ԱԳՆ-ին մտահոգությունն է հայտնել դասագրքում «սխալի» կապակցությամբ և նոտա հղել նախարարությանը:

Ադրբեջանին նեղացրել է այն փաստը, որ աշխարհագրության դասագրքում, որը նախատեսված է Լատվիայի միջին դպրոցի աշակերտների համար, առանձին բաժին է նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, ինչպես նաև պատկերված է ԼՂՀ դրոշը:

Հերայ Մուրադովը հավելել է, որ հարցի առնչությամբ հետազոտություն է արվել: Հուրախություն ադրբեջանական կողմի, հայտնի է դարձել, որ դասագիրքը չի օգտագործվում միջին դպրոցում: Դա հաստատել է նաև Լատվիայի կրթության նախարարությունը:

Ադրբեջանը միշտ շատ սուր է արձագանքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիշատակումներին արտերկրում հրատարակվող ու շրջանառվող դասագրքերում, քարտեզներում կամ կայքերում և ամեն գնով փորձում է առաջ տանել իր դիրքորոշումը՝ օտարերկրացի պաշտոնյաներին մոլորության մեջ գցելով սեփական «տարածքային ամբողջականության» մասին պնդումներով:

1921 թվականի հուլիսի 5 ՌԿԿ(բ) Կովկասյան բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը միացվեց Ադրբեջանական ՍՍՀ-ին, առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու: 1923 թվականի հուլիսի 7 Լեռնային Ղարաբաղի հայաբնակ մասից կազմվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ):

1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա: Ի պատասխան Ղարաբաղի հայերի խաղաղ պահանջի, որոնք կազմում էին ԼՂԻՄ բնակչության 80 տոկոսը, Ադրբեջանն ագրեսիա սանձազերծեց խաղաղ բնակչության դեմ:

ԼՂՀ Պաշտպանության բանակաը անվտանգության գոտի ստեղծեց ԼՂՀ շուրջ, 1994 թվականի մայիսի 5-ին Ռուսաստանի, Ղրղզստանի ու ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը ստորագրեցին Բիշքեկի արձանագրությունը, որի հիման վրա մայիսի 12-ին նույն կողմերի միջև ձեռք բերվեց Հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը գործում է մինչ օրս, թեև ադրբեջանական կողմը մշտապես խախտում է ռեժիմն ու ետ չի տանում դիպուկահարներին:

1992 թ. ղարաբաղյան կարգավորման համար ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում ընթանում է բանակցային գործընթացը, որի նպատակն է նախապատրաստել ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովը, որը կոչված է վերջնականապես լուծելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---