ՄՄ շրջանակում Ղարաբաղի համար կարող է որոշակի տնտեսական ռեժիմ ստեղծվել

ՄՄ շրջանակում Ղարաբաղի համար կարող է որոշակի տնտեսական ռեժիմ ստեղծվել

PanARMENIAN.Net - Հայաստանն արդեն 2014 թվականին կարող է դառնալ ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միության անդամ, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն: «Կարծում եմ, որ արդեն 2014 թ. Հայաստանի ՄՄ-ին միանալու գործընթացն իրավաբանորեն կձևակերպվի»,- ասել է նա լրագրողներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Խրիստենկոն հայտնել է, որ մարտի 5-ին ԵՏՀ հանձնաժողովում նախագահներին ներկայացվեցին ՄՄ-ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզի» կատարման նախնական արդյունքները:

«Կարելի է ասել, որ դեկտեմբերյան գագաթաժողովից հետո երկու ամսում Հայաստանը մեծ առաջընթաց քայլ է կատարել՝ ժամանակից շուտ իրագործելով «ճանապարհային քարտեզը»: Ես լավատեսորեն եմ տրամադրված «քարտեզի» 260 կետերը կատարելու Հայաստանի հնարավորությունների ու ունակությունների առումով և այն ծավալի, որը պետք է իրագործել միանալուց առաջ»,-ասել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը:

«Ռուսաստանը ցանկանում է, որ Մաքսային միությանն անդամակցեն և Հայաստանը, և Ադրբեջանը»,-հայտարարել է Vesti.Az-ին քաղաքագետ, «Եվրասիա-Ինֆորմ» Միասնական լրատվավերլուծական կենտրոնի ղեկավար Վլադիմիր Բուկարսկին: Ըստ փորձագետի, այս պահի դրությամբ Հայաստանն առավել վճռական քայլ է կատարել այդ ուղղությամբ:

«Հետևաբար, կաճի նաև Ռուսաստանի աջակցությունը Հայաստանին բոլոր ոլորտներում, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության հարցում»,-ասել է նա:

Անդրադառնալով Ղարաբաղին ՄՄ-ին Հայաստանի ինտեգրման լույսի ներքո՝ Բուկարսկին նշել է, որ Ղարաբաղի տարածքը չի լինի Մաքսային միության կազմում, քանի դեռ չի կարգավորվել հակամարտությունը: «Այնուամենայնիվ, հնարավոր է, որ Ղարաբաղի համար որոշակի տնտեսական ռեժիմ ստեղծվի ՄՄ շրջանակում: Ռուսաստանը չի պարտադրի Ադրբեջնին անդամակցել Մաքսային միությանը: Սակայն, բնականաբար, առևտրի ռեժիմը ՌԴ ու Ադրբեջանի միջև կփոխվի, եթե Բաքուն հրաժարվի մասնակցել ինտեգրացիոն միավորմանը: Ռուսաստանը բավականին շատ տնտեսական հաղթաթղթեր ունի՝ Ռուսաստան ադրբեջանական ապրանքների արտահանման վերահսկողության խստացումից մինչև անօրինական ներգաղթյալների արտաքսում: Սակայն գլխավոր հաղթաթուղթը Ռուսաստանի ձեռքում քաղաքական աջակցությունն է Հայաստանին Ղարաբաղի հարցում»,-ասել է նա:

Նախօրեին, բացելով Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պատրաստ են ձեռնամուխ լինել ԵՏՀ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստմանը: «Հայկական կողմն ընդունել և հաջողությամբ իրականացնում է միջոցառումների ցանկը, որոնք անհրաժեշտ են Մաքսային միությանն անդամակցելու համար ու ԵՏՀ պահանջներին ու նորմերին համապատասխանելու համար, ուստի հնարավոր ենք համարում անցնել ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի նախապատրաստմանը»,-ասել է Պուտինը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ ապրիլի կեսին ավարտին կմոտենա ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրագործումը: Նա հավելեց նաև, որ զուգահեռ մշակվում է նաև համաձայնագիրը:

«ՄՄ անդամ երկրներն ու Հայաստանը պետք է համաձայնության գան համաձայնագրի շուրջ, որից հետո այն վավերացման կներկայացվի ԱԺ-ին: Այժմ դժվար է ասել, թե երբ այն կներկայացվի խորհրդարան»,-ասել է նա:

Այն հարցին, թե ինչու է Հայաստանն այդքան շտապում անդամակցել ՄՄ-ին, պատասխպանել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը՝ ասելով, որ Հայաստանը չի արագացնում անդամակցության գործընթացը, այլ ուղղակի շատ երկար ու լուրջ ճանապարհ է անցել մինչ այս որոշման կայացումը:

«Մենք 6 տարի շարունակ բարեփոխումներ ենք իրականացրել այս ոլորտում և այժմ հնարավոր է առանց լուրջ փոփոխությունների անդամակցել Մաքսային միությանը»,-ասել է նա:

Շավարշ Քոչարյանն իր հերթին նշել է, որ շուտով կսկսվի բանակցային գործընթացը ՄՄ անդամ երկրների հետ Հայաստան երրորդ երկրներից ներկրվող ապրանքների մաքսային տուրքեր չփոխելու շուրջ: Նա հավաստիացրել է նաև, որ կկարգավորվեն բոլոր խնդիրները, կապված ՀՀ ու ՄՄ տնտեսական տարածքի միջև ֆիզիկական սահմանի բացակայության հետ:

Հունվարի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել էր միջոցառումների ժամանակացույցը, որը ներառում է 20 բաժին, 262 միջոցառում, որից 150 պետք է իրականացվի մինչ ՄՄ-ին անդամակցելը:

Դեկտեմբերի 24-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ստորագրվել էր ՄՄ-ին Հայաստանի միանալու որոշումն ու միջոցառումների ծրագիրը՝ «Ճանապարհային քարտեզը»:

Հղումներ թեմայով.
Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---