ՀՀ նախագահ. ԵՄ հետ գործակցության, Թուրքիայի հակահայ քաղաքականության ու Ալիևի ռազմաշունչ հայտարարությունների մասին

ՀՀ նախագահ. ԵՄ հետ գործակցության, Թուրքիայի հակահայ քաղաքականության ու Ալիևի ռազմաշունչ հայտարարությունների մասին

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Իռլանդիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության ընդլայնված նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով և անդրադարձել է Երևանի համագործակցությանը Մաքսային միության հետ մի կողմից և Եվրամիության հետ մյուս կողմից: Նա ասել է, որ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը մի գործընկերոջ հետ չպետք է հանգեցնի նոր բաժանարար գծերի ձևավորմանը: Հայաստանը շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը:

«Մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանը 2013թ. դեկտեմբերին Հայաստանին Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգից օգտվելու հնարավորություն ընձեռելու համար: Այդուհանդերձ, այդ համակարգի առավելությունները լիարժեք օգտագործելու համար դեռևս կա իր լուծումը պահանջող մի կարևոր խնդիր, այն է` Եվրոպական միության մաքսային միության անդամ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման վերացումը: Այսօր, երբ մարդկությունը ոգեկոչում է Առաջին աշխարհամարտի հարյուրամյակի սարսափը, Թուրքիան ոչ միայն չի հրաժարվում ժխտողականության իր քաղաքականությունից, ոչ միայն փորձում է մոռացության մատնել Հայոց Ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակն ու անտեսել հայրենազրկված ժողովրդի պահանջը, ոչ միայն չի ապաշխարում կատարվածի համար, այլ շարունակում է Հայաստանին և հայերին վնասելու ազգատյաց և այլատյաց արմատներ ունեցող քաղաքականությունը», -ասել է Սերժ Սարգսյանը:

Ըստ ՀՀ նախագահի, եվրոպական արժեհամակարգի առանցքային սկզբունքներից է չլռել, երբ տեսնում ենք անարդարություն, երբ լսում ենք կողմնապահ մտքեր, և հատկապես երբ ականատես ենք լինում այլատյացության դրսևորման: «Այլևս երբեք»-ը մեր իսկ կարգախոսն էր, որ ծնվեց երկու աշխարհամարտերի արհավիրքներից: Բայց այդ կարգախոսը կյանքի կոչելու միայն մեկ ձև կա` հիշել, դատապարտել և պահանջել: Մեզ համար անընդունելի և անհասկանալի է, երբ մենք հանդուրժում ենք ֆաշիզմի որևէ դրսևորում, երբ ձևացնում ենք, որ չենք լսում Եվրոպայի խորհրդի անդամ-պետություն Ադրբեջանի Նախագահի ելույթը, երբ նա բացեիբաց ատելություն և թշնամանք է քարոզում: Որպեսզի Արևելյան գործընկերությունն աշխատի, մենք պետք է շիտակ և ազնիվ լինենք միմյանց հուզող հարցերում»,-ասել է նա:

«Մենք մեծապես գնահատում ենք, որ տարիներ շարունակ Եվրոպական միությունը և նրա անդամ երկրներն աջակցություն են ցուցաբերել Հայաստանի սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը, պետական կառույցների ամրապնդմանը, հանրային կառավարման բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարի և աղքատության կրճատման գործում: Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն տվեց 2014-2015թթ. համար ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին: Մենք հանձնառու ենք շարունակելու մեր ջանքերը Եվրոպական միության հետ գործուն կառուցակարգեր ձևավորելու ուղղությամբ, որոնք մի կողմից արտացոլում են ԵՄ հետ Հայաստանի նախորդ քննարկումների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի են համագործակցության մյուս ձևաչափերի հետ», -եզրափակել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ-ԵՄ 2014-2015 թթ. Գործողությունների ծրագիրը փետրվարի 25-ին հաստատվել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի կողմից:

Ինչպես ավելի ուշ հայտարարեց ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Հայաստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունն ԵՄ հետ, և Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու մտադրությունը խոչընդոտ չէ ԵՄ հետ հարաբերությունների զարգացման համար: Ըստ նրա, ԵՄ-ն Հայաստանին պատրաստ է աջակցել 6 ուղղություններով` 160 գերակա խնդիրների լուծման կամ մեղմման համար` ասել է Բաղդասարյանը. «Մենք այսօր ՄՄ-ին անդամակցելու հայտ ենք ներկայացրել, բայց միևնույն ժամանակ հայտարարվել է շարունակել ԵՄ-ի հետ սերտ գործակցությունը»,- հավելել է ԱԱԽ քարտուղարը: Նրա փոխանցմամբ՝ ԵՄ-ի կողմից արդեն 30 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին կոռուպցիայի դեմ բարեփոխումների ոլորտում ու 40 մլն եվրո` հասարակական սեկտորին:

2013-ի նոյեմբերի վերջին Վիլնյուսում ԵՄ գագաթնաժողովին Հայաստանը պետք է նախաստորագրեր ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, ինչը սակայն տեղի չունեցավ, քանի որ ավելի վաղ` սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին:

«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---