Հայ-արաբական խորհուրդն Էրդողանին ցեղասպանության մեջ է մեղադրել (թարմացված)

Հայ-արաբական խորհուրդն Էրդողանին ցեղասպանության մեջ է մեղադրել (թարմացված)

PanARMENIAN.Net - Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիք սիրիական Քեսաբից ապաստան է գտել Լաթակիայում, իսկ մի քանի մարդկանց ճակատագիրն անհայտ է, գրում է The Armenian Weekly-ն: «Հայերի ընտանիքներից շատերն ապրում են Լաթակիայում հարազատների ու բարեկամների մոտ, ոմանք ապաստանել են հայկական եկեղեցում: Հալեպի թեմը և Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպությունն օգնություն են ցուցաբերում փախստականներին»,- ասել է Լաթակիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ներսես Սարգսյանը:

Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, կողոպտել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Ըստ Սարգսյանի, ապստամբները Սիրիա են ներթափանցել Թուրքիայի կողմից և ստանում են թուրք զինվորականների աջակցությունը: Վիրավոր գրոհայիններին բուժօգնության նպատակով տեղափոխում են Թուրքիա:

Քեսապի տեղահանված հայերի հարցը Հայաստանի արտգործնախարարության ուշադրության կենտրոնում է, ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«Այժմ տեղահանվածները Լաթակիայում են, փորձում ենք ուղիներ գտնել` հնարավորինս օժանդակելու համար»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը, գրում է «Սիվիլնեթ»-ը։

Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Քեսաբի հայերը տեղափոխվեն Հայաստան, Բալայանը պատասխանել է, որ նման դեպքերի համար ԱԳՆ-ն սիրիահայերին ընդունելու, քաղաքացիություն և մուտքի արտոնագիր տրամադրելու համար հատուկ ընթացակարգ ունի:

Ավելի վաղ Լիբանանում Սիրիայի դեսպանն այցելել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին Անթիլիասում՝ նրան հանձնելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուղերձը, որտեղ ասվում է, որ խաղաղությունը Քեսաբում կվերահաստատվի: Վնասը գնահատելու և իրենց աջակցությունը հայտնելու համար Անթիլիասից Լաթակիա են ժամանել մի խումբ եկեղեցականներ: Մարտի 23-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է հաղորդագրությունը, որ թուրք զինվորականները Քեսաբում սիրիական կործանիչ են խփել: Անկարայում պնդում են, որ սիրիական ինքնաթիռը ներխուժել է Թուրքիայի օդային տարածք: Ռեակտիվ կործանիչը ոչնչացվել է Քեսաբում: Ըստ Անկարայի, այն կրակի է մատնվել թուրքական սահմանը հատելուց հետո:

Ինչպես հայտնում է սիրիական SANA գործակալությունը, Լաթակիայի գավառում Քեսաբի մերձակայքում բանակային ստորաբաժանումները կործանիչ հարվածներ են հասցրել ահաբեկիչների խմբավորումներին, որոնք ներթափանցել են Թուրքիայից: Հարձակվողները մեծ վնասներ են կրել և մեծաքանակ տեխնիկա կորցրել: Ռազմական աղբյուրը հայտարարել է, որ թուրքական ավիացիան ագրեսիայի ակտ է կատարել՝ կործանելով Սիրիայի ռազմա-օդային ուժերի մարտական ինքնաթիռը, ինչը վկայում է Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ գրոհայիններին աջակցության մասին: Օդաչուին հաջողվել է փրկվել: Իր հերթին Հայ-արաբական համաշխարհային իրավական խորհուրդը դատապարտել է ահաբեկիչների խմբավորումների զինյալ ագրեսիան Քեսաբում՝ նշելով, որ գրոհայիններին աջակցում է թուրք վարչապետ Էրդողանը: Հայտարարության մեջ ասվում է.

«Թուրքիայի կառավարությունը նախապես ծրագրել էր Քեսաբի շրջանում հարձակումը, որի հետևանքով 6 հազար Սիրիայի քաղաքացիներ ստիպված եղան լքել իրենց տներն ու փախստական դառնալ: Նրանց մեծ մասը հայեր են: Նախորդ դարում Օսմանյան կայսրության իրագործած Ցեղասպանությունն ու բռնագաղթն Էրդողանի գլխավորությամբ շարունակում է նոր սերունդը»:

Թուրքիայի սահմանից ոչ հեռու, Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քեսաբը մինչև վերջերս զերծ էր մնում բանակի ու ապստամբների միջև խոշոր բախումներից: Սիրիացիներից շատերն այնտեղ էին ապաստանել, քանի որ վերջին երեք տարիներին այնտեղ հարաբերական անդորր էր:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ տվյալների, այդ ընթացքում զոհվել է մոտ 125 հազար մարդ, 2 միլիոնը փախստականներ են դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձինք: Այժմ պատերազմն ընթանում է ինչպես ընդդիմության ու կառավարական զորքերի միջև, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստական խմբավորումների նպատակն է շարիաթի օրենքներով ապրող պետության ստեղծումը: Մոտ 9,5 մլն մարդ ստիպված է եղել հեռանալ մարտական գործողությունների գոտուց, ինչը մեծածավալ հումանիտար աղետի պատճառ է դարձել Սիրիայում և հարևան երկրներում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---