Հայ Դատն Օբամային և Կոնգրեսին կոչ է անում ստիպել Թուրքիային վերջ տալ Քեսաբի վրա հարձակումներին (թարմացված)

Հայ Դատն Օբամային և Կոնգրեսին կոչ է անում ստիպել Թուրքիային վերջ տալ Քեսաբի վրա հարձակումներին (թարմացված)

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին՝ կոչ անելով պարտադրել Թուրքիային դադարեցնել աջակցությունը գրոհայիններին, որոնք հարձակվել են սիրիական հայաբնակ Քեսաբի վրա:

Արդեն մի քանի օր է Քեսաբում ողբերգական իրադարձություններ են ծավալվում: Թուրքական կողմը, խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծել է հայկական գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացել ապստամբների համար, որ նրանք գրավեն հայաբնակ շրջանը: Քեսաբը Սիրիայի ու Թուրքիայի սահմանին է, այնտեղ հազարավոր հայեր են ապրում, կան հայաբնակ բնակավայրեր, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ ու հիվանդանոցներ:

ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին հասցեագրված նամակում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը կոչ է արել Օբամային հանձնարարել ԱՄՆ պետքարտուղարին, Թուրքիայում ԱՄՆ դեսպանին և ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչին կասեցնել Քեսաբի վրա հարձակումները, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության բռնագաղթի, թալանի ու եկեղեցիների պղծման:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները դիմել են նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության և արտաքին գործերի հանձնախմբի անդամներին, որպեսզի նրանք, օգտագործելով Կոնգրեսի ազդեցությունը, վերջ տան Թուրքիայի մասնակցությանը Քեսաբի ոչնչացմանը: «Հարձակումները Քեսաբի հայության դեմ փաստացի հարձակումներ են բոլոր հայերի վրա»,- նշել է Խաչիկյանը:

Անդրադառնալով Քեսաբի դեպքերին, ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանընշել է, որ թուրքական հայատյաց քաղաքականությունը շարունակվում է ու արդեն իր ծայրահեղ դրսևորումն է ունենում Սիրիայի հայաբնակ շրջաններում: Ըստ Բաբայանի, թուրքական կողմն ամեն ինչ անում է դիվերսիոն հարձակումների միջոցով հայաթափելու ու ֆիզիկապես ոչնչացնելու սիրական համայնքը:

Նրա խոսքերով, այս պահին ակնկալվում է քաղաքակիրթ աշխարհի համաչափ արձագանքն այդ իրադարձություններին, գրում է Panorama.am-ը:

Հարցին, թե ո՞րն է այս իրավիճակում հայկական երկու հանրապետությունների խնդիրը, Բաբայանը նշել է. «Նախընտրելի կլիներ, որ Սիրիայում ապրող հայերը մնային Սիրիայում ու պահպանեին հայկական համայնքը, որը ուժեղ և միասնական է, սակայն, եթե սիրիահայերի կյանքին վտանգ է սպառնում, ապա Արցախը պատրաստ է իր հնարավորությունների չափով աջակցել նրանց, ընդհուպ` Արցախում նրանց համար բնակություն հաստատելու պայմաններ ստեղծել»:

Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթակիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: «Բազում հայ ընտանիքներ ապրում են Լաթակիայում հարազատների ու բարեկամների մոտ, ոմանք ապաստան են գտել հայկական եկեղեցում: Հալեպի թեմը և Սիրիայի Կարմիր Մահիկի կազմակերպությունն օգություն են ցուցաբերում փախստականներին»,- ասել է Լաթակիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ներսես Սարգսյանը:

Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Ըստ Սարգսյանի, ապստամբները Սիրիա են ներթափանցել Թուրքիայից և աջակցություն են ստանում թուրք զինվորականներից: Վիրավոր գրոհայինները տեղափոխվում են Թուրքիա բուժման նպատակով:

Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին՝ մարտի 24-ին, Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում մամուլի համար հայտարարություն է8 արել։ Նախագահն իր մտահոգությունն է հայտնել վերջին իրադարձությունների կապակցությամբ` հիշelwv Քեսաբի պատմությունը, «որը վերջին հարյուրամյակի ընթացքում հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով»:

Հայաստանի նախագահը հիշեցրել է8, որ «առաջին ծանր պատուհասը» Քեսաբի շրջանի համար դեռևս 1909-ին էր, երբ ապրիլին թուրքական զինված ջոկատները ներխուժեցին այնտեղ։ Հայերն ապաստանեցին Գարատուրանի լեռներում և ծովեզերքում։ Քեսաբը հրկիզելուց ու թալանելուց հետո թուրքերն ուղղվեցին դեպի Գարատուրան, այրեցին ու կողոպտեցին վերին թաղի տները։ Հայերը ֆրանսիական փոխադրանավով տեղափոխվեցին Լաթաքիա, մոտ մեկ տարի այնտեղ մնալուց հետո գաղթականները վերադարձան Քեսաբ և վերակառուցեցին իրենց տները։

Պատմական իրողություններին անդրադառնալիս Սերժ Սարգսյանը հիշատակել է նաև մեկ այլ տարեթիվ՝ 1915-ը, երբ տեղի բնակչությունը Հայոց ցեղասպանության գաղթից և աքսորներից ևս անմասն չմնաց։ Քեսաբցիներն աքսորվեցին երկու ուղղությամբ՝ դեպի Դեր Զոր և հարավ՝ մինչև Հորդանան։ Հազարավոր քեսաբահայեր զոհվեցին, մեծամասնությունը՝ Դեր Զորի անապատներում։

«Քեսաբի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունն ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է: Կարծում եմ՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնըստինքյան առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն բոլոր կողմերի համար»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Նախագահը հանձնարարել է ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին։

Նախօրեին ԱԺ մի խումբ պատգամավորներ հայտարարություն են տարածել, որտեղ սիրիական ու թուրքական իշխանություններին կոչ են անում Քեսաբի իրադարձությունների անաչառ հետաքննություն անցկացնել, իսկ միջազգային հանրությունից պահանջում միանշանակ գնահատական տալ «մարդու իրավունքների խատման այս նողկալի դեպքերի վերաբերյալ՝ ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկելով Քեսապի հայաբնական տարածքներ՝ փաստաթղթավորելու տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերը»:

«Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ, իսկ աշխարհասփյուռ հայությանը՝ միավորելու ջանքերը սատար կանգնելու սիրիահայության իրավունքների պաշտպանությանը»,- ասվում է նրանց տարածած հայտարարությունում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---