Հայ միգրանտներին կթույլատրեն 150 օ՞ր մնալ Ռուսաստանում․ ՀՀ ու ՌԴ միջև փաստաթուղթ է ստորագրվել

Հայ միգրանտներին կթույլատրեն 150 օ՞ր մնալ Ռուսաստանում․ ՀՀ ու ՌԴ միջև փաստաթուղթ է ստորագրվել

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր՝ ապրիլի 8-ին, հանդիպել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Արդյունքում երկու երկրների միգրացիոն ծառայությունների միջև փաստաթուղթ է ստորագրվել, որով կանոնակարգվելու են ՌԴ-ում գտնվող հայ միգրանտների կեցությանն ու աշխատանքային գործունեությանը վերաբերող խնդիրները: Մշակվել է նաև համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզ, տեղեկացնում են ԱԱԽ մամուլի ծառայությունից:

Հաղորդագրությունում չի նշվում, թե կոնկրետ ինչ փաստաթղթի մասին է խոսքը, բայց, հավանաբար, դա հայ միգրանտներին Ռուսաստանում 90 օրից ավելի գտնվելու թույլտվությունն է։ Ճշտելու համար փորձեցինք կապվել խորհրդի մամուլի բաժնի հետ, սակայն չկարողացանք՝ աշխատանքային օրվա ավարտ էր՝ հեռախոսները չէին պատասխանում։

Եթե հիշում եք, փետրվարի վերջին տեղեկություն տարածվեց, թե Հայաստանն ու Ռուսաստանը վերանայում են առանց մուտքի արտոնագրերի մասին 2000 թվականի երկկողմ համաձայնագիրը։ Ռուսական գործակալություններից REX-ն այն ժամանակ գրել էր, թե որոշվել է փոփոխություններ անել համաձայնագրի 4-րդ հոդվածում՝ Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացիներին թույլատրելով ժամանակավորապես գտնվել տվյալ երկրների սահմաններում 180-ից 150 օրվա ընթացքում։

Նման արձանագրությունը փաստացի կդադարեցնի Ռուսաստանում միգրանտների բնակության վերաբերյալ 2014-ի հունվարի 1-ից գործող նոր կարգը։ Դրանով միգրանտների մասին օրենքում ուղղումներ էին արվել, որոնցով մուտքի արտոնագիր չունեցող քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օրից ոչ ավելի: Ընդ որում, այդ ժամկետի լրանալուց հետո նորից երկիր կարելի է վերադառնալ 180 օրից: Մինչև այս օտարերկրյա քաղաքացիներն 90 օր անցկացնելով Ռուսաստանում, կարող էին մեկնել հայրենիք և մի քանի օրից նորից վերադառնալ ՌԴ:

Այդ օրերին ՀՀ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նամակ էր հղել իր ռուսաստանցի գործընկեր Նիկոլայ Պատրուշևին, որտեղ հույս էր հայտնում, թե Ռուսաստանը կվերանայի Հայաստանի համար վիզային ռեժիմը՝ այսօրվա դրությամբ Երևանը ոչ մի արգելք չի սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար:

«Հայաստանն ըմբռնումով է մոտենում ՌԴ ձեռնարկած միջոցներին ապօրինի միգրացիայի դեմ պայքարելու համատեքստում, սակայն հաշվի չեն առնված Մոսկվայի ու Երևանի համատեղ ինտեգրացիոն քաղաքականության կարևոր նրբությունները»,- ասվում էր Բաղդասարյանի նամակում:

ԱԱԽ քարտուղարը նշել էր նաև, որ Ռուսաստանում մի քանի հարյուր հազար հայ է բնակվում, որոնց վերաբերվում է այս խնդիրը, ուստի այն պետք է լուծվի սեղմ ժամկետում: Դրանից մի քանի օր անց՝ փետրվարի 25-ին, Երևանում կայացած ԵՄ խորհրդատվական խմբի նիստի ավարտին, Բաղդասարյանն ասել էր, թե Ռուսաստանը կմեղմի հայերի համար միգրացիոն քաղաքականությունը․

«Այս պահի դրությամբ կողմերը պայմանավորվածության են հասել Հայաստանում ու Ռուսաստանում միջգերատեսչական աշխատանքային խմբերի ձևավորման մասին, այդ խնդիրը սեղմ ժամկետում ուսումնասիրելու համար»,- ասել էր նա։

Մնում է սպասել կամ մանրամասն հաղորդագրության, կամ ԱԱԽ քարտուղարի վերադարձին, կամ էլ, գուցե, օրերս կայանալիք միջոցառմանը, որի մասնակցելու է նաև ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը, նա անձամբ կպարզաբանի, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը։

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---