ԵՄ-ն հուսով է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կշարունակեն երկխոսությունը

ԵՄ-ն հուսով է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կշարունակեն երկխոսությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը հայտարարել է՝ անհրաժեշտ է, որ երկխոսությունն Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների միջև շարունակվի, քանի որ դա հույս է ներշնչում, թե ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթաց կգրանցվի: Նա նշել է՝ միևնույն ժամանակ Եվրամիությունը հուսով է, որ երկխոսությունը կխթանի ղարաբաղյան կարգավորումը:

ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ Եվրամիությունն առավել արդյունավետ աշխատանք է ակնկալում Արևելյան գործընկերության երկրների հետ առկա հարցերի շուրջ, հայտնում է Bakililar.az-ը:

Ապրիլի 4-ին Մոկսվայում հանդիպել են Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Բանակցություններին քննարկվել է առաջիկայում բարձր մակարդակով հադիպում կազմակակերպելու հնարավորությունը, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Հանդիպման ավարտին համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է, որ նախարարների հետ քննարկել են խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն վերաբերող հարցեր: «Կողմերն ընդունել են բանակցություններում հետագա առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը: Համանախագահները կրկին անգամ կարևորել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված կոնկրետ քայլերը», -ասվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ:

Օրերս ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը հայտարարել է, որ անհրաժեշտ է «նպաստել ղարաբաղյան կարգավորման շուրջ երկխոսությանը»: Ըստ Բրասերի, նա աշխատում է շարունակել այս խորհրդարանական դիվանագիտությունը, քանի որ «այդ լուրջ հակամարտությունը դեռ շարունակվում է»: «Պետք է գնահատել բանակցությունների ցանկացած հնարավորություն, ուստի ես կաշխատեմ շարունակել ԵԽԽՎ նախկին նախագահների ավանդույթը»,- ասել է նա: Բրասերն ընդգծել է, որ փորձում է համոզել ադրբեջանական ու հայկական պատվիրակությունների ղեկավարներին համատեղ հանդիպումներ անցկացնել:

«Հարկավոր է նպաստել երկխոսությանը: Ես փորձում եմ կապեր հաստատել երկու պատվիրակությունների ղեկավարների հետ ԵԽԽՎ այս նստաշրջանում փոխզիջման հասնելու համար այն հարցում, թե ինչ ձևովով է պետք հանդիպումները կազմակերպել նման հարցերի շուրջ և ինչ հիմքի վրա շարունակել քննարկումները»,- ասել է նա:

Հունվարի 26-ին՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին օրը կառույցի հեռացող ղեկավար Ժան Կլոդ Մինյոնը նախագահի պաշտոնում իր վերջին մամուլի ասուլիսը տվեց: Ժան Կլոդ Մինյոնը հույս հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը վերջ կտան փոխադարձ մեղադրանքներին ու կառուցողական երկխոսություն կսկսեն:

«Միշտ փորձել եմ այդ հարցի լուծման համար քայլեր ձեռնարկել, ամեն անգամ հենվելով խորհրդարանական դիվանագիտության վրա, հանդիպել եմ երկու պատվիրակությունների ղեկավարներին: Գտնում եմ, որ այդ հանդիպումներն անցել են դրական մթնոլորտւմ: Գիտակցում եմ, որ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը հեշտ գործ չի: Մինչև օրս ԵԱՀԿ ՄԽ-ն մեծ աշխատանք է կատարել: Փարիզում մշտապես հանդիպում եմ Ժակ Ֆորին և կարող եմ ասել, որ աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է: Գտնում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջիկայում իր առաջարկները կներկայացնի ու կիրազեկի կատարվող աշխատանքի մասին»,- ասել է նա:

Ընդհանուր առմամբ խոսելով կարգավորման բարդությունների մասին՝ նախագահն ասել է, որ եթե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիան ու Գերմանիան կարողացան պայմանավորվել, ապա ինչու դա չեն կարող անել Ադրբեջանն ու Հայաստանը: «Առաջնագծում հաճախակի դարձած փոխհրաձգությունն ինձ մտահոգում է»,- ասել է Ժան Կլոդ Մինյոնը:

Հունվարի երկրորդ կեսից ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքներ են հրահրում հայ-ադրբեջանական սահմանին ու Ղարաբաղի հետ շփման գծում:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 23-ից լույս 24-ի գիշերն հայ-ադրբեջանական սահմանին ևս լարված էր: Ինտենսիվ է եղել կրակը նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի ու Չինարիի ուղղությամբ: Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի 16-ամյա դուստրը` Լիանան, վիրավորվել էր Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից, աղջկան տեղափոխել էին Բերդի հոսպիտալ, որտեղ վիրահատել էին։

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել էր զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով:

Ապրիլի 2-6-ը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների Երևան և Բաքու կատարած այցի ժամանակ կողմերը հավաստիացրեցին, որ կպահպանեն հրադադարը հատկապես Սոչիի ձմեռային Օլիմպիադայի օրերին: Սակայն ադրբեջանցիներն, անտեսելով բոլոր հորդորներն ու պայմանավորվածությունները, շարունակում են խախտել հրադադարի ռեժիմն ինչպես Օլիմպիադայի ժամանակ, այնպես էլ դրանից հետո:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, անցած շաբաթ՝ մարտի 30-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

Մարտի 27-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելիս մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ Բաբայանը: Ավելի ուշ պարզվել էր, որ զինծառայողը զոհվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցից։

Եվս մեկ զինծառայող՝ 1992թ. ծնված Գառնիկ Թորոսյանը, հակառակորդի կողմից արձակված փամփուշտից զոհվել էր մարտի 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտական առաջադրանք կատարելիս։ Փաստի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգքրի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով, այն է՝ «Սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով»:

Մարտի 19-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը, հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Մարտի 20-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր ստորագրեց, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար շարքային Արման Ղուկասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---