Պուտինը ռեաբիլիտացիայի է ենթարկել Ղրիմի բռնագաղթված ժողովրդներին, այդ թվում` հայերին

Պուտինը ռեաբիլիտացիայի է ենթարկել Ղրիմի բռնագաղթված ժողովրդներին, այդ թվում` հայերին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ղրիմի թաթարների, հայերի, գերմանացիների, հույների և մյուս ժողովրդների ռեաբիլիտացիայի մասին: Այդ մասին նախագահը հայտարարել է Պետխորհրդի նիստում:

«Օգտվելով առիթից, կցանկանայի տեղեկացնել գործընկերներին այն մասին, որ ես Հրամանագիր եմ ստորագրել Ղրիմի թաթարների, հայերի, գերմանացիների, հույների ռեաբիլիտացիայի մասին՝ բոլոր նրանց, ով տուժել է ստալինյան ռեպրեսիաների ժամանակ»,- ասել է Պուտինը:

Թաթարների արտաքսումը Ղրիմից տեղի ունեցավ թերակղզին գերմանացի ֆաշիստներից ազատագրելուց հետո: 1944 թ. մայիսի 18-20 խորհրդային իշխանությունները զանգվածաբար արտաքսեցին Ղրիմի թաթարներին թերակղզուց: Առիթ հանդիսացավ որոշ բնակիչների համագործակցությունը Ղրիմի օկուպացիոն իշխանությունների հետ: Ստալինի անունով ուղարկված Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի հեռագրում ասվում էր, որ բռնագաղթի է ենթարկվել 183 155 մարդ: Մեծ մասը վերաբնակեցվեց Ղազախստանում ու Ուզբեկստանում:

Արտաքսման առաջին տարիներին բռնագաղթվածների զգալի մասը մահացավ սովից ու հիվանդություններից: 1956 թվականից հետո Ղրիմի թաթարները պատմական հայրենիք վերադառնալու իրավունք չստացան: Նրանցից շատերը կարողացան վերադառնալ թերակղզի միայն ԽՍՀՄ փլուզումից հետո:

Ղրիմի ազատագրումից հետո թերակղզուց արտաքսվեցին նաև Պոնտոսի հույները, որոնք այնտեղ էին բնակվում դեռևս Բյուզանդիայի ժամանակներից: Բռնագաղթի ենթարկվեցին նաև բուլղարացիներն ու հայերը: Նրանց հայտարարեցին «գերմանացիների հանցակիցներ»:

Հույներին հիմնականում արտաքսեցին Սիբիր ու Ղազախստան: 1956 թվականին Ստալինի մահից հետո շատերին թույլատրվեց վերադառնալ Ղրիմ: 1990-ականների սկզբում Պոնտոսի հույներից շատերը հեռացան պատմական բնակության վայրից ու արտագաղթեցին Հունաստան:

Մարտի 18-ին Պուտինը հիշատակեց Ղրիմի թաթարների արտաքսման մասին Կրեմլում ունեցած ելույթում: «Կարծում եմ, որ պետք է ընդունվեն բոլոր անհրաժեշտ քաղաքական, օրենսդրական որոշումները, որոնք ավարտին կհասցնեն Ղրիմի թաթարների ռեաբիլիտացիայի գործընթացը, կվերականգնեն նրանց իրավունքներն ու բարի համբավը ամբողջ ծավալով», -ասել է ՌԴ նախագահը:

Ղրիմի ժողովրդների բռնագաղթը սկսվեց Մեծ Հայրենական պատերազմի սկզբում: 1941 թվականի օգոստոսին բռնագաղթվեց մոտ 60 հազար գերամանցի: Թեև գերմանացիների վերաբնակեցման մասին հրամանագիրը հայտնվեց միայն 1941 թվականի օգոստոսի 28-ին և վերաբերում էր միայն Մերձվոլգայի շրջանին, օգոստոսի 18-ին սկսվեց նաև Ղրիմի գերմանացիների արտաքսումը: Ֆաշիստական զորքերի արագ առաջխաղացումը թույլ չտվեց խորհրդային իշխանություններին ամբողջովին կյանքի կոչել այդ ծրագիրն ու կազմակերպել ընտանիքների զանգվածային վերաբնակեցում, ուստի դուրս բերվեցին հիմնականում զորակոչային տարիքի տղամարդիկ:

Գերմանացիներին հաջորդեցին Ղրիմի թաթարները: ԽՍՀՄ ներքին գործերի մարմինների 1944 թ. մայիսի 11-ի համար 5859 որոշման համաձայն 1944 թ. մայիսի 18-ին սկսվեց թաթարների բռնագաղթը: Այս անգամ բռնագաղթը զանգվածային էր, ամբողջ ընտանիքներով: Ընդհանուր առմամբ բռնագաղթվեց մոտ 180 հազար մարդ: Թաթարների հետ միասին բռնագաղթի ենթարկվեցին նաև թուրքեր, գնչուներ ու ղարաիմներ:

1944 թ. հունիսի 2-ինՍտալինը ստորագրեց համար 5984 հրամանագիրը «…ի լրումն 1944 թ. մայիսի 11-ի հրամանագրի Ղրիմի Ինքնավար Հանրապետությունից լրացուցիչ արտաքսել գերմանացիների հանցակիցներ հանդիսացող մոտ 37 հազար թաթարների, բուլղարացիների, հույների ու հայերի, ուղարկելով նրանց բնակության համար գյուղական վայրեր ու արդյունաբերական կենտրոններ՝ Ղազախստանի Գուրևի շրջան՝ 7000 մարդ, Սվերդլովսկի շրջան՝ 10 000 մարդ, Մոլոտովի շրջան՝ 10 000 մարդ, Կեմերովոյի շրջան՝ 6000 մարդ, Բաշկիրիա՝ 4000 մարդ»:

Բուլղարացիների, հույների ու հայերի բռնագաղթը իրագործվել է նույն օրը՝ 1944 թ. հունիսի 27-ին: 1942 թվականի հունվարի 29-ին և փետրվարի 8-10 բռնագաղթվեց իտալացիների համայնքը, որը բնակվում էր Կերչի շրջանում:

Օկուպացիայի ժամանակ գերմանացիները ոչնչացնում էին հրեաներին ու գնչուներին: Ղրիմի գնչուներից շատերը, որոնց խոսակցական լեզուն թաթարերենն էր, փրկելով սեփական կյանքը, ձգտում էին ներկայանալ որպես թաթարներ և հետագայում արտաքսվեցին թաթարների հետ միասին: Ղրիմից արտաքսվեցին նաև Հունաստանի, Թուրքիայի և Իրանի ժամկետանց հպատակության փաստաթղթերով անձիք՝ ընդհանուր առմամբ 3531 մարդ: Բռնագաղթվեցին հունգարացիներ, ռումինացիներ ու իտալացիներ, ինչպես նաև մոտ 2000 գերմանացիներ, որոնց չէին հասցրել արտաքսել 1941-ին: Ընդհանուր առմամբ 1944 թ. ամռանը հայերից, բուլղարացիներից ու հույներից բացի արտաքսվեց ևս 3 644 մարդ:

Պատերազմի, օկուպացիայի և բռնագաղթի հետևանքով Ղրիմի բնակչությունը նվազեց շուրջ 3 անգամ: 1944 թվականի հոկտեմբերին Ղրիմի բնակչությունը 379 000 էր, իսկ 1939 թվականին այն եղել էր 1 126 426: Շատ շրջաններ, հիմնականում թաթարներով բնակեցված, օրինակ Ղրիմի հարավային ափը լիովին զրկվեցին բնակչությունից: Չնայած, որ ակտիվ բնակեցում սկսվեց Ռուսաստանից ու Ուկրաինայից, սակայն թերակղզու տնտեսությունը հունի մեջ մտավ միայն 1960-ականներին: Բռնագաղթերից հետո Ղրիմում երկու հրամանագրերով 1945 և 1948 թվականներին վերանվանվեցին այն բնակավայրերը, որոնք թաթարական, գերմանական, հունական կամ հայկական ծագում ունեին, ընդհանուր առմամբ դա վերաբերում է թերակղզու բնակավայրերի 90 տոկոսին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---