Today’s Zaman-ը գրում է մոռացված օսմանյան ժառանգության՝ հայերի մասին

Today’s Zaman-ը գրում է մոռացված օսմանյան ժառանգության՝ հայերի մասին

PanARMENIAN.Net - Բռնագաղթի մասին օրենքն ընդունվեց Օսմանյան կայսրությունում 1915 թվականի մայիսի 27-ին և ուժի մեջ մտավ հունիսի 1-ին: Սակայն ապրիլի 24-ն է նշվում որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ամբողջ աշխարհում: Այդ օրը Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան հրամայեց ձերբակալել հայտնի հայ գործիչներին՝ գրողների, նկարիչների, ուսուցիչների, իրավաբանների, բժիշկների ու պատգամավորների:

Ձերբակալությունները սկսվեցին կայսրության բոլոր գավառներում, գրում է «1915 ապրիլի 24. Ստամբուլ, Չանքըրի, Այաս, Անկարա» գրքի հեղինակ Նեսիմ Օվադիա Իսրայելը: Նա հիշեցնում է, որ սկզբնական փուլում ձերբակալվեց 197 մտավորական, ավելի ուշ ևս 53 հոգի: Իսրայելը պնդում է, որ հայ մտավորականության 174 ներկայացուցիչներ սպանվեցին առանց դատ ու դատաստանի չորս ամսվա ազատազրկումից հետո: Մյուս 76-ն ազատ արձակվեցին կենտրոնական կառավարության հրամանով: Today’s Zaman-ը «Մոռացված օսմանյան ժառանգություն՝ հայ մտավորականներ» հոդվածում մեջբերումներ է անում Իսրայելի գրքից, որը պատմում է սպանվածների մասին: Նրանցից մեկը Գրիգոր Զոհրապն էր՝ լրագրող, պատգամավոր, համալսարանի պրոֆեսոր: Զոհրապը «Միասնություն և առաջընթաց» կուսակցության հայ ներկայացուցիչներից մեկն էր խորհրդարանում: 1908 թվականի հուլիսի 31-ին, ելույթ ունենալով Թաքսիմ հրապարակում, նա ասել է. «Մենք տարբեր կրոններ ենք դավանում, բայց մի ճանապարհ ունենք, դա ճանապարհն է դեպի ազատություն»: Զոհրապն ազգայնական չէր, նա օսմանցի էր, գրում է Իսրայելը: Զոհրապը հավանություն էր տալիս ընդհանուր օսմանականության գաղափարին: Նա շատ բարեկամներ ուներ, այդ թվում նաև Թալեաթ փաշան՝ այն ժամանակվա ամենաազդեցիկ գործիչը: Վարկած կա, որ նրանք երկուսն էլ մասոններ էին: Չնայած նրանց բարեկամական հարաբերություններին՝ Թալեաթն առանց վարանելու հրաման արձակեց ձերբակալել Զոհրապին, որին սպանեցին Ուրֆայում՝ նրա գլուխը ջարդեցին քարերով:

Այնուհետև Իսրայելը գրում է Զաբել Եսայանի մասին, որը կրթություն էր ստացել Սորբոնի համալսարանում և Ադանայի կոտորածի ականատես էր: Եսայանը միակ կինն էր ոչնչացման ենթակա գործիչների ցուցակում, նրան հաջողվեց փախչել Բուլղարիա: 1937 թվականին նա ձերբակալվեց հակախորհրդային գործունեության համար և արտաքսվեց Սիբիր: Հստակ տեղեկություն այն մասին, թե որտեղ և ինչպես է նա մահացել, չկա:

Հոդվածում բերվում են նաև Կոմիտասի, Լևոն Լարենցի, Արիստակես Կասպարյանի կենսագրությունները: Կոմիտասը խելագարվեց, Լարենցը մահացավ Ստամբուլում 1930 թվականին, իսկ Կասպարյանը սպանվեց Անկարայում 1915-ին:

Իսրայելը գրում է. «Մենք գիտակցում ենք հայ մտավորականության դերը, որը պաշտպանել է թուրքական ազգայնականությունն ու պետության գաղափարը: Դիրան Քելեկյանը, Sabah թերթի մեկնաբանը, բացահայտ կոչ էր անում Թուրքիային պատերազմ սկսել Բալկաններում ու ստացավ երիտթուրքերի միահամուռ հավանությունը: Սակայն նա ևս ձերբակալվեց ապրիլի 24-ին ու սպանվեց Սիվասում»:

Photo: Today’s Zaman
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---