Հայոց ցեղասպանությունը «վարձկան զինվորի» աչքերով

Հայոց ցեղասպանությունը «վարձկան զինվորի» աչքերով

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությունը նկարագրել են ոչ միայն հայերին համակրող մարդիկ, այլ նաև թուրքերի կողմնակիցները: Երկրորդ կողմի առավել վառ ներկայացուցիչներից է վենեսուելացի «վարձկան զինվոր» Ռաֆայել դե Նոգալես Մենդեսը:

Ռաֆայել դե Նոգալես Մենդեսը քաղաքական դրդապատճառներով կյանքի մեծ մասը վտարանդի է եղել: 1915 թվականին նա անդամագրվել է գերմանական բանակի շարքերը, հետո գործուղվել է Թուրքիա թուրքական բանակի գերմանական շտաբում ծառայելու համար: «Չորս տարի կիսալուսնի ներքո» գրքի (իսպաներեն հրատարակությունը 1924 թ., գերմաներեն հրատարակությունը 1925 թ., անգլերեն հրատարակությունը 1926 թ.) հեղինակն է: Որպես գերմանական բանակի սպա Նոգալեսը դեմ էր հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին: Միևնույն ժամանակ, լինելով իրադարձությունների անմիջական մասնակիցն ու ականատեսը, նա բավականին հավաստի վկայություններ է թողել Թուրքիայի մարդատյաց քաղաքականության մասին: Նոգալեսի գրքում բազմաթիվ են հայերի կազմակերպված ոչնչացման կոնկրետ օրինակները, ինչպես նաև կատարված ոճրագործությունների հետքերը թաքցնելու, ցեղասպան քաղաքականությունը հայկական ապստամբությունների վարկածով արդարացնելու թուրքական իշխանությունների ապարդյուն ջանքերի նկարագրությունը:

Հեղինակը ցույց է տվել, թե ինչպես էին Օսմանյան կայսրությունը ղեկավարող երիտթուրքերը, «Միասնություն և առաջընթաց» կոմիտեի ղեկավարներ Թալեաթը, Էնվերն ու Ջամալը, և նրանց թիկունքում թաքնվող Նազիմն ու Կարասոն, զբաղվում բնակչության թալանով:

Ռաֆայել դե Նոգալեսի գիրքն այժմ մատենագիտական հազվագյուտ գործ է դարձել: Այդ գիրքը չկա Ռուսաստանի գրադարաններում, չկա, հավանաբար, նաև այլ երկրների գրադարաններում: Այդ գրքի տպաքանակը գնում էին ու ոչնչացնում, իսկ հեղինակին փորձել են սպանել որպես հայ ժողովրդի ցեղասանության կենդանի վկա: Սակայն նրան հաջողվեց ողջ մնալ և նա քրիստոնյայի ու քաղաքացու իր պարտքը համարեց պատմել ամբողջ աշխարհին մարդկության դեմ ամենամեծ ոճրագործություններից մեկի մասին:

«Ժամանելով քաղաք ես տեսա, որ իշխանությունները վերացնում են իրենց հանցագործությունների վերջին հետքերը: Այլ կերպ ասած, շտապ կարգով թաղում են հայերի դիերը, որոնք ամենուր են: Հավանաբար, նրանք չէին ուզում, որ ես հասկանայի կատարվածի իրական մասշտաբները: Այնուամենայնիվ ես անընդհատ դիակների կույտեր էի տեսնում, շների, որոնք հողից դուրս մնացած մարդկային ոտք կամ ձեռք էին կրծոտում: Դիակների սարսափելի գարշահոտ էր շուրջը...»:

«Քրդերի ու տեղաբնակների օգնությամբ թուրքերը պաշարում ու թալանում էին հայկական թաղամասերը, որտեղ 300-400 արհեստավորներ կատաղի պաշտպավնում էին այդ ստահակների գազազած ամբոխից: Հարձակվողները կոտրում էին դռները, անցնում ցանկապատերի վրայով, ներխուժում էին տները և կոտորելով անօգնական ու անզեն զոհերին, ստիպում էին այդ դժբախտների կանանց, մայրերին կամ քույրերին քարշ տալով ոտքերից կամ ձեռքերից դիակները հանել տնից, որտեղ արդեն մյուս տականքներն էին ավարտին հասցնում նախորդների գործը: Հետո, հանելով նրանց հագուստը, գցում էին դիակները որտեղ պատահի՝ թողնելով ագռավներին ու բորենիներին»:

Նոգալեսը սպառիչ է բնութագրում այս ամենի կազմակերպչին. «40-ին մոտ, զգաստ, կարճ բեղերով, միջինից մի քիչ բարձահասակ Ջևդեթ բեյը վերջին փարիզյան նորաձևությամբ էր հագնվում: Նրա անսովոր գունատ դեմքի վրա աչքի էին ընկնում սև մազերն ու սև աչքերը»:

Ի դեպ, Նոգալեսը գրել է, որ երիտթուրքերի եռյակը Աթաթուրքի հետ միասին սերում էին դյոնմեներից, այսինքն, իսլամ ընդունած հրեաներից: Ըստ նրա վարկածի, Աբդուլ Համիդիը տապալվեց , քանի որ թույլ չէր տալիս հրեաներին բնակություն հաստատել Պաղեստինում:

Ակնհայտորեն վարձու զինվորի համակրանքը երիտթուրքերի կողմն էր, սակայն, ցանկացած դեպքում, նրա վկայությունները շատ արժեքավոր են:

«Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստերից մահմեդական ազգերն ամենից շատ թաքցնում էին ոչ թե այն, որ թուրքերը կոտորել են 12 տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց, այլ այն, որ բռնագաղթի ժամանակ շուրջ 1 մլն կանայք ու երեխաներ մատնվել էին սովի ողջ մարդկության աչքի առաջ: Դա կալեկոծեր բոլոր քրիստոնյա ազգերին և պատերազմից հետո ճակատագրական կլիներ օսմանցի թուրքերի և ամբողջ մահմեդական աշխարհի համար»:

Նոգալեսը միամիտ մարդ էր՝ քրիստոնյա աշխարհը հանգիստ ու լուռ ընդունեց մի ողջ ժողովրդի բնաջնջումն ու ստորագրեց նոր Թուրքիայի հետ Լոզանի պայմանագիրը: Իսկ Ռաֆայել դե Նոգալեսը 1918 թվականին հեռացավ Թուրքիայից թուրքական բանակի պատվո գեներալի կոչումով:

«Չորս տարի կիսալուսնի տակ» գիրքը հրատարակվեց ռուսերեն լեզվով 2006 թվականին «Ռուսկի վեստնիկ» հրատարկչությունում:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---