Մոսկվայի արբիտրաժային դատարանը մոտ 13,5 մլն ռուբլի է գանձել «Արմավիայից»

Մոսկվայի արբիտրաժային դատարանը մոտ 13,5 մլն ռուբլի է գանձել «Արմավիայից»

PanARMENIAN.Net - Մոսկվայի արբիտրաժային դատարանը մոտ 13,5 մլն ռուբլի է գանձել «Արմավիայից» «Վնեշէկոնոմբանկի» հայցով: Այսպիսով դատարանը մասնակիորեն բավարարել է բանկի հայցը, որը խնդրում էր ավիաընկերութունից գանձել մոտ 16,5 մլն ռուբլի, հայտնում է «ՌԱՊՍԻ»-ն:

Դատարանում «Վնեշէկոնոմբանկի» ներկայացուցիչը հայտնել է, որ 2011 թվականի հունիսին Sukhoi SuperJet-100 երկու ինքնաթիռների լիզինգային ձեռքբերման նպատակով ավիաընկերությանը վարկի տրամադրման նախագծի շրջանակում կողմերը ծառայությանների մատուցման վերաբերյալ պայմանագիր են կնքել: Գործարքների սխեմաների մշակման համար բանկը խորհրդատուների է հրավիրել դրսից՝- PricewaterhouseCoopers-ին և «Վեգաս Լեքս» իրավաբանական ընկերությանը: Ըստ պայմանագրի ավիաընկերությունը պարտավոր էր հատուցել բոլոր ծախսերը: Բանկը խորհրդատուներին է վճարել 14,8 մլն ռուբլի և հաշիվներն ուղարկել է ավիաընկերությանը: 2012-ին ավիաընկերությունը բանկին փոխանցել է ընդամենը 1 մլն ռուբլի: Քանի որ ավիաընկերությունը չի մարել պարտքը, բանկը դիմել է դատարան:

«Արմավիայի» ներկայացուցիչն իր հերթին հայտարարեց, որ ընկերությունը համաձայն չէ հայցվորի պահանջներին, քանի որ, բանկը խախտել է եզրակացությունը տրամադրելու ժամկետը, որը սահմանված էր երեք ամիս: Պատասխանող կողմը համարում է նաև, որ ծառայությունները պատշաճ կերպով չեն մատուցվել: 2012 թվականին ավիաընկերությունը հրաժարվեց վարկից:

Լինելով Sukhoi SuperJet-100 ինքնաթիռի առաջին պատվիրատուն՝ ավիաընկերությունը 2012 թ. հայտարարեց, որ հրաժարվում է արդեն շահագործվող ինքնաթիռից և նոր ինքնաթիռից, որը «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ն պետք է փոխանցեր ընկերությանը: 2013 թ. ապրիլին հայտնի դարձավ, որ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ն հայցով դիմել է ՌԴ ԱԱՊ-ին կից գործող Միջազգային առևտրային վերաքննիչ դատարան՝ պահանջելով գանձել «Արմավիայից» կրած վնասին համարժեք գումարը:

«Արմավիա» ընկերությունը հայտնեց, որ դադարեցնում է թռիչքները 2013-ի ապրիլի 1-ից և սկսում է սնանկացման գործընթացը:

2013թ. հունիսի 6-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը: Հոկտեմբերի 23-ին կառավարության նիստում հաստատվեց «McKinsey & Company» ընկերության ու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ հետազոտության վրա հիմնված «Հայաստանում ավիափոխադրումների մրցունակ ու տևական ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---