Օբամայի ավանդական ուղերձը. «Մեծ եղեռն»-ն ու սեփական պատմությունը ճանաչելու կոչը

Օբամայի ավանդական ուղերձը. «Մեծ եղեռն»-ն ու սեփական պատմությունը ճանաչելու կոչը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իր ամենամյա ուղերձն է հղել: Հավատարիմ մնալով ինքն իրեն՝ Օբաման կրկին չի օգտագործել ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ: Բարաք Օբամայի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնի զոհերին, նրանց, ով զոհվեց 20-րդ դարի ամենասոսկալի հանցագործության հետևանքով: Հիշում ենք 99 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները, երբ 1,5 միլիոն հայ սպանվեց կամ մահվան մատնվեց Օսմանյան կայսրության հաջորդ տարիներին, և սգում այդ տղամարդկանց, կանանց, երեխաների մահը: Միանում ենք միլիոնավոր մարդկանց ԱՄՆ-ում ու աշխարհում, հարգելով նրանց հիշատակը: Այդպիսով հիշեցնում ենք մեզ մեր ստանձնած պարտավորությունների մասին՝ թույլ չտալ, որ պատմության նման մութ էջերն ապագայում կրկնվեն:

Բազմիցս եմ հայտնել իմ անձնական տեսակետը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, այն չի փոխվել: Փաստերի լիարժեք ու անկեղծ ճանաչումը բխում է մեր շահերից: Ճանաչումն ու հաշտեցումը պատմության ցավագին էջերի հետ ավելի ուժեղ է դարձնում ժողովրդներին՝ հիմք ստեղծելով առավել արդար ու հանդուրժող ապագայի համար: Մենք ԱՄՆ-ում շարունակում ենք դասեր քաղել և փորձում հաշտվել պատմության որոշ մութ էջերի հետ: Ողջունում ենք հայերի ու թուրքերի ստվարացող քանակը, որոնք նույնպես այդ ճանապարհով են գնում և կոչ ենք անում նրանց ավելի շատ ջանքեր գործադրել պետությունների աջակցությամբ:

Այսօր մեր մտքերն ու աղոթքները համայն հայության հետ են, հիշում ենք Մեծ եղեռնի սարսափները, հարգում զոհվածների հիշատակը և հաստատում մեր աջակցությունը հայ ժողովրդին ու հավատարմությունը նման վայրագությունների կրկնությունը թույլ չտալու սկզբունքին»:

Մինչ այդ, այսօր՝ ապրիլի 24-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողներին ասել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում կդատապարտի իրադարձությունները, որոնք 20-րդ դարի ամենածանր հանցագործություններից են: «Վստահ եմ, որ ԱՄՆ նախագահը հերթական անգամ իր հիշատակի տուրքը կմատուցի Օսմանյան կայսրություն վերջին տարիներին տեղահանությունների ու ջարդերի զոհ դարձած մեկուկես միլիոն հայերին։ Վստահ եմ, որ նա կդատապարտի այս իրադարձությունները որպես 20-րդ դարի ամենասոսկալի ոճրագործություններից մեկը: Նախագահի հայտարարությունը ուժեղ կլինի, որտեղ ընդունվում են փաստերը 1915-23 թվականին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ»,- ասել է նա:

Բարաք Օբաման, լինելով սենատոր և նախագահության թեկնածու, խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հենց որ հաստատվի Սպիտակ տանը: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:

Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ:

«Ըստ էության իր դիրքորոշումը հայտնելու փոխարեն, Օբաման Թուրքիայի վարչապետ Էրդողանի ԱՄՆ կատարելիք այցի շեմին քաղաքական նվեր արեց Թուրքիային՝ խորացնելով ԱՄՆ վարչակազմի մեղսակցությունը Հայոց ցեղասպանության ժխտման գործում, ինչպես նաև հերթական խոչընդոտը ստեղծեց այն ամերիկացի քաղաքացիների համար, որոնք մտադիր էին փոխհատուցում ստանալ ԱՄՆ դատարանների միջոցով», -հայտարարեց այն ժամանակ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Գերագույն դատարան ներկայացված 27 էջից բաղկացած փաստաթղթում ասվում է, որ Կալիֆորնիայի օրենքը սխալմամբ թույլ է տալիս դատավորներին «որոշումներ կայացնել վիճահարույց պատմական իրադարձությունների հիման վրա, որոնք տեղի են ունեցել օսմանյան կայսրությունում գրեթե 100 տարի առաջ»:

Նա նաև հղում է կատարել ԱՄՆ գործադիր իշխանության ընտրովի հակազդեցությանը Հայոց ցեղասպանության ճանաչմանը, սակայն չի նշում այդ ոճրագործության ճանաչման փաստերը, օրինակ, ինչպես 1951 թվականի մայիսի 28-ի ԱՄՆ կառավարության հայտարարությունը Միջազգային դատարանում Ցեղասպանություն հանցագործության համար պատժի ու կանխարգելման կոնվենցիայի կապակցությամբ, որտեղ հայերի կոտորածը Թուրքիայում բերվում է որպես ցեղասպանության ոճրագործության ցցուն օրինակ: Չէր նշված նաև ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի 1981 թվականի ապրիլի 22-ի ուղերձը, որտեղ նա մասնավորապես հայտարարել է, որ «Հայոց ցեղասպանությունը, ինչպես և հաջորդած կամբոջացիների ցեղասպանությունն ու Հոլոքոսթի դասերը երբեք չպետք է մոռացվեն»: Հունվարի 30-ին Սպիտակ տան կայքում զետեղվեց խնդրագիր ուղղված Օբամայի վարչակազիմին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով: Այն զետեղվեց նախագահի վարչակազմի կայքի «We the People» մասում:

Խնդրագրում մասնավորապես ասվում է. «99 տարվա մոռացություն, 1,5 միլիոն սպանված հայեր»: «Մերժողականության 99 տարի: 1,5 մլն հայերի կոտորած: Հայոց ցեղասպանությունը մինչ օրս չի ճանաչվել».

Ինչպես իր բլոգում հայտնեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, նույն օրը՝ հունվարի 30-ին Twitter-ում ԱՄՆ հայերի նախաձեռնությամբ կրթական ակցիա է անցկացվում, որի շրջանակում մասնակիցներն իրենց գրառումները նշել են #ArmenianGenocide թեգով: Արդյունքում “#ArmenianGenocide հեշթեգը ամենաքննարկվողներից մեկն է դարձել ԱՄՆ-ում: 2013 թվականի ապրիլին «որպես հավատարմություն իրավական արժեքներին», Սպիտակ տունը սեփական քաղաքացիական պլատֆորմը բացեց «We the People», որտեղ 13 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ կարող է մասնակցել ստորագրահավաքի՝ սատարելով խնդրագրին: Պլատֆորմի անվանումը պատահաբար չի ընտրվել՝ «We the People» այսպես է սկսվում ԱՄՆ Սահմանադրությունը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---