Էրդողանը հավատարիմ է իրեն Ցեղասպանության ժխտողականության հարցում

Էրդողանը հավատարիմ է իրեն Ցեղասպանության ժխտողականության հարցում

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ հարցազրույց է տվել ամերիկյան PBS հեռուստաալիքին (Հանրային հեռուստատեսություն), որտեղ անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը: Հարցին, թե հնարավոր է արդյոք Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից՝ Էրդողանը պատասխանել է. «Անհնար է, քանի որ եթե ցեղասպանություն լիներ, այսօր Թուրքիայում հայ չէր լինի»:

Էրդողանը խոսել է նաև նուրսիստների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի մասին՝ պահանջելով նրա արտահանձնումն ԱՄՆ-ից: «Ինչ ես վարչապետ եմ դարձել, մենք չենք հանդիպել Ֆեթուլլահ Գյուլենի հետ, միայն հեռախոսազրույցներ ենք ունեցել: Մենք հանդիպել ենք նրա հետ, երբ ես տեղական կառավարման մարմնի նախագահ էի: Սկզբում մեր հարաբերություններն այդ խմբի հետ լավն էին: Խնդիրները սկսվեցին 2010 թվականին սահմանադրական հանրաքվեի մասին հարցի շուրջ: Նրանց նպատակն էր բոլոր ուժերը կենտրոնացնել իրենց ձեռքում: Մեր հայացքները մոտ էին, բայց ես չէի կարծում, որ նա այդպիսի զազրելի մտադրություններ ունի»,-ասել է Էրդողանը:

Ըստ նրա, անցյալ տարվա դեկտեմբերին նուրսիստները բացահայտ հարձակման անցան: «Եթե իմ շտապ միջամտությունը չլիներ, ապա իրադարձությունները դրամատիկ բնույթ կկրեին: Ամերիկան պետք է անի Թուրքիայի անվտանգության համար այն, ինչ Թուրքիան անում է Ամերիկայի անվտանգության համար: Հուսով եմ, որ ԱՄՆ-ն կարտահանձնի Ֆեթուլլահ Գյուլենին»,-ասել է Էրդողանը, հայտնում է Intertnethaber-ը:

Ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Oսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով:

Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար:

Թուրքիայի Հանրապետությունը 1915 թ. իրադարձությունները գիտական առումով հետազոտելու համար մի միասնական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կոչ արեց: Այդ առաջարկը դեռ ուժի մեջ է: Թուրք, հայ և միջազգային պատմաբանների համատեղ հետազոտությունը մեծ դեր կունենա 1915 թվականի իրադարձությունների լուսաբանման ու պատմության ճիշտ մեկնաբանության գործում: Ուստի մենք բացել ենք մեր բոլոր արխիվները հետազոտողների համար: Մեր արխիվներում այսօր պահպանվող հարյուր հազարավոր փաստաթղթերը ներկայացված են պատմաբանների ուսումնասիրությանը:

Թուրքիան, վստահորեն նայելով ապագային, միշտ աջակցել է գիտական ու համակողմանի հետազոտություններին՝ պատմության ճիշտ ընկալման համար: Հույսով և հավատով, որ նմանատիպ սովորություններ ու ավանդույթներ ունեցող հին ժողովուրդները, որոնք միևնույն, բարդ աշխարհագրական տարածքին են պատկանում, կարող են միասին ու արժանի կերպով հիշել իրենց անցյալն ու կորուստները: Մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին զոհված հայերի հոգիները խաղաղությամբ հանգչեն, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Մենք հիշում ենք Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ինչ կրոն էլ նրանք դավանեն և ինչ ազգության էլ պատկանեն, որոնք զոհվեցին այդ շրջանում նման պայմաններում: Թող հանգչեն խաղաղությամբ»:

Ապրիլի 1-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ իսլամիստ հասարակական գործիչ Գյուլենի արտահանձնման մասին խոսք լինել չի կարող: Ըստ նրա, Հարֆը նշել է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան դաշնակիցներ են, բայց դա չի նշանակում, որ երկու կողմերը համակարծիք են բոլոր հարցերում:

Իսլամիստ հասարակական գործիչը, որն այսօր բնակվում է ԱՄՆ-ում, քաղաքական ապաստան է խնդրել Կանադայից, գրում է Sabah-ը: Գյուլենը նման որոշում է ընդունել, երբ Էրդողանը հայտարարեց ԱՄՆ-ի կողմից նրա հնարավոր արտահանձնման մասին: Բացի Կանադայից, Գյուլենը քաղապաստան է խնդրել նաև Նոր Զելանդիայից: Թերթի տվյալով, երկու պետություններն էլ մերժել են նրան ապաստան տրամադրել: Ավելի վաղ վարչապետ Էրդողանը հայտարարել էր, որ հնարավոր է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը, քանի որ նա միջամտում է Թուրքիայի ներքին գործերին` նպաստելով երկրի ապակայունացմանը: Ավելի վաղ Էրդողնը հայտարարել էր, թե կարող է հասնել Գյուլենի արտահանձնմանն ԱՄՆ-ից: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագն արդեն հայտարարել է, որ Ֆեթհուլլահ Գյուլենի հանդեպ կարող է միջազգային հետախուզում հայտարարվել: Բայց, նրա խոսքով, Գյուլենին միջազգային հետախուզում հայտարարելու համար անհրաժեշտ է դատարանի որոշումը:

Մինչդեռ, ինչպես հայտնում է TRT Haber-ը, Թուրքիայում սկսվել է փաստաթղթերի նախապատրաստումը Գյուլենի արտահանձնման վերաբերյալ դատավարության համար:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---