ԱՄՆ համալսարանականները դեմ են Հայոց ցեղասպանության ժխտմանը

ԱՄՆ համալսարանականները դեմ են Հայոց ցեղասպանության ժխտմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Բոստոնի Սաֆֆոլկի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ղեկավարությունը որպես խոսնակ հրավիրել է Հակադիֆամացիոն լիգայի ղեկավար Աբրահամ Ֆոքսմանին՝ հարուցելով ուսանողների զարմանքն ու դժկամությունը: «Քչերն էին սպասում, որ Հոլոքոսթը վերապրած մարդը կժխտի Հայոց ցեղասպանությունը և հենց ինքը հանդես կգա այդ հարցի շուրջ: Աբրահամ Ֆոքսմանը, լինելով մի կազմակերպության ղեկավար, որը հանդես է գալիս հակասեմիթականության ու ֆանատիզմի դեմ, առաջին հայացքից անթերի մարդ է թվում: Սակայն, 1915 թ. Հայոց ցեղասպանությունը չճանաչելու նրա ձգտումը, երբ 1,5 մլն հայ է սպանվել, և Կոնգրեսի կողմից Ցեղասպանության ճանաչման դեմ ծավալած նրա քարոզարշավը զարմանալի է»,-գրում է Asbarez-ը: Ֆոքսմանի հասցեին հնչած քննադատությունը պայմանավորված է նրանով, որ Հոլոքոսթը վերապրած մարդն այժմ ժխտում է մեկ այլ ժողովրդի հանդեպ կատարված նույնանման հանցագործությունը: Շատերը Սաֆֆոլքում չեն ցանկանում մասնակցել այս երեսպաշտությանը:

Ֆոքսմանի նշանակումից հետո ուսանողները դեմ եղան այդ որոշմանը: Ըստ համալսարանի Փաստաբանների ազգային գիլդիայի նախագահ Էմի Ուիլլիսի, «Սաֆֆոլկը կողմ է բազմակարծությանը, սակայն, անկասկած, նոր խոսնակը չի մարմնավորում է այդ արժեքները», հայտնում է Boston Globe-ը:

Այդ դիրքորոշումն իր արտացոլումը գտավ միջնորդության մեջ, որով առաջարկվում է հեռացնել Ֆոքսմանին հիմնական զեկուցողի պաշտոնից և զրկել նրան արդարադատության պատվավոր դոկտորի կոչումից, որը նա մտադիր է ստանալ: Որպես միջնորդության փաստարակ բերվում է Հայոց ցեղասպանության ժխտումը Ֆոքսմանի կողմից ու աջակցությունը մահմեդական ամերիկացիներին, ելնելով «ազգային անվտանգության շահերից»:

Asbarez-ը նշում է նաև, որ Թուրքիան առաջին երկիրն էր Մերձավոր Արևելքում, որը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Իսրայելի հետ և մնում է Արևմուտքի ռազմավարական դաշնակիցը: Ուստի ԱՄՆ-ն չի ցանկանում բեկել քաղաքականության նավը: Հեղինակը հիշեցնում է, որ երբ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն ընդգրկվեց 110-րդ գումարման Կոնգրեսի օրակարգում, նախագահ Բուշը հրապարակավ դեմ հանդես եկավ: Նա առաջինը չէր և նախագահ Օբամայի լռությունն այս հարցում ենթադրում է, որ վերջինն էլ չի լինի:

Ինչ վերաբերում է Աբրահամ Ֆոքսմանին, ապա նրա ընդդիմությունը Հայաստանին, իր իսկ խոսքերով, բխում է Իսրայելի դիրքորոշումից: «Մեր նպատակն է Իսրայելը: Եթե օգնելով Թուրքիային, մենք օգնում ենք Իսրայելին, ուրեմն դա այն է, ինչ պետք է անենք»,-միշտ կրկնում է Ֆոքսմանը: Ցավոք, Սաֆֆոլկի իրավաբանական դպրոցի համար Ֆոքսմանն ու ADL-ն առաջնորդվում են սեփական բարոյականությամբ: Ֆոքսմանը միտումնավոր կուրություն է դրսևորում հանուն քաղաքական նպատակահարմարության:

Ըստ Սաֆֆոլկի համալսարանի նախագահ Ջեյմս Մաքքարթիի, Ֆոքսմանն, անկախ ուսանողների բողոքներից, «արժանի է ճանաչման»: «Բացի այդ, համալսարանը հուսով է, որ Ֆոքսմանի կյանքը պետական ծառայության ասպարեզում կոգևորի մեր շրջանավարտներին պրոֆեսիոնալ կարիերայի հարցում»,-ասել է Մաքքարթին: «Սիրիական անապատում հանգչող մեռյալներն արժանի չեն մոռացության, սակայն հազիվ թե նրանց մասին հիշատակում գտնենք Ֆոքսմանի ելույթում: Ստացվում է, որ քաղաքականությունը մարդկայնության դեմ գործած ոճրագործության ճանաչումից կարևոր է»,-գրում է պարբերականը:

2007 թվականին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդիպեց ԱՄՆ հրեական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկեց Հայոց ցեղասպանության ժխտման հարցը: «Ժամանակ առ ժամանակ կարող են տարաձայնություններ լինել բարեկամների միջև, ինչպես, օրինակ, Հակադիֆամացիոն լիգայի կողմից ցեղասպանության ճանաչումը: Սակայն այդ հարցը չպետք է հիմք ծառայի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին թիվ 106 բանաձևի ընդունման համար: Մենք կարծում ենք, որ Թուրքիայի ու Հայաստանի միջև առկա հարցերը, կապված պատմության հետ, պետք է լուծեն երկու կողմերը, ոչ թե ԱՄՆ Կոնգրեսը կամ այլ երկրների խորհդարանները: Դա քաղաքական հարց չէ, իսկ կոնգրեսականները պատմաբաններ չեն: Եթե հրեական համայնքը, ԱՄՆ ու Կոնգրեսը ցանկանում են օգնել, ապա պետք է հաշտեցնեն Թուրքիային ու Հայաստանին ապագա սերունդների համար»,-ասել է հանդիպումից հետո ADL տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը:

1906 թվականին հիմնված Սաֆֆոլկի համալսարանը մասնավոր ուսումնական հաստատություն է, որն ուսումնասիրության շուրջ 70 ոլորտ է առաջարկում:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---