Թուրք լրագրողը վերահրատարակել է Մուսա լեռան պաշտպանության մասին գիրքը![]() 13 մայիսի 2014 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Հայտնի թուրք լրագրող ու հրատարակիչ Օսման Քոքերը հրատարակել է «Անթակիա, Իսկենդերուն, Մուսա-դաղ» գիրքը նոր խմբագրությամբ: Այն պատմում է լեռան հերոսական պաշտպանության մասին, ներկայացված են մինչև 1915-ի Օսմանյան կայսրությունում հայերի կյանքին վերաբերող լուսանկարներ բացիկների ու փաստաթղթերի կոլեկցիոներ Օռլանդո Կառլո Կոլումելոյի հավաքածուից: Ինչպես գրում է հայ-թուրքական «Ակոս» թերթը, գրքում ներկայացված են եզակի լուսանկարներ Ալեքսանդրետում, Անտիոքում և Մուսա լեռան ստորոտի գյուղերում հայերի կյանքի մասին: Օսման Քոքերը բերում է Ցեղասպանության ականատեսների վկայությունները, մասնավորապես՝ Մարաշի բողոքական եկեղեցու հովիվ Տիգրան Անդրեասյանի վկայությունը, որը մանրամասն նկարագրում է լեռան պաշտպանությունը: Մուսա լեռան պաշտպանության 44 օրից հետո ողջ մնաց 427 մանուկ, 628 պատանի և 508 աղջիկ: Նրանց բոլորին բարեհաջող կերպով տեղափոխեցին ֆրանսիական «Ժաննա դ՚ Արկ» ռազմանավով և այլ նավերով: 1915-ի սեպտեմբերի 14-ին 4058 հայ երկօրյա նավարկությունից հետո ժամանեց Եգիպտոսի Պորտ Սաիդ նավահանգիստ: Նրանց ժամանակավորապես թույլ տվեցին մնալ ճամբարում, մինչև որ ապաստան գտնեն: 1921-ին ոմանք վերադարձան Ալեքսանդրետ, որը ֆրանսիական մանդատի տակ էր, սակայն ֆրանսիացիների հեռանալուն պես նույնպես հեռացան: 1939-ից ի վեր նրանք ապրում են Հաթայ գավառի Թուրքիայի միակ Վակըֆի հայկական գյուղում: Առաջին անգամ Քոքերն աչքի ընկավ Ստամբուլում իր աննախադեպ «Սիրելի եղբորս» ցուցահանդեսով, որտեղ ներկայացվեցին կոլեկցիոներ Կալումենոյի լուսանկարներն Օսմանյան կայսրությունում հայերի կյանքի մասին մինչև 1915 թվականը: Ցուցահանդեսը ցուցադրվել է Փարիզում, Մյունխենում, Քյոլնում, Ֆրանկֆուրտում ու Երևանում: Քոքերը նաև «Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» գրքի հեղինակն է, որի հարյուրավոր լուսանկարները պատմում են, թե որտեղ և ինչպես են ապրել հայերը Օսմանյան կայսրությունում մինչև Ցեղասպանությունը: 1996-ին Քոքերը մասնակցել է Agos և Araz հայ-թուրքական օրաթերթերի հրատարակչության ստեղծմանը, որտեղ նաև հայերեն գրքեր են տպագրվել, թարգմանված թուրքերենից հայերեն: Օսման Քոքերը կայսրության սուլթանների հայտնի ճարտարապետ, ծագումով հայ Սինանի ընտանիքից է: «Մուսա լեռան 40 օրը» վեպն առանձնակի տեղ է գրավում Վերֆելի ստեղծագործությունների մեջ։ Ստեղծագործության համար հիմք են ծառայել 1915 թ. Կիլիկիայի Սուեդիայի շրջանի հայության հերոսական պայքարը թուրքական ջարդարարների դեմ։ Երբ տեղի թուրքական իշխանությունները փորձեցին ի կատար ածել հայության տարհանման հրամանը, հայերը որոշեցին դիմադրություն ցույց տալ՝ բարձրանալով Մուսա լեռ, որտեղ և կազմակերպեցին ինքնապաշտպանություն՝ 53 օր շարունակ հաջողությամբ հետ մղելով թուրքական զորքերի հարձակումները։ Վեպը գրելիս Վերֆելը օգտագործել է ականատեսների վկայություններ, լրատվական նյութեր, ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունը, կրոնն ու մշակույթը։ Վեպը մեծ հաջողություն է ունեցել ընթերցողների շրջանում, 1934 թ. արժանացել է տարվա լավագույն վեպի միջազգային մրցանակին և այսօր էլ համարվում է Վերֆելի առանցքային ստեղծագործություններից մեկը։ Թարգմանվել է աշխարհի ավելի քան 20 լեզուներով, այդ թվում և հայերեն։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Ֆրանց Վերֆելը կազմակերպում է պացիֆիստների ընկերություն, թեև պատերազմի բռնկումից հետո զորակոչվում է բանակ՝ 1915-17 թթ. կռվելով արևելյան ճակատում։ 1938 թ. Ավստրիայի ֆաշիստական օկուպացումից (Անշլյուս) հետո ստիպված է լինում տեղափոխվել Ֆրանսիա (Սանարի-Սյուր-Մեր), այնուհետև՝ 1940 թ. կնոջ և գրող Հենրիխ Մաննի ու նրա ընտանիքի հետ Ֆրանսիայից անցնում է Իսպանիա ու Պարտուգալիա, այնտեղից էլ՝ ԱՄՆ։ 1941թ. դառնում է ԱՄՆ քաղաքացի։ Վերֆելը հանկարծամահ է եղել 1945 թվականի օգոստոսի 26-ին՝ ԱՄՆ-ի Բևեռլի Հիլզում։ Հետագայում նրա աճյունը երախտագետ մի խումբ հայերի կողմից փոխադրվել է Վիեննա և հանձնվել հողին: Ալեքսանդրետի սանջակը Ալեքսանդրետ քաղաքին հարող մարզի նախկին անվանում է (այժմ Թուրքիայի Հաթայ վիլայեթը): XI-XIV դարերում Ալեքսանդրետի սանջակի տարածքի զգալի մասը մտել է Կիլիկիայի հայկական պետության կազմի մեջ։ Տարածությունը՝ 5 հազար կմ2։ Որպես Սիրիայի մի մասը, Ալեքսանդրետի սանջակը 1915-1918 թվականներինին Օսմանյան կայսրության կազմում էր։ 1918 թվականի նոյեմբերին օկուպացրել են անգլիացիները, հետո՝ ֆրանսիացիները։ Այստեղ է գտնվում Մուսա լեռը, ուր 1915 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին տեղի է ունեցել հայերի ինքնապաշտպանական հերոսամարտը։ 1920 թվականին Ալեքսանդրետի սանջակը մտցվել է Ֆրանսիայի մանդատին հանձնված Սիրիայի կազմի մեջ։ 1937 թվականից, ձևականորեն մնալով Սիրիայի կազմում, Ալեքսանդրետի սանջակը անցել է Ֆրանսիայի և Թուրքիայի համատեղ հսկողության տակ։ 1938 թվականին այստեղ ստեղծվել է Հաթայի ինքնավար պետությունը։ 1939-ի հունիսին վերջինս միացվել Է Թուրքիային։ Տեղի հայ բնակչությունը (մոտ 40 հազար) հուլիսի 16-23-ը հեռացել է և հաստատվել Սիրիայում, Լիբանանում։ Հեռացել է նաև 20 հազար արաբ։ Սիրիան չի ճանաչել այդ անեքսիան: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |